HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի համայնքապետարանը ի վիճակի չէ զարգացման ծրագրով նախատեսված բոլոր հիմնախնդիրները լուծելու

Իշխանափոխությունից հետո, ամիսներ շարունակ Դավիթ Հովհաննիսյանն իր ընկերների հետ փորձել է Արմավիր քաղաքի բնակիչներին հասկացնել, որ իրենք ավելի լավ քաղաքի են արժանի: Այդ ընթացքում հանդիպել են դժվարությունների, սակայն որոշել են պայքարել մինչև վերջ և հասնել արդյունքի՝ ունենալ բարեկարգ քաղաք, բնակիչների ձայնը լսող տեղական իշխանություն:

Դավիթն ասում է, որ Արմավիր քաղաքը տարիներ շարունակ անտեսված է եղել: Բարեկարգ քաղաք ասվածը սահմանափակվում է միայն քաղաքապետարանի մերձակա հատվածով, որտեղ գտնվում է նաև մարզպետարանը: Իսկ տարածքից հեռանալով՝ հանդիպում են քարուքանդ փողոցների, քանդված տանիքներով բարձրահարկ շենքերի և այլն:


Արմավիրի համայնքապետարանի շենքը

Դավիթն իր ընկերների հետ, քաղաքապետարանի մերձակա տարածքում, պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում, որպեսզի արմավիրցիները նույնպես միանան և քաղաքային իշխանություններին զգաստանալու կոչ անեն: Պատմեց, որ բարձրախոսները միացնելու համար համայնքապետարանին պատկանող մշակույթի տնից էլեկտրաէներգիա են խնդրել, սակայն մերժվել են: Էլեկտրականությունը պարզապես անջատել են: Բայց շարունակում են ելքեր փնտրել և մինչև վերջ պայքարել:

«Կարելի է ասել «խադավիկի» ամենաշատ գործը Արմավիրում է, որովհետև ճանապարհ չունենք: Նույնիսկ ԱԻՆ-ը ժամանակին չի կարողանում դեպքի վայր հասնել: Իրենցից 500 մետր հեռավորության վրա կրպակ է վառվում, չեն կարողանում արագ գնալ, որ ժամանակին հասնեն, կրակը մարեն: Այդ մարդկանց էլ մեղադրելու չի: Աղբամաններ չունենք, բողոքել ենք, երեկ բերել դրել են կենտրոնական փողոցում»,-ասում է Դավիթ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Արմավիրում նաև որակյալ խմելու ջուր չունեն: Հիմնականում խմելու ջուրը գնում են Թալինից եկող ցիստերով ավտոմեքենաներից: Դավիթն ասում է, որ չի ճանաչում մի արմավիրցու, ով խմելու ջուր չի գնում: Անտեսված է նաև աղբահանության հարցը: Մարդիկ պատուհան չեն բացում, որ գարշահոտությունը չզգան:

«Մենք թալինցիներից շատ ենք Թալին բառն օգտագործում: Մեր երեխաներն ուրախանում են Թալինի ջրի ավտոմեքենաների սիգնալի ձայնը լսելուց: Ինչքա՞ն լռենք»,- ասում է Դավիթը:

Նրա խոսքերով՝ այնպես չէ, որ բարձրաձայնված հարցերը միայն իրենք են տեսնում, պարզապես վախ կա քաղաքացիների մեջ: Դավիթի ասելով՝ մարդկանց զանգում և ասում են, որ փողոց դուրս չգան, ոմանք էլ վախենում են աշխատանքը կորցնելուց: 


Դավիթ Հովհաննիսյանը

Դավիթը պատմեց, որ իշխանափոխությունից հետո՝ մայիսի 10-ին, գնացել են քաղաքապետարան և խոսել են չլուծված բոլոր հարցերի մասին: Ներկայացրել են նաև առաջարկներ: Ստացել են պատասխան, որ բողոքողները համայնքային բյուջեից գաղափար չունեն և եթե, օրինակ՝ գիշերային լուսավորությունը միացնեն «արմավիրցուն վայել», այլ ոչ թե մի քանի ժամ, ապա դրա փոխարեն փակվելու է 6 մանկապարտեզ:

«Մինչև հիմա Արմավիրում երկու մանկապարտեզ է ջեռուցվում: Ծնողները վառելիքի գումար են հավաքում, որ ձմռանը փայտ վառեն, դրան գումարած ամեն ամիս 7000 դրամ վարձավճար ենք տալիս: Ինչի՞ համար: Այդ դարն արդեն անցել է: Սա ժողովրդի բողոքն է: Մարդիկ բակերից լավ բողոքում են, ուղղակի, չգիտեմ ինչու, չեն գալիս հրապարակային բողոքում»,- ասում է Դավիթ Հովհաննիսյանը:

Երիտասարդի խոսքերով՝ Արմավիրի ներկայիս վիճակը հեռու է մարզկենտրոն լինելուց: Դավիթն ասում է, եթե որևէ հարց չի լուծվելու թող պարզ ասեն, որ Արմավիրը մարզկենտրոն չէ, իրենք էլ կհամակերպվեն այդ մտքի հետ:

«Տոն օրերին գնում ուրիշ քաղաքում ենք նկարվում, ուրիշ քաղաքներով ենք ուրախանում: Այսօր չեք գտնի մեկ արմավիրցու, ով իր երեխուն կասի՝ տես, բալես, ինչ սիրուն քաղաք ունենք: Եթե այսօր արմավիրցին չպայքարի, էլ ով պիտի պայքարի»,- նշում է Դավիթը:

Անփոփոխ համայնքապետ, լուծում չստացող բազմաթիվ հարցեր


Ռուբեն Խլղաթյանը

Արմավիր համայնքի ղեկավար Ռուբեն Խլղաթյանը 4-րդ անգամ վերընտրվել է 2015թ. մարտի 25-ին: Համայնքն ամբողջությամբ գազաֆիկացված չէ: Ըստ քաղաքի զարգացման ծրագրի՝ բնակչության 90%-ն են ապահոված բնական գազով:

Արմավիր քաղաքի ներհամայնքային ճանապարհացանցի երկարությունը կազմում է 89,6 կմ, որից ասֆալտապատ է 48,8 կմ-ը: Գիշերային լուսավորություն ունեն ոչ բոլոր փողոցները:

Քաղաքում գործում է 12 մանկապարտեզ, որտեղ հաճախում է 1000-ից ավելի երեխա: 12 մանկապարտեզներից կապիտալ վերանորոգված են միայն 2-ը, իսկ մյուսները՝ մասնակի: Այդ շենքերի մի մասն ունի ուժեղացման, հիմնանորոգման և ջեռուցման համակարգերի կառուցման անհրաժեշտություն:

Համայնքում գործում է նաև երաժշտական դպրոց, որը տեղակայված է թիվ 1 մանկապարտեզի շենքում:

Արմավիրում չկա անձրևաջրերի հեռացման կենտրոնացված համակարգ: Երևանյան փողոցը, որն Արմավիր-Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի սկզբնական հատվածն է, սպասարկվում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից: Նշված տարածքի անձրևատար ցանցը կառուցվել է 1970-ական թվականների սկզբին: Տարիների ընթացքում սելավատար ցանցը սկսել է չգործել և անձրևների ժամանակ փողոցը հեղեղվում է, դժվարանցանելի է դառնում նույնիսկ ավտոմեքենաների համար: Համայնքապետարանի հաշվարկներով՝ նշված հատվածի անձրևատար ցանցի վերանորոգումն ու ասֆալտի ծածկույթի վերականգնումը կարժենան շուրջ 300 մլն դրամ:

Ճանապարհների վերանորոգումից բացի, ոչ բոլոր տեղերում են տեղադրված ճանապարհային նշաններ: Քաղաքի զարգացման ծրագրում ևս նշված է, որ Արմավիրի բազմաբնակարան շենքերի տանիքներն ունեն վերանորոգման, իսկ բակային տարածքները բարեկարգման կարիք: Միայն տանիքների վերանորոգման համար հաշվարկվել է 120 մլն դրամ:

Քաղաքում քիչ չեն նաև հողագործությամբ զբաղվողները, սակայն ոչ բոլոր թաղամասերն են ապահովված ոռոգման ներքին ցանցով:

«Համայնքի հիմնախնդիրների ցանկը կարելի է շարունակել, սակայն ակնհայտ է, որ 2017-2019թթ. ժամանակահատվածում անհնար է լուծում տալ համայնքում առկա բոլոր հիմնախնդիրներին»,- նշված է զարգացման ծրագրում:

Չկարողացանք պարզաբանումներ ստանալ քաղաքապետարանից: Պատասխանատուները տեղում չէին, իսկ հետագայում չպատասխանեցին հեռախոսազանգերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter