HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզպետարանում կադրային փոփոխություններ են սպասվում

Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Արմավիրի մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2012թ. օգոստոսին: Մինչ այդ 6 տարի եղել է մարզպետի խորհրդականը:

Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր արդեն 14 տարի՝ 2004 թվականից: Առաջիկայում աշխատանքից ազատվելու դիմումներ կներկայացնեն նաև մի շարք վարչությունների պետեր ևս:

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ կադրային ջարդ չի իրականացնելու, սակայն աշխատանքից ազատվողներ կլինեն, և այդ ամենը սկսվելու է վարչության պետերից:

«Աշխատանքից կազատվեն այն մարդիկ, ովքեր, զգում եմ, իմ հետ չեն կարողանա աշխատել և նրանց աշխատանքի ոճն իմ դուրը չի գալիս», - ասում է մարզպետը:

Գագիկ Միրիջանյանն ասում է, որ  2-3 թիմակից, որոնց հետ նախկինում աշխատել է, ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով առաջիկայում կգան մարզպետարան: Վերջիններս կաշխատեն մինչև օրենքով սահմանված կարգով թափուր պաշտոնների համար մրցույթների հայտարարվելն ու հաղթողների նշանակումը: Գ. Միրիջանյանն ասում է՝ կաշխատի բոլոր այն մարդկանց հետ, ովքեր կհաղթեն մրցույթում:

Ամենայն հավանականությամբ աշխատանքից ազատվելու դիմումներ կգրեն նաև Արմավիրի մյուս տեղակալները նույնպես: Գագիկ Միրիջանյանն ասում է, որ փոխմարզպետներին աշխատանքից ազատելն ու նշանակումը իր լիազորությունների շրջանակում չէ, սակայն հակված չէ աշխատել գործող փոխմարզպետների հետ:

լուսանկարում՝ Գայանե Սայադյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter