HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախարարություն էր հրավիրել կաթ վերամշակող խոշոր ընկերությունների եւ երեկ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա կազմակերպած` կաթ արտադրող ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարը հայտնեց, որ ստեղծվելու է կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով, եւ հրավիրեց երկու կողմի մեկական ներկայացուցչի՝ մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։

Նախարար Արթուր Խաչատրյանը նաեւ տեղեկացրեց, որ մշակման փուլում է  ՀՀ-ում անասնապահության զարգացման հայեցակարգը, որի նպատակն է լինելու խթանել ՀՀ-ում անասնապահությունը եւ բարձրացնել անասնապահությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների եկամտաբերությունը։ Նա ներկայացրեց առկա եւ նախատեսվող ծրագրերը, որոնք կոչված են օգնելու կաթ արտադրողներին: Դրանք են, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության, արոտներում ջրարբիացման համակարգերի կառուցման եւ արոտների բարելավման, ինչպես նաեւ անասնագլխաքանակի հաշվառման ծրագրերը։

Ծավալված քննարկման ընթացքում կողմերը ներկայացրին իրենց մտահոգությունները եւ ոլորտում առկա խնդիրները՝ կապված կաթի մթերման գնի, անմիջական ֆինանսական աջակցման տրամադրման, անասնապահության արդյունավետության եւ ոլորտի երկարաժամկետ զարգացման հեռանկարի հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter