HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի շենքը` «կռվախնձոր»

Գյումրու Կումայրի արգելոց թանգարանի տարածքում գտնվող մի շարք շինություններ «Կումայրի վերածնունդ» հիմնադրամի մեկամյա գործունեության շնորհիվ բավական գրավիչ դարձան ներդրողների համար՝ թե տեղացի, թե արտերկրից: Շիրակացի-Գորկի փողոցների խաչմերուկում գտնվող, 1888թ-ի կառույց համարվող շենքը, որտեղ տեղավորված է ու տասնամյակներ գործում է թիվ 1 պոլիկլինիկան, արդեն մեկ տարի է` վերածվել է «կռվախնձորի» տանտերերի եւ անհայտ ներդրողի միջեւ:

Շենքը համայնքապատկան է, պոլիկլինիկան այնտեղ վարձակալի կարգավիճակում է՝ ամիսը 400 հազար դրամ վարձավճարով: Մոտ մեկ տարի առաջ, սեփականատեր համարվող քաղաքային իշխանություններից պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանը բանավոր լուր է ստացել, որ շենքի համար կա ներդրող, եւ իրենք պետք է տեղափոխվեն:


Այվազ Սուքիասյանը

«Ես առ այսօր որեւէ գրավոր փաստաթուղթ չեմ ստացել, թե ինչի հիման վրա պետք է տարածքն ազատեմ,- ասում է Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա ՓԲԸ-ի տնօրեն Այվազ Սուքիասյանը,- ուղղակի գիտեմ, որ գրություն է գնացել քաղաքապետարանից մարզպետարան ու հակառակ ուղղությամբ, իսկ ես բանավոր կերպով զգուշացվել եմ, որ տարածք փնտրեմ, որովհետեւ շենքն ինչ-որ մեկին շատ է հետաքրքրում, ու մենք պետք է դուրս գանք»:

Թիվ 1 պոլիկլինիկան ներկայում սպասարկում է 16 հազար բնակչի: Մատուցում են մի շարք ծառայություններ՝ թերապեւտիկ (տեղամասային, ընտանեկան եւ մանկական բժշկության կաբինետներ), նեղ մասնագիտական (նյարդաբանական, սրտաբանական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ինֆեկցիոն, էդոկրինոլոգիական եւ այլն), լաբորատոր (ռենտգեն, սոնոգրաֆիկ, ԷԿԳ եւ այլն): Հանրապետությունում ինչպես բոլոր պոլիկլինիկաներն, այնպես էլ իրենք ունեն բուժսարքավորումների նորացման խնդիր: Ամենահին բուժսարքավորումը ռենտգեն սարքն է, սակայն դա չի խանագարում բնակչությանը ծառայություն մատուցելուն:

Այվազ Սուքիասյանի փոխանցմամբ, 1924թ-ից պոլիկլինիկայի ներկայիս շենքն ու փողոցի մյուս կողմում գտնվող «Ճերմակ» կոչվող հիվանդանոցի շենքը մեկ բուժմիավորման են պատկանել եւ գործել, որպես մեկ միավոր: Խորհրդային կարգերի փլուզումից հետո բուժհաստատությունը որպես այդպիսին դադարել է գործել եւ վերածվել երկու առանձին բուժմիավորումների: Ներկայիս «Ճերմակ» հիվանդանոցի շենքը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 99 տարով հատկացրել է անհատի, իսկ Շիրակացի 201 հասցեում գտնվող շենքը շարունակել է մնալ համայնքային ենթակայության տակ եւ տրվել վարձակալության:

«Մենք այս շենքում ընդամենը վարձակալ ենք, սակայն դա չի նշանակում, թե տիրապետում ենք ամբողջ տարածքին,- բացատրում է պոլիկլինիկայի տնօրենը,- երկհարկանի էս շենքը մաս-մաս արդեն վաճառված է՝ առաջին հարկն են վաճառել, Գորկու փողոց նայող հատվածն է վաճառված, նկուղը անցած տարի տվեցին վարձակալության, չնայած մեզ շատ էր անհրաժեշտ: Ես անգամ նախորդ մարզպետին՝ Հովսեփ Սիմոնյանին դիմեցի, բայց անարդյունք՝ տվեցին իտալական պոլիկլինիկայի տնօրեն Գագիկ Ադամյանին, բակում կա շինություն, որտեղ ժամանակին տեղավորված է եղել մեր բուժական ֆիզկուլտուրայի կաբինետը, բայց դա էլ է հիմա պատկանում այլ անձի»:

Նախորդ մարզպետ Արթուր Խաչատրյանի օրոք արդեն հարցը դրված է եղել տարածքն ազատելու: Տնօրենի փոխանցմամբ, մարզպետը եկել, նայել է եւ ասել, որ շենքը վթարային է, պետք է ազատել: Ըստ Այվազ Սուքիասյանի, շենքն, այո՛, ունի կոսմետիկ վերանորոգման առաջնահերթություն՝ դուռ, պատուհան պետք է փոխվի, տանիքը նորոգվի եւ այլն, սակայն շենքը վթարային չէ:

«Հիմա հարց. եթե շենքը վթարային է, ու մեզ ասում են ձեզ համար տարածք փնտրեք, սա հիվանդանոցին հարմար տեղ չէ, ով որ աչք է դրել էս շենքի վրա, հետո որ առավ, դառնալու է ոչ վթարայի՞ն, ինչպես հասկանանք,- հարցնում է զրուցակիցս,- նախորդ մարզպետն առաջարկում էր տեղափոխվել դիմացի մայթին գտնվող «Ճերմակ» հիվանդանոցի շենք, բայց այնտեղ էդքան սենյակներ չկան՝ հազիվ մի 10-15, իսկ մեզ 60 կաբինետ է պետք, էնքան, որքան էստեղ ունենք: Ասում են գումար կտանք, որ էնտեղ հավելյալ սենյակներ կտրեք առանձնացնեք: Լավ կլինի, եթե էդ փողը կա՝ տան, մենք մեր շենքը նորոգենք»:

Այվազ Սուքիասյանն առաջարկել է իրեն տրամադրել գրեթե 10 տարի պարապուրդի մատնված Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքի մի հատվածը, սակայն կրկին մերժում է ստացել: Պոլիկլինիկայի շուրջ ծավալվող իրադարձություններն արդեն վեց ամիս է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Եթե հեղափոխությունից առաջ պոլիկլինիկայի տնօրինությանն առաջարկվել էր ընդամենը հարմար տարածք գտնել եւ տեղափոխվել, ապա հունիսի 16-ին Գյումրի այցելած առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպելուց հետո տնօրենը խոսեց նաեւ հնարավոր օպտիմալացման մասին:

Նախարարը խնդրին խորությամբ չէր տիրապետում: Կարճ շրջայցից եւ Այվազ Սուքիասյանի հետ զրույցից հետո Արսեն Թորոսյանը խոստացավ բարձրացված հարցն առավել մանրամասն ուսումնասիրել ու տալ վերջնական պատասխան: Հանդիպման ժամանակ առաջ էր քաշվել նաեւ օպտիմալացման տարբերակը: Այն, որ հնարավոր է բուժհաստատությունը փակվի, անակնկալի էր բերել Այվազ Սուքիասյանին:

«Էս պահին մենք ընդամենը 1 մլն 600 հազար դրամի պարտք ունենք քաղաքապետարանին՝ գրությունը մի երկու շաբաթ առաջ եմ ստացել, բայց չեմ կարծում, որ դա պետք է հիմք ծառայի պոլիկլինիկան փակելու՝ պատճառաբանելով, թե չի արդարացնում իրեն: Իսկ ի՞նչ են անելու իմ 66 աշխատողը: Նրանցից մի քանիսն ասենք կարողացան աշխատանք գտնել, բա մյուսները,- հարցնում է տնօրենը,-իհարկե, օպտիմալացումը միանգամից կազատի ոլորտի պատասխանատուներին գլխացավանքից, սակայն դա հարցի լուծում չէ իմ կարծիքով: Էս պահին, քանի դեռ որոշակի պատասխան չկա, շարունակելու ենք նույն տեմպերով աշխատել, մինչեւ տեսնենք` ինչ որոշում կկայացնեն նախարարությունում: Ուղղակի մի բան մնաց անհասկանալի, թե ինչու հանկարծ էս շենքը դարձավ քաղցր պատառ ողջ հանրապետությունում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter