HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն․ Զոհրաբյան․ «Մանվել Գրիգորյանն առաջին հերթին պետք է պատասխան տա զոհված զինվորների ծնողների առաջ»

«Արցախի բարձրագույն կոչում ստացած անձը շարքային գող է»։ Այս մասին ԱԺ ամբիոնից իր ելույթում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու մասին։

Հիշեցնենք, որ խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան ազատությունից զրկելու գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրերը։

«Ես մշտապես հարգել եմ անմեղության կանխավարկածը և հիմա էլ հարգում եմ, սակայն կարծում եմ բոլորդ կհամաձայնեք, որ գործ ունենք դիակապտության հետ, Արցախի բարձրագույն պարգև ստացած անձը շարքային գող է, ով կարող է թույլ տալ գողանալ զինվորի հացը»,- ասաց Զոհրաբյանը։

Պատգամավորի ելույթի ժամանակ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ և մասնավորապես կանայք դուրս եկան նիստերի դահլիճից, ինչից Զոհրաբյանը վրդովվեց։

«ՀՀԿ-ական պատգամավորների դահլիճը լքելը, հատկապես՝ կանանց, ովքեր մայր են, ովքեր պիտի որ ցավ զգային, որ զինվորի հացը գողանում է իրենց խմբակցության անդամը, խոսում է այն մասին, որ իրենք կրում են քաղաքական պատասխանատվություն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորը հայտարարեց, որ այդ ամենը մեկ-երկու օրվա կատարված չէ, այն երկար տարիների ամենաթողության արդյունք է։

«Երբ մի անձ ֆեոդալական կարգեր է հաստատել իր ռեգիոնում, բնակիչներին էլ սարքել իր պատանդները, ճորտերը, առնվազն տարակուսելի է, իրավապահ համակարգը չի իմացել առաջնագծի համար նախատեսված շտապօգնության մեքենաների և ամենագնացների կողոպուտը», - ասաց Զոհրաբյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ առաջնագիծ էին գնացել պատգամավորներով, հրամանատարները խնդրում էին, որ դիմեն բարերարներին՝ առաջնագիծ ուղարկեն ամենագնացներ և շտապօգնության մեքենաներ։

«Այն ամենագնացների, որոնք տեսանք Մանվել Գրիգորյանի առանձնատներում․ Մանվել Գրիգորյանը պիտի պատասխան տա և առաջին հերթին զոհված զինվորների ծնողների առաջ, այն զինվորները որոնք փամփուշտ չունեին և զոհվեցին, կարծում եմ՝ դրա մեղավորությունը նաև օրեր առաջ այստեղ նստած «Արցախի հերոսինն է»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորը վստահեցրեց՝ Մանվել Գրիգորյանը միայնակ չէ այդ ամենն արել, երկրում շատ կան մանվել գրիգորյաններ, նրանցից յուրաքանչյուրը պետք է պատասխան տա։

Զոհրաբյանը հիշեցրեց Մանվել Գրիգորյանի՝ տարիներ առաջ հնչեցրած ելույթը, որ նա ասում էր՝ մեխն էլ է ձեր ձեռքը, մուրճն էլ։

«Մենք սամասուդի կոչ չենք անում, մուրճն էլ, մեխն էլ օրենքի ձեռքում  է և ակնկալում ենք, որ բոլոր մանվել գրիգորյաններն իրենց արժանի պատիժը կստանան», - ասաց նա։

Զոհրաբյանն ասաց, որ եթե Մանվել Գրիգորյանը փորձելու է վերականգնել իր բարի համբավը, ինչպես դիմում է դրել, ապա սպա Մանվել Գրիգորյանը մի տարբերակ ունի, եթե «այդքան դուխ ունի»։

«Կարծում եմ՝ հասկացաք ինչ նկատի ունեմ»,- եզրափակեց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter