HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր հարկադիր կատարողը առաջին աշխատանքային հանդիպումն է ունեցել ծառայության ղեկավար կազմի հետ

Հունիսի 18-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի առաջին աշխատանքային հանդիպումը ծառայության ղեկավար կազմի հետ: Այս մասին տեղեկացնում է ԴԱՀԿ-ն։

Խորհրդակցության մեկնարկին, նախքան սահմանված ընթացակարգով քննարկվելիք հարցերին անդրադառնալը, Հակոբ Հակոբյանը ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել  արդարադատության նախարարի հրամանով նշանակված գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներ, արդարադատության գնդապետ Լևոն Արտաշեսյանին, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանին և գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանին: Գլխավոր հարկադիր կատարողը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին տեղակալ Գագիկ Միրիջանյանին՝ ծառայությունում երկարամյա, պատասխանատու  աշխատանքի համար:

Խորհրդակցության ընթացքում գլխավոր հարկադիր կատարողը, անդրադառնալով նոր ձևավորված կառավարության գործունեությանը, որն իր առջև երկրում էական բարեփոխումներ կատարելու խնդիր է դրել, նշեց, որ Հարկադիր կատարման ծառայությունը պետք է ունենա իր կարևորագույն դերն ու նշանակությունը որդեգրած այդ քաղաքականության մեջ, և ծառայությունը պետք է աշխատի այնպես, որ կարճ ժամանակում արդյունքը տեսանելի լինի քաղաքացիների համար:

Գլխավոր հարկադիր կատարողը ծառայության առջև դրված առաջնահերթ խնդիրներից է համարում կատարողական վարույթների քանակի էական կրճատումը և դրանց որակի բարձրացումը: Նա կարևորել է օրենքով սահմանված կարգով բաց, թափանցիկ աշխատանքը: Հակոբ Հակոբյանը խիստ ուշադրություն է հրավիրել ծառայությունում գործող թեժ գծի օպերատիվ արձագանքին՝ ընդգծելով դրա աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացման անհրաժեշտությունը:

Հակոբ Հակոբյանը հատուկ ուշադրություն է հրավիրել աշխատանքային կարգապահության, այդ թվում՝ հարկադիր կատարողների համազգեստի կրման և այլ աշխատանքային ընթացիկ գործունեության վրա: Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարկադիր կատարողը, Հարկադիր կատարման ծառայությունը շատ լուրջ պատասխանատվություն են կրում մեր երկրի, կառավարության և ժողովրդի առջև: Մեր աշխատանքը պետք է ուղղված լինի Ծառայության գործունեության թափանցիկության շարունակական բարձրացմանը, որևէ բացասական երևույթի արգելմանն ու կոռուպցիոն որևէ ռիսկի բացառմանը: Հարկադիր կատարողի առաքելությունը արդարադատության վերջին փուլի ի կատար ածումն է, և մենք դա պետք է անենք սպայական բարձր պատասխանատվության զգացումով: Ծառայության՝  մինչ օրս արձանագրած հաջողությունները նոր երկրում և նոր պայմաններում առավել արագ են առաջընթաց արձանագրելու»:

Խորհրդակցության շրջանակում Հակոբ Հակոբյանը մի շարք հանձնարարականներ է տվել ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին և նշել, որ պատասխանատու ղեկավարները սեղմ ժամկետում պետք է զեկուցեն տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Եզրափակելով խորհրդակցությունը՝ գլխավոր հարկադիր կատարողը բարի ծառայություն է մաղթել բոլորին՝ հորդորելով միասնական հաղթահարել ծառայության առջև դրված խնդիրները և իրենց գործունեությամբ նպաստել  կառույցի հեղինակության շարունակական բարձրացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter