ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Խաչփարում ամենաբերրի հողերն են, բայց դրանց մի մասը չի մշակվում ջուր չլինելու պատճառով



Մասիսի տարածաշրջանի Խաչփար համայնքում 100 հա-ից ավելի հողատարածք չի մշակվում ոռոգման ջուր չունենալու պատճառով: Սա նշանակում է, որ 250 ընտանիք զրկված է ապրուստի նվազագույն հնարավորությունից: Նշված 100 հա-ի մի մասը տնամերձ հողամասերն են, մյուս մասը՝ սեփականաշնորհված դաշտավայրերը:

Գյուղի վարչական տարածքը 314 հա է, որից 101 հա տնամերձ հողամաս է, 197 հա-ը՝ գյուղնշանակության հող: Խաչփարը Արարատի մարզի եզակի գյուղերից է, որտեղ այգեգործությունից ու բանջարաբուծությունից բացի, զբաղվում են նաեւ հացահատիկային կուլտուրաների մշակությամբ: Մշակվող հողատարածքների տերերն էլ դժգոհում են ցածր բերքատվությունից, որի պատճառը սակավաջրությունն է:

«Այստեղ 1 հա-ից 10 տոննա ցորեն կարող են ստանալ, եթե դաշտերը ժամանակին ոռոգվեն, բայց մինչեւ հիմա ջուր չեն տվել, այնինչ արդեն 4 անգամ պետք է ոռոգած լինեինք»,- բացատրում է  Խաչփար համայնքի ղեկավար Ղազար Մարտիրոսյանը: Մասնագիտությամբ գյուղատնտես համայնքապետն ասում է, որ գյուղում բանջարեղենի բոլոր տեսակները մշակում են: Մարդիկ տարեկան երկու անգամ կարող են առատ բերք ստանալ, եթե ժամանակին ջուր տան, բայց ջրի քանակը չի բավարարում:

Խաչփարը, նաեւ Ազատաշեն ու Արբատ գյուղերը ոռոգման ջուրը վերցնում են Ազատաշեն գյուղի մոտ գտնվող ջրանցքից: Համայնքապետը նշում է, որ երեք գյուղն էլ բավարար քանակի ջուր չի ստանում, որովհետեւ Ազատաշենի հատվածում ջրանցքի վրա մղիչ պոմպ է դրված, եթե այն միացնում են եւ ջուրը Ազատաշենին են տալիս` Խաչփարն ու Արբատը զրկվում են ջրից:

Ղազար Մարիտրիոսյանը

«Ազատաշենի ջրանցքից 15-20 կմ-ից պետք է ջուրը հասցնել դաշտ, մինչեւ Խաչփարի դաշտ հասնելը 7 հատ փական կա, ջուրը ցորենի վրա 10 մետր գնում է՝ կտրում են, բերքն արդեն փչանում է: Յուրաքանչյուր մշակաբույս ոռոգելու իր նորմն ունի, բայց չենք կարողանում դա պահպանել: Ամեն դաշտում 1300 սեփականատեր կա ու մի ջրբաշխ ունենք, նա որ տեղով կրակ դառնա՝ չի կարող հասցնել»,- ասում է Ղազար Մարտիրոսյանը:

Համայնքապետը համոզված պնդում է, որ գյուղին բավարար քանակի ջրով ապահովելու համար այդ պոմպը Ազատաշենից 30 մ ներքեւ պետք է դրվի, այդ դեպքում երեք գյուղերը հավասարապես ջուր կստանան: Նաեւ ներդրումներ են անհրաժեշտ՝ ոռոգման առուների հողային հունը պետք է փոխվի երկաթբետոնի, որպեսզի ջրակորուստը նվազի:

«Երեւան ՋՕ»-ի փոխտնօրեն, Մասիսի տեղամասի պատասխանատու Վարդան Մովսիսյանը համաձայն է Խաչփար համայնքի ղեկավարի այն տեսակետին, որ պոմպը Ազատաշեն գյուղի մոտ տեղադրելը ճիշտ չէ: «Ճիշտ կլինի, եթե տեղադրվի Հրազդանից եկող ջրընդունիչ ավազանում, որպեսզի ջուրը հավասարապես բաշխվի»,- հաստատում է նա:


Վարդան Մովսիսյանը

Վ. Մովսիսյանն այս տարածքի պատասխանատուն է եղել մի քանի տարի եւ օրերս կրկին ստանձնել է Մասիսի տարածքի պարտասխանատվությունը: Նա այս տարածքի ոռոգման հետ կապված խնդիրները ոչ թե անբավարար ջրաքանակի, այլ վատ կառավարման արդյունք է համարում: Խաչփարն ու նրա հարեւանությամբ գտնվող գյուղերը ոռոգման ջուրը, հիմնականում, Հրազդան գետից են ստանում: Նրա ասելով՝ հիմա ավելի շատ ջուր է պահանջվում ոռոգման համար, որովհետեւ Արարատյան դաշտում գրունտային ջրերի մակարդակն իջել է, եւ խոնավության շերտը շատ ցածր է: «Նախկինում, եթե 30 սմ-ից սկսած խոնավություն կար հողում եւ շատ ջուր չէր պահանջվում, հիմա 60 սմ-ի վրա է խոնավությունը եւ նախկին քանակը չի բավարարում»,- ասում է Վ. Մովսիսյանը:

«Բացի այդ, ջրակորուստը մեծ է ոռոգման համակարգի ոչ բարվոք վիճակում գտնվելու պատճառով, ամեն տարի պետական բյուջեից ներդրում պետք է արվի համայնքների ներտնտեսային ցանցը վերանորոգելու համար, եւ համայնքն էլ 10%-ով պետք է մասնակցի դրան»,- ջրակորուստները նվազեցնելու ուղին է մատնանշում ՋՕ-ի Մասիսի տարածքի պատասխանատուն:

Խաչփար համայնքի ղեկավարն անցյալ տարի համայնքային բյուջեից 1 մլն դրամի խողովակներ է գնել ներհամայնքային ցանցի համար: «Մենք ենք ամեն ինչն անում, ՋՕ-ն ոչինչ չի արել, եթե մենք առուների մաքրումը չանենք՝ ոչ ոք չի անի, ջուր չունենալու դեպքում բնակիչներն ինձ են դիմում»,- ասում է Մարտիրոսյանը:

Համայնքի ղեկավարի հետ շրջում ենք գյուղում՝ 100 հա տարածքի չոռոգելու պատճառները հասկանալու համար: Ճանապարհի աջ ու ձախ կողմերում իրար են հակադրվում մշակված ու անմշակ հողատարածքները: Իսկ գյուղի վերջնամասում, որը համեմատաբար նորակառույց թաղամաս է համարվում, կատարյալ ամայություն է, շուրջ բոլորը մոլախոտ է ու հատուկենտ չորացած ծառեր:

Այս թաղամասում միայն մեկի տնամերձ հողամասն էր մշակված: Տանտիրուհին՝ Քնարիկ Հովհաննիսյանը, ով այդ պահին աշխատում էր հողամասում, բակում գտնվող փոքր հորը ցույց տալով ասաց, որ բանջարանոցը մաս-մաս է ոռոգում, ջուրը շատ քիչ է, սպասում է, որ հավաքվի հորում, որպեսզի կարողանա պոմպով մղել:

Քնարիկ Հովհաննիսյանը

«Այն հատվածում, որտեղ ջուր չկա` մարդիկ աղքատ են: Այստեղ ամենաբերրի հողերն են, ոչ մի սանտիմետր հող անմշակ չպետք է մնա: Խաչփար համայնքի մոտ 700 բնակչի սոցիալական վիճակը կբարելավվի, եթե այս տարածքը ոռոգվի»,- ասում է Խաչփար համայնքի ղեկավար Ղազար Մարտիրոսյանը:

Գյուղի ծայրամասում գտնվող թաղամասը ոռոգման համակարգ ունի, բայց ջուր չի հասնում այնտեղ, այդ պատճառով էլ ոչ տնամերձ հողամասերը, ոչ էլ դաշտերը, չեն մշակվում: Նշված հողատարածքներում, որտեղ ոռոգման ջրատարները հողային հունով են՝ 30-40% ջրակորուստներն անխուսափելի են, եւ դրանց ծախսերը փոխհատուցում են բնակիչները:

Խաչփարը նաեւ 2 խորքային հոր ունի, որից ջուրը մեխանիկական եղանակով են վերցնում: Պրն Մարտիրոսյանն ասում է, որ այդ հորերից ծայրահեղ դեպքերում են ջուր վերցնում: Գրունտային ջրերի մակարդակի իջեցումով պայմանավորված ինքնահոս խորքային հոր չկա, իսկ մեխանիկական եղանակով ջրամատակարարումը շատ թանկ է գյուղացու համար: Բացի այդ, խորքային հորերի ջուրն անհասանելի է գյուղի այդ հատվածում:

«Երեւան ՋՕ»-ի Մասիսի տեղամասի պատասխանատու Վարդան Մովսիսյանի կարծիքով՝ այդ հարցն առաջին հերթին իրավական հարթությունում պետք է լուծվի: «Պետք է պարզել՝ այդ տարածքի բնակիչները պայմանագիր ունե՞ն ՋՕ- հետ, թե՝ ոչ: Եթե պայմանագիր ունեն եւ ՋՕ-ն նրանց ջուր չի տալիս՝ ուրեմն ՋՕ-ին կարող են պարտավորեցնել, որպեսզի ջրամատակարարում իրականացնի: Իսկ եթե պայմանագիր ունեն, բայց ներտնտեսային ցանց չունեն, ուրեմն պետք է մտածել ոռոգման համակարգ ստեղծելու մասին»,- ասում է նա:

Խաչփարի համայնքապետի կարծիքով՝ թաղամասը ջուր կունենա, եթե Գեղանիստ-Արբատ ջրանցքից սկիզբ առնող 600 մ հողային առուները փոխարինվեն պոլիէթիլենային խողովակով կամ երկաթբետոնով, եթե վերանորոգվի 390 մ բետոնե ջրատարը, որն ամբողջությամբ վթարային վիճակում է: «Ոռոգման ցանցի վերանորոգումը կնպաստի ստորերկրյա ջրերի արդյունահանման կրճատմանը: Ջրի ահռելի կորուստ կա, բնության ռեսուրսը սպառվում է, հողօգտագործողը ֆինանսական չարդարացված ծախսեր է կատարում, իսկ անարդյունավետ կառավարումն ուղղակիորեն ազդում է բնակիչների կյանքի վրա»,- նշում է Ղ. Մարտիրոսյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ