HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մանվել Գրիգորյանը փորձում է խոչընդոտել գործի ընթացքին․ գլխավոր դատախազը ներկայացրեց միջնորդագրերը

Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրերը։ Նիստին ներկա է 81 պատգամավոր։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանը իրեն նամակով դիմել է, որ հրաժարվում է մասնակցել միջնորդագրերի քննարկմանը։ Միջնորդագրերը ներկայացրեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մանվել Գրիգորյանը, ապօրինի կերպով ձեռք բերելով մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք, պահել է դրանք իրեն պատկանող առանձնատներում, շինություններում։ 

Ըստ Դավթյանի՝ Մանվել Գրիգորյանը հունիսի 5-ից սկսած ընտանիքի անդամների, ինչպես նաև այլ անձանց մասնակցությամբ սկսել է տեղափոխել, փոխադրել հրազեն հանդիսացող առարկաները տարբեր վայրեր՝ «մաքրելու» նպատակով: Սակայն հունիսի 16-ին օրենքով իրականացված խուզարկություններով Գրիգորյանին պատկանող կամ նրա փաստացի տիրապետության տակ գտնվող առանձնատներում, ավտոմեքենաներում, շենքերում, շինություններում կատարվել են 6 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են մեծ քանակությամբ նռնակներ, հակատանկային ականանետներ, տրոիլային պայթաղյուսներ, ավելի քան 17.000 տարբեր տրամաչափի փամփուշտ, այլ ռազմամթերք ու հրազեն: Խուզարկությամբ հայտնաբերվել է նաև 71.760.000 ՀՀ դրամ, 80.000 ԱՄՆ դոլար, 67.350 եվրո, 246.500 ուկրաինական արժույթ: Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերվել է նաև 33 տրանսպորտային միջոց։

Գլխավոր դատախազն ասաց` նախաքննության տվյալներով պարզ է դարձել, որ Գրիգորյանը ձերբակալվելուց հետո կապ է հաստատել որդու հետ և հրահանգել, որ Արմեն Հակոբյանը ներկայանա խուզարկության վայր և հայտարարի, որ հայտնաբերված զենք-զինամթերքն իրենն է, ինչն էլ Հակոբյանը երեսուն րոպե անց արել է։ Դավթյանն անդրադարձավ նաև hանրապետության մի շարք համայնքների դպրոցներից ուղարկված ծանրոցներին, որոնք այդպես էլ չեն հասել հասցեատիրոջը՝ զինծառայողներին։ Դավթյանն անգամ ընթերցեց դպրոցականներից մեկի՝ զինծառայողին հասցեագրված նամակը, որոնք կցված են գործին։

Դավթյանի խոսքով՝ ՊՆ-ն ԵԿՄ-ին տրամադրել է սնունդ, հանդերձանք և այլ պարագաներ՝ թե՛ կանոնադրական նպատակների իրականացման, թե՛ ապրիլյան պատերազմին մասնակցած կամավորականների կարիքները հոգալու համար, սակայն գույքը հափշտակվել է Գրիգորյանի կողմից և տեղափոխվել իրեն պատկանող տարածք։

«Միջնորդում եմ համաձայնություն տալ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել,  Գրիգորյանին ներգրավել որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրել»,- ասաց Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ անհրաժեշտություն կա Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցն ընտրել կալանավորումը։

Դավթյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի՝ ազատության մեջ մնալը կխոչընդոտի նախաքննության ընթացքին, քանի որ Գրիգորյանն արդեն իսկ քայլեր է ձեռնարկել միջամտելու գործին։ Ըստ գլխավոր դատախազի՝ Գրիգորյանը հունիսի 16-ին մեկ այլ անձի հեռախոսով կապ է հաստատել որդու հետ և հրահանգել, որ Արմեն Հակոբյանը հայտարարի, որ ինքն է ապրիլյան պատերազմից հետո այդ ծանրոցները տեղափոխել իրեն պատկանող տարածքներ։ Դավթյանը միջնորդեց, որ խորհրդարանը կալանավորելու որոշում կայացնի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter