HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք մեր կյանքում էլ ենք հեղափոխություն ուզում». փախստականները նոր կառավարությունից պահանջում են լուծել իրենց բնակարանների հարցը

Ադրբեջանից բռնագաղթած փախստականները, որոնք արդեն 30 տարի ապրում են տարբեր հանրակացարաններում, նոր կառավարությունից պահանջում են լուծել իրենց բնակարանների հարցը: Այսօր Փախստականների միջազգային օրն է, և նրանք հավաքվել էին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: 

«Փախստականի ձայն» ՀԿ-ի ղեկավար Օքսաննա Մուսայելյանը փախստականներից մեկի հետ նամակ հանձնեց հայաստանյան գրասենյակին: Դրանից հետո «Մենք 30 տարի փախստական ենք»,  «Մենք բնակարան ենք սպասում արդեն 29 տարի», «Դադարեցրեք անտեսել մեր ներկայությունը» բովանդակությամբ ցուցապաստառներով շարժվեցին դեպի կառավարության շենք:

Նրանք պատմում են այն անմարդկային կենսապայմանների մասին, որոնցում Հայաստանի կառավարությունն իրենց թողել է արդեն 30 տարի և մոռացել: Իսկ երբ իրենք հիշեցնում են իրենց մասին, կառավարությունից մշտապես նույն պատասխանն են ստանում` պետությունը բավարար գումար չունի, որ լուծի փախստականների բնակարանային հարցը:

«Մենք էլ ենք մեր կյանքում հեղափոխություն ուզում, այդ հեղափոխությունը մեր կյանքում էլ պետք է ինչ-որ բան փոխի»,- կառավարության անվտանգության աշխատակցին ասաց Ռիտա Ստեփանյանը: Նա արդեն 30 տարի ապրում է Նորք Մարաշի «Նաիրի» հանրակացարանում:

Փախստականները պահանջում են հանդիպում կա´մ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կա´մ էլ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ:

«Մեր հարցը գերեզմանոցում է լուծվելու»,- ասում է «Սեբաստիա» հանրակացարանում ապրող Էդուարդ Ղազարյանը:

«Կառավարությունը սպասում է մենք մահանանք, որ մեր հարցը լուծվի վերջանա»,- հարևանի խոսքը շարունակում է Օլգա Չիլինգարյանը:

Նա Բաքվում երկու տուն է թողել: Այժմ «Սեբաստիա» հանրակացարանում է ապրում: Ասում է, որ իրենց հանրակացարանում արդեն 30-ից ավել փախստական է մահացել:

Վարչապետի առաջին տեղակալ Արարատ Միրզոյանը չհանդիպեց փախստականներին: Նրա փոխարեն հավաքված փախստականներին մոտեցավ օգնականը՝ Քրիստինե Պողոսյանը: Վերջինս լսեց փախստականներին հուզող հարցերը և խոստացավ փոխանցել կառավարությանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter