HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ստեփանյան․ «Ավազանկարչությունը պիտի միքսված լինի թատրոնի հետ»

«Ավազանկարչությունն ի սկզբնե լույս ու ստվեր է: Մենք նկարում ենք կամ լույսով ստվերի վրա, կամ՝ հակառակը: Ամեն մեկն իր խորհրդանշական իմաստն ունի»,- ասում է բեմանկարիչ Լիլիթ Ստեփանյանը։

Լիլիթն արդեն 5 տարի նկարում է ավազի վրա: Այսօր նկարչության մյուս բնագավառները նրա համար, կարծես թե, ասպարեզից դուրս են մնացել, քանի որ իր խոսքով՝ կյանքն առանց ավազանկարչության այլևս չի պատկերացնում:

Լույսի ու ստվերի հետ աշխատանքն իր առանձնահատկություններն ունի: Հենց դրանցով է պայմանավորված ավազանկարչության շոուի կազմակերպումը։  «Օրինակ, եթե լուսավոր կերպար եմ նկարում, հնարավորինս լույսով եմ անում, եթե վտանգ եմ ուզում պատկերել, ստվերոտ եմ անում: Շոուի բուն էությունն այն է, որ պիտի հնարավորինս արագ շարժումներով ստանաս պատկերներ, որ հանդիսատեսը բավականություն ստանա»,- ասում է Լիլիթը:

Նա ասում է, որ այս ժանրը նկարչություն է այստեղ ու հիմա: Ի տարբերություն արվեստի մյուս ճյուղերի՝ ավազանկարչության ժամանակ հնարավորություն կա տեսնելու, թե հեղինակն ինչպես է փոխակերպում մի պատկերը մյուսով՝ ստանալով բովանդակալից սյուժե։

«Տրանսֆորմացիան իրականացվում է հենց մեր աչքի առաջ, երբ նկարները իմաստային առումով մեկը մյուսին շարունակում են: Օրինակ` նկարեցինք ծառի ճյուղ և ուզում ենք ցույց տալ, թե ինչ-որ մեկը դեռ նոր է սկսում իր ճանապարհը: Մենք կարող ենք այդ ծառի ճյուղը դարձնել այդ մարդու սիլուետը. ավազը մեզ տալիս է այդ հնարավորութունը: Ուստի, կարողանում ենք մի սիմվոլը փոխարինել մյուսով»,-ասում է Լիլիթը:

«Ավազանկարչությունը պիտի լինի միքսված թատրոնի հետ»

Հայաստանում ավազանկարչությունը մեծ տարածում չունի, Լիլիթի խոսքով՝ եղած մասնագետները քիչ են ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար: Իր նկարիչ ընկերները թերահավատորեն են մոտենում արվեստի այդ ճյուղին: Վստահեցնում է՝ որքան էլ այն հեշտ թվա, միևնույնն է, պահանջում է նկարչական հիմնային գիտելիքներ, մատիտով նկարելու ունակություն:

«Մարդիկ տեղեկացված չեն, որ Հայաստանում նման բան գոյություն ունի: Զարգանալը ես պատկերացնում եմ այնպես, որ ավազանկարչությունը հարսանեկան շոուներից ու տարբեր կորպորատիվ միջոցառումների շրջանակներից դուրս գա դեպի բեմ, լինի միքսված թատրոնի հետ, երաժշտության հետ, որն արտերկրում շատ ակտիվ օգտագործվում է, նամանավանդ նվագախմբերի համերգների հետ զուգահեռ, երբ նկարիչը բեմում նկարում է, իսկ երաժիշտները նվագում են: Հայաստանում նախ մշակութային ոլորտը պիտի զարգանա, ֆինանս լինի, տեխնիկական հագեցվածություն»,-ասում է Լիլիթը:

Ժանրը օգտակար է երեխաների համար

Ավազի հետ աշխատելը օգտակար է մի քանի առումով՝ հանգստի, հիշողության բարելավման, կենտրոնացման, ստեղծագործական մակարդակի բարձրացման: Ինչպես Լիլիթն է մանրամասնում՝ այն խթանում է մասնավորապես երեխաների զարգացումը, սակայն ծնողների մեծ մասը, ցավոք, տեղյակ չէ դրա մասին. «Ավազով նկարելը զարգացնում է մանր մոտորիկան (ձեռքերի շարժումները), իսկ այն էլ իր հերթին կապ է ստեղծում ուղեղի հետ, զարգացնում է տեսողական հիշողությունը. երեխան նայում է էկրանին, թե ինչ եմ նկարել ու կրկնում է սեղանի վրա: Շեշտը դրվում է երեխայի ստեղծագործական ազատության վրա: Քանի որ մենք առանց միջնորդող գործիքի ենք նկարում, ուստի երեխան կարող է նկարել ինչպես ուզում է՝ բռունցքով, ճկույթով, ափով»:

Ավազանկարչությունն ի սկզբանե անիմացիայի միջոց է

«Այս պահին ես ավազանկարչությունը տանում եմ դեպի անիմացիա, ու մենք հնարավորություն ունենք մեր աշխատանքներով ստեղծել անիմացիոն մուլտֆիլմեր»,- ասում է Լիլիթը՝ միաժամանակ անդրադառնալով միջազգային փորձին՝ կապված ցուցահանդեսների հետ: Հավատում է, որ առողջ մրցակցություն կարող է լինել միայն որակյալ մասնագետների առկայության դեպքում. «Այլ երկրներում շրջիկ ձևով կազմակերպվում են ավազանկարչության ցուցահանդեսներ: Այսպես, ավազով նկարված նկարները տպագրվում են, լուսանկարի տեսքով շրջում են տարբեր քաղաքներով և ցուցադրվում: Հայաստանում ուզում եմ ներմուծել նման պրակտիկա, ուզում եմ ՝ հնարավորինս շատ լինեն ավազով նկարող մարդիկ»:

Նախագիծ՝ հանուն Team building-ի զարգացման

Նկարչուհին պատմում է, որ մեծահասակների համար ավազանկարչության դասերը հիմնականում ընկալվում են որպես լիցքաթափման գործիք, քանի որ իրենց մեջ ներառում են նաև թերապևտիկա: Երեկոներն էլ սովորաբար համեմում են գինով: Իսկ այս պահին Լիլիթը մտածում է իրագործել մի ծրագիր, որն, իր խոսքով, Հայաստանում երբևէ չի եղել:

«Շատ եմ ուզում այս գաղափարը կյանքի կոչել: Մեզ մոտ այն առաջին անգամ է կիրառվելու ավազանկարչության ասպարեզում: Ծրագրավորման, բանկային կազմակերպությունների համար ունեմ Team building-ի նախագիծ: Նպատակն այն է, որ սեղանի վրա ավազանկարչությամբ զբաղվելը նպաստի նրանց միջանձնային հարաբերությունների բարելավմանը և օգնի ստեղծել միասնական մթնոլորտ»,- ասում է Լիլիթը:

Նելլի Պետրոսյան

ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Մեկնաբանություններ (1)

Մերրի Սուքիասյան
Շատ հաճելի և օգտակար աշխատանք։ Կխնդրեի հարգելի Լիլիթ Ստեփանյանին կապ հաստատել ինձ հետ։094157338

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter