Շաբաթ, 22 սեպտեմբերի

Նախնական տվյալներով՝ Էջմիածնի համայնքապետարանում ստուգումներ կիրականացվեն բոլոր ուղղություններով



Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ մարզպետարանում աշխատանքային քննարկումների ժամանակ արդեն տվել է հանձնարարականներ Էջմիածնի համայնքապետարանում ստուգումներ իրականացնելու վերաբերյալ: Մարզպետի խոսքով՝ համայնքապետարանում ստուգումներ կարող են իրականացվել բողոքների հիման վրա, եթե իհարկե չկան պլանային ստուգումներ, իսկ Էջմիածնում եղել են նման բողոքներ:

Մարզպետը տեղեկացրեց, որ համայնքի ավագանու կողմից քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականն ընդունելուց հետո նշանակվելու է ժամանակավոր պաշտոնակատար և մարզպետարանը դիմելու է վերջինիս, որպեսզի տրամադրվեն բարձրաձայնված հարցերի պատասխանները:

Տեղեկացնենք, որ քիչ առաջ Էջմիածնի ավագանին միաձայն որոշեց ընդունել Կարեն Գրիգորյանի հրաժարականը:

Մարզպետն ասաց, որ նախնական տվյալներով համայնքապետարանում ստուգումներ իրականացվելու են բոլոր ուղղություններով՝ ֆինանսական, հողահատկացման, քաղաքաշինական, կրթական, առողջապահական և այլն:

«Նամակով կդիմենք քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին, եթե լինեն, իհարկե խնդիրներ, այս պահին չեմ կարող ասել, նա բարձրաձայնի այդ մասին, ստուգման թեման կփակվի, այսինքն՝ չենք գնա ինքնանպատակ ստուգումների, պետական ռեսուրս չի ծախսվի»,- ասում է Գագիկ Միրիջանյանը:

Մարզպետից հետաքրքրվեցինք՝ Էջմիածնից բացի, հնարավո՞ր է այլ համայնքներում ևս ընդվզումներ լինեն:

«Իհարկե՝ այո: Առաջին իսկ օրվանից արդեն կան ընդվզումներ: Ես բազմիցս հայտարարել եմ, որ ցանկացած կողմին պատրաստ եմ լսել և կառուցողական մոտեցում ցուցաբերել: Այս պահին փոքր ընդվզում կա Արմավիր քաղաքում: Ես երիտասարդներին չեմ կարող հորդորել գալ ինձ մոտ, բայց այսօր հայտնեցին, որ ցանկություն ունեն ինձ հետ հանդիպելու, պատրաստ եմ ընդունել նրանց, զրուցել»,-ասաց Գ. Միրիջանյանը:

Գագիկ Միրիջանյանն ասում է, որ ընդվզումներով, բողոքի ակցիաներով ժողովուրդն իր դժգոհությունն է արտահայտում այս կամ այն երևույթի նկատմամբ, և այս պահին այլ կարծիք չունի դրա վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Կարեն Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 18-ին: «Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով», - ֆեյսբուք էջում գրել էր Կ. Գրիգորյանը: Հրաժարականից առաջ ԱԱԾ-ն նրա հոր՝ Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատներում խուզարկություն էր կատարել եւ հրապարակել՝ տեսանյութ։ Իսկ դրանից առաջ՝ մի քանի օր շարունակ էջմիածնեցիները պահանջում էին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը։ 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ