
ԱՄՆ-ում անօրինական միգրանտների երեխաներին վերցնում են ծնողներից և պահում հատուկ մեկուսարաններում
ԱՄՆ-ում միգրացիոն սկանդալ է հասունանում՝ կապված սահմանային ռեժիմի փոփոխությունների հետ, համաձայն որոնց՝ ռեժիմը խախտողներին մեղադրանք է առաջադրվում, իսկ նրանց երեխաներին տեղափոխում են հատուկ մեկուսարաններ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ-ում անօրինական միգրանտների մոտ երկու հազար երեխաներ գտնվում են իրենց ծնողներից առանձին՝ հատուկ մեկուսարաններում: ProPublica-ի հրապարակած ձայնագրությունում լսելի են երեխաների լացի ձայները: Մեկուսարանում հայտնված երեխաները 4-10 տարեկան են:
ԱՄՆ-ի նոր միգրացիոն քաղաքականությունը ստացել է «զրոյական համբերատարության» քաղաքականություն անվանումը, որը քննադատվում է դեմոկրատների կողմից: Հանրապետականների մեծ մասը պաշտպանում է այս քաղաքականությունը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեինը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին վերջ տալ ընտանիքների մասնատման գործողություններին:
Մեկուսարանները իրենցից ներկայացնում են հարմարեցված պահեստներ և սուպերմարկետներ: Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Փիթեր Ուելշը նշել է, որ մեկուսարանում պահպման պայմանները քիչ են տարբերվում բանտային պայմաններից:
© ALAMY
Los Angeles Times-ի լրագրողները եղել են Թեքսաս նահանգում գտնվող մեկուսարաններից մեկում, որը կոչվում է «Ուրսուլա»: Նրանք հայտնել են, որ այն մաքուր շինություն է մերկ պատերով: Կենտրոնում բուժծառայողներ կան, սակայն չկան հոգեբաններ: Շինության ներսը ամբողջ օրվա ընթացքում լուավորվում է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միգացիոն նոր քաղաքականության քննադատներին պատասխանել է, որ ԱՄՆ-ն «ճամբար չի դառնա միգրանտների համար և ապաստան փախստականների համար»:
ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիսթեն Նիլսենն էլ հայտարարել է, որ միգրանտները իրենք են իրենց երեխաներին ռիսկի ենթարկում, երբ փորձում են ապօրինաբար անցնել սահմանը:
Գլխավոր լուսանկարը ԱՄՆ մաքսային-սահմանային ծառությունից
Մեկնաբանել