HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գագիկ Միրիջանյան. «Մարզպետի ֆունկցիաների մեջ է մտնում իր աշխատաոճով բացառել կոռուպցիան»

«Հետք»-ի հարցերին պատասխանում է Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը

Պարոն Միրիջանյան, մասնագիտությամբ բժիշկ եք, ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքականություն և զբաղեցնել մարզպետի պաշտոնը:

Ես միշտ հավատարիմ եմ եղել ու կլինեմ իմ հիմնական մասնագիտությանը՝ բժշկությանը։ Բոլորս գիտենք, որ բժշկի մասնագիտությունը մարդակենտրոն մասնագիտություն է։ Իսկ այսօր համապատասխան քաղաքականություն է իրականացվում նաև մեր իշխանությունների կողմից։ Այժմ քաղաքական բոլոր գործընթացները միտված են հասարակական-քաղաքական մթնոլորտն առողջացնելուն, մարդկանց կյանքի որակը բարելավելուն, նրանց մոտ վաղվա օրվա հանդեպ հավատ և վստահություն արթնացնելուն։ Այս գիտակցումով էլ ընդունել եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից համապատասխան առաջարկությունը՝ վստահ լինելով, որ կարող եմ արդարացնել ի պաշտոնե ինձ վերապահված գործառույթների կատարումը՝ հանուն Արմավիրի մարզի զարգացման և բնակչության կենսամակարդակի բարելավման։

Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր առաջին քայլերը մարզպետի պաշտոնում: Երբևէ առնչվե՞լ եք ոլորտին:

Նախ ասեմ, որ ես կառավարման ոլորտի աշխատանքային բավականին փորձ ունեմ, որն ինձ միայն օգնելու է այս պաշտոնում։ Իսկ այսօր արդեն լիովին պատկերացնում եմ մարզպետի գործառույթները, հասցրել եմ ծանոթանալ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքին,  ոլորտային հիմնական խնդիրներին և ընթացիկ հարցերին։

Այդ պաշտոնում ինչի՞ց եք սկսելու:

Արդեն ասել եմ, որ առաջիկա օրերին ընդհանուր ծանոթության փուլն ավարտելուց հետո այցելելու եմ  համայնքներ։ Տեղերում ծանոթանալու եմ առկա խնդիրներին, բնակչության մտահոգություններին, որին էլ հաջորդելու են դրանց լուծման հնարավոր ուղիների որոնումը։ Կայցելեմ նաև առողջապահական, կրթական հաստատություններ, պատմամշակութային վայրեր, հանդիպումներ կունենամ տարբեր ոլորտներ ներկայացնող խմբերի, այդ թվում` գործարարների, ներդրումային քաղաքականությամբ հետաքրքրված անձանց և առանձին անհատների հետ։

Հավելեմ, որ մեծ ուշադրություն եմ դարձնելու նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, մթերման, ոռոգման աշխատանքների կազմակերպման գործընթացներին և անելու եմ հնարավորը` այս աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար:

Եվս մեկ առաջնահերթություն պետք է նշեմ, այն է` կոռուպցիոն երևույթների դեմ պայքարն ու  դրանց վերացումը մեր իրականությունից:

Իշխանափոխությունից հետո ավելի են ակտիվացել խոսակցությունները, որ մարզպետարանի որոշ պաշտոնյաներ կոռումպացված են: Ձեզ նման տեղեկատվություն հասե՞լ է, ինչպե՞ս եք նրանց հետ աշխատելու:

Կարծում եմ, մարզպետի ֆունկցիաների մեջ է մտնում իր աշխատաոճով բացառել կոռուպցիան: Եթե կան նախկին դեպքեր և կան հստակ փաստեր, խնդրեմ՝ կան իրավապահ մարմիններ: Այսօր դուք էլ եք տեսնում իրավապահ մարմինների անաչառությունը, թող դիմեն իրավապահ մարմիններին և ես ինքս կողմ կլինեմ, որ կոռուպցիան վերանա մարզից:

Ձեզ նման տեղեկություններ հասե՞լ են:

Այս փուլում՝ ոչ: Ինչ էլ ունեմ, դա գաղտնիք է, չեմ կարող հրապարակել:

Այսինքն՝ նման տեղեկատվություն ստացել եք:

Բանավոր և ասեկոսեների մակարդակի դեռ, որն էլ որ հիմնավոր գիտեմ կա կոռուպցիա, հաստատ իրավապահ մարմինները զբաղվելու են:

Մարզում տարիներ շարունակ օտարվել են նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասեր: Դուք այդ մասին տեղեկություններ ունե՞ք, և հանձնարարական տվե՞լ եք, որպեսզի ուսումնասիրվեն, թե ինչպես է տնօրինվել և օտարվել պետական սեփականությունը:

Գլոբալ բոլոր հանձնարարականները կլինեն համայնքային այցելություններն ավարտելուց հետո: Պետք է գույքագրեմ բոլոր խնդիրները, դրանից հետո անպայման լինելու է նման հանձնարարական, բայց չեմ բացառում, որ ընթացիկ հանձնարարականներ նույնպես կլինեն: Մասնավորապես՝ արդեն պահանջել եմ հողի հարկի տվյալները, այդտեղից ես արդեն կհասկանամ, թե ինչպիսի սեփականության տեսակներ ունենք՝ պետական, ոչ պետական և այլն: Շատ հնարավոր է, չեմ բացառում, որ այդ հարցը նույնպես բարձրացվի:

Ինչ վերաբերում է հողին, ես մաքսիմալ ուշադիր եմ լինելու, որովհետև իմ առաքելություններից մեկն էլ այն է, որ կարողանանք իդեալական, անթերի բիզնես դաշտ ստեղծել: Այդ պոտենցիալը մարզն ունի: Պետք է արտասահմանյան գործարարներին խնդրենք գալ մարզ և գյուղատնտեսությունը փորձենք զարգացնել: Այնպես որ այս պահին փաստում եմ, որ այդ խնդիրը կարող է առաջանալ և իմ լիազորությունների սահմաններում լուծում կտրվի:

Մարզն ունի բազմաթիվ խնդիրներ՝ անմխիթար ճանապարհներ, անբավարար գյուղտեխնիկա, չգործող մանկապարտեզներ, մշակույթի տներ: Ձեզ համար առաջնահերթություններ կա՞ն, թե ինչպես զարգացնել հատկապես գյուղական բնակավայրերը:

Համամիտ եմ Ձեզ հետ, մենք մարզում բազում խնդիրներ ունենք, որոնց աշխատելու ենք աստիճանական լուծում տալ։ Որպես առաջնահերթություն՝ գյուղական բնակավայրերի համար ես կառանձնացնեմ սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը, այդ թվում՝  համայնքային կենտրոնների, մանկապարտեզների, միջնակարգ դպրոցների շենքային և գույքային պայմանների, խմելու ջրի մատակարարման ցանցերի, ճանապարհների, աղբահանության ծառայությունների բարելավումը։

Ուսումնասիրելով համայնքների հնգամյա զարգացման ծրագրերը`  տպավորություն է ստեղծվում, որ դրանք գրվել են մեկ մարդու կողմից և միայն համայնքների անուններն են փոխվել: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու զարգացման ծրագրերն ավելի իրական դարձնելու և դրանց իրագործելու ուղղությամբ:

Անկեղծ ասեմ, որ ես դեռ չեմ հասցրել ծանոթանալ համայնքների հնգամյա զարգացման ծրագրերին` զուտ ժամանակի սղությամբ և դրանց ծավալով պայմանավորված: Խոստանում եմ ուսումնասիրել դրանք, համապատասխան աշխատանքներ իրականացնել Ձեր կողմից նշված խնդիրները վերացնելու, միգուցե, այդ ծրագրերին բովանդակային նոր իմաստ հաղորդելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter