HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանների պալատի նախագահը՝ փաստաբաններին «թիրախավորելու» մասին

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փաստաբանական գործունեության վերաբերյալ պարզաբանումներ է հրապարակել՝ հաշվի առնելով վերջին շրջանում փաստաբանության ինստիտուտի «թիրախավորումը»: Պալատի տարածած հաղորդագրության մեջ գրված է.

«Վերջին շրջանում նկատելի է լարվածություն հասարակության համար օբյեկտիվորեն զգայուն որոշ քրեական գործերի առնչությամբ, ինչի կապակցությամբ թիրախավորվում է նաև փաստաբանության ինստիտուտը, որը կոչված է ապահովելու իրավաբանական օգնության տրամադրումը յուրաքանչյուրին՝ անկախ մեղսագրվող արարքի բնույթից և հանրային վտանգավորության աստիճանից:

Այս առիթով Ձեզ եմ ներկայացնում փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված որոշ պարզաբանումներ:

1. Ո՞վ է փաստաբանը

Փաստաբանը փաստաբանական գործունեություն իրականացնելու համար արտոնագրված իրավաբանն է, ում առաքելությունն է իրավաբանական օգնության տրամադրումը՝ ներառյալ վստահորդի շահերի պաշտպանությունը նախաքննության մարմիններում և դատարանում։ Փաստաբանը պարտավոր է ազնվորեն և բարեխղճորեն պաշտպանել վստահորդի իրավունքները և օրինական շահերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ու եղանակներով։ Պետությունը, կարևորելով փաստաբանի դերն ու նշանակությունը քաղաքացիական հասարակությունում, մի շարք երաշխիքներ է սահմանել այդ գործունեության իրականացման համար, ինչպիսին է օրինակ փաստաբանի փաստաթղթերի առգրավման արգելքը և փաստաբանին՝ իր վստահորդին իրավաբանական օգնություն տրամադրելու հետ կապված հարցերով որպես վկա հարցաքննելու անթույլատրելիությունը։

2. Ի՞նչ խնդիրների է հանդիպում փաստաբանը

Փաստաբանը հիմնականում խնդիրների է հանդիպում պետական մարմինների՝ դատախազության, ոստիկանության, հարկային, մաքսային, քննչական և քրեակատարողական մարմինների հետ հարաբերություններում: Փաստաբանն իր մասնագիտական հմտությունների կիրառմամբ պաշտպանելով վստահորդի շահերը՝ ընդդիմանում է հարկադրանքի միջոցներ կիրառելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձանց, արժանանալով վերջիններիս «ոչ բարյացակամ» վերաբերմունքին:

Քրեական գործերով փաստաբանը, հաճախ խնդիրներ է ունենում դատավարական հակադիր կողմի կամ հասարակության այն հատվածի հետ, ով փաստաբանին նույնացնում է վերջինիս վստահորդի հետ: Փաստաբանին անուղղակիորեն նույնացնելով իր վստահորդի հետ՝ վերաբերվում են նրան որպես մեղադրյալի հանցակցի, ով ըստ իրենց պատկերացումների, օգնում է մեղավորին խուսափել արդարադատությունից:

3. Ի՞նչ կլիներ, եթե չլիներ փաստաբանը

Փաստաբանի բացակայության դեպքում քրեական գործերով քննիչները բավարար ապացույցներ հավաքելու հարցում պատշաճ ջանասիրություն չէին ցուցաբերի, դատարանները գործում եղած ապացույցները չէին կարողանա բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտել և գնահատել, ինչի արդյունքում բազմաթիվ անմեղ անձինք կհայտնվեին անազատության մեջ, իսկ մեղավորները փաստացի կազատվեին պատասխանատվությունից:

Նույնիսկ փաստաբանների ակտիվ միջամտության պայմաններում այսօր էլ դատաիրավական համակարգը սխալվում է (սխալներ են արձանագրվում նաև զարգացած երկրների դատական պրակտիկայում): Պետք չէ մոռանալ Մատաղիսի գործը, որով մի քանի երիտասարդներ ցմահ ազատազրկման էին դատապարտվել, կամ Արմեն Պողոսյանի գործը, որով նա 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել (5 և կես տարի էլ պատիժը կրել էր), և այս գործերով մեղադրանքի կողմի ներկայացուցիչները և դատարանները սխալվել էին։

4. Կարելի՞ է արդյոք վստահորդին և փաստաբանին նույնացնել

Մեր հասարակության մի հատվածը շատ հաճախ փաստաբանին նույնացնում է իր վստահորդի հետ:

Ցավոք, վստահորդների հետ իրենց նույնացնելու դեպքեր են արձանագրվել նաև փաստաբանների կողմից:

Այս երևույթը, հատկապես զգայուն քրեական գործերով, փաստաբանին ճնշումների թիրախ է դարձնում:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը «Փաստաբանի գործունեության երաշխիքներ»-ի ներքո սահմանել է, որ փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ' ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականը պետություններին կոչ է անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունն առանց խտրականության և իշխանությունների կամ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո:

Չի կարելի փաստաբանին մեղադրել քաղաքացու իրավունքների պաշտպանության համար, անկախ վերջինիս մեղսագրվող հանցանքից, այնպես, ինչպես չի կարելի հասարակության կողմից ատելի հիվանդին վիրահատող բժշկին մեղադրել իր մասնագիտական պարտականությունները կատարելու համար:

Պետք է հստակ տարանջատել մասնագիտական շեմը: Ինքն իրեն վստահորդի հետ նույնացնող փաստաբանն էլ պետք է գիտակցի, որ մասնագիտական շեմը հատելու դեպքում խոցելի է դառնում ոչ մասնագիտական զգացմունքների և դատողությունների համար:

5. Վստահորդի շահը

Օրենքի և մասնագիտական վարվելակերպի պահանջներին համապատասխան' փաստաբանը միշտ պետք է գործի ելնելով վստահորդի նպաստավոր շահերից՝ այդ շահերը գերադասելով իր անձնական շահերից։

Փաստաբանը պարտավոր է չկատարել վստահորդի շահերին հակասող որևէ գործողություն:

Մասնագիտական տեսանկյունից անընդունելի է հասարակության մի հատվածի այն դիրքորոշումը, որ փաստաբանը չպետք է ստանձնի հասարակության կողմից անընդունելի արարք կատարած անձի պաշտպանությունը: Փաստաբանական գործունեությունն առաջին հերթին իրավապաշտպան գործունեություն է, և յուրաքանչյուր փաստաբան, ստանձնելով իր վստահորդի շահերի պաշտպանությունը, անկախ պաշտպանյալի անձից և առաջադրված մեղադրանքի բնույթից, իրականացնում է մասնագիտական գործունեություն: Փաստաբանը պարտավոր է իրավաբանական օգնություն ցուցաբերելու շրջանակներում կատարել օրենքով չարգելված բոլոր միջոցները՝ ուղղված իր պաշտպանյալի իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանությանը:

Փաստաբանի կողմից հանցագործության մեջ մեղադրվող անձի պաշտպանությունն ստանձնելը չի կարող վկայել այն մասին, որ փաստաբանը հավանություն է տալիս իր վստահորդին մեղսագրվող արարքին:

Ուստի, անընդունելի է նաև նման իրավիճակներում փաստաբանին թիրախավորելու դեպքերը:

6. Փաստաբանական գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը

Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ՝ զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

Պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև փաստաբանի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը' կապված նրա լիազորությունների իրականացման հետ, հանդիսանում է հանցագործություն և պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքով:

7. Արդարադատություն

Արդարադատության խորհրդանիշը կշեռքի տեսքով է, իսկ կշեռքն ունի ԵՐԿՈՒ նժար:

Անձն իրեն վերագրվող արարքի համար մեղավոր կամ անմեղ է ճանաչվում միայն մեղադրանքի և պաշտպանության կողմերի մրցակցության շնորհիվ ձևավորված դատարանի դատավճռով:

Ամփոփելով վերոգրյալը՝

1. Մեր քաղաքացիներին կոչ եմ անում՝

- հարգել փաստաբանի մասնագիտական աշխատանքը.

- չնույնացնել փաստաբանին իր վստահորդի հետ.

- փաստաբանի վարքագծում առերևույթ խախտումներ նկատելու դեպքում, զերծ մնալ փաստաբանին վիրավորելու, սպառնալու կամ այլ անօրինական գործողություններից՝ փաստաբանի վարքագծի քննարկման հարցով դիմելով ՀՀ փաստաբանների պալատին:

2. Փաստաբաններին հորդորում եմ՝

- մասնագիտական գործողություններից դուրս Ձեր վարքագծով չնույնացվել վստահորդների հետ.

- համարձակ և անկաշկանդ կատարել փաստաբանի մասնագիտական աշխատանքը՝ ղեկավարվելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով և Փաստաբանի վարքագծի կանոնագրքով:

Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի նախագահ՝

Արա Զոհրաբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter