Շաբաթ, 22 սեպտեմբերի

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում. Հայ հայրենասերների միություն



սկիզբը

1967-68 թթ. ասպարեզ է գալիս մի նոր կազմակերպություն` «Հայ հայրենասերների միությունը» (ՀՀՄ): Միությունն ուներ իր կանոնադրությունը, որը քննարկվել եւ ընդունվել էր կազմակերպության ընդհանուր ժողովում: Նոր անդամները պետք է ընդունեին այդ կանոնադրության դրույթները, ենթարկվեին դրա պահանջներին եւ մուծեին անդամավճար:

ՀՀՄ-ն մասնաճյուղեր ուներ Արարատում, Գյումրիում, Արտաշատում, Երեւանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում: Յուրաքանչյուր մասնաճյուղ ուներ իր ղեկավարը, իսկ կազմակերպության ընդհանուր ղեկավարումն իրականացնում էր Հակոբջան Թադեւոսյանը: Այս  կազմակերպությունը նույնպես, ժամանակի ոգուն համահունչ` առաջնային էր համարում Եղեռնի, կորուսյալ հայկական տարածքների, Ղարաբաղի եւ Նախիջեւանի խնդիրները։ Չունեին հստակ ընդգծված հակախորհրդային դիրքորոշում: Այս հարցում ավելի քան զգուշավոր էին։ Բայց միաժամանակ գտնում էին, որ Խորհրդային Միությունը «որոշ հարցերում արհամարհում եւ ոտնահարում է հայ ժողովրդի կենսական շահերը»: (Մեջբերումը նրանց նկատմամբ կայացած դատավճռից է)։

Այս առումով հատկանշական է այն իրողությունը, որ կազմակերպության անդամները` ծանոթանալով Ազգային միացյալ կուսակցության արդեն հրատարակած «Փարոս» թերթին, խստորեն մերժել էին թերթի էջերում առաջ քաշված գաղափարները` հակասովետիզմի եւ անկախության անհրաժեշտության կապակցությամբ: Նրանց համար հատկապես անընդունելի է եղել անկախության գաղափարը:

Ահա թե ինչպես է այդ դրվագը նկարագրված խմբի անդամների նկատմամբ կայացված դատավճռում. «1967 թվականի վերջին Թադեւոսյանը ստացել է Էդիկ Ալեքսանյանից հակասովետական բովանդակություն ունեցող «Փարոս» անլեգալ թերթը… Այդ թերթը պարունակում է թշնամական հարձակումներ սովետական պետության հասցեին եւ կոչ է անում անջատել Հայաստանը ՍՍՀՄ-ից ու ստեղծել «անկախ հայկական պետություն». գործով բոլոր ամբաստանյալները, ինչպես նաեւ խմբակի մյուս անդամները, քննադատության են ենթարկել «Փարոս» թերթի հակասովետական բովանդակությունը եւ բացառել են թերթի հայացքները, համարելով այն վնասակար ու անընդունելի իրենց խմբակների համար»: Խմբի անդամները դեռեւս չէին հասել Հայաստանի անկախության գաղափարին եւ մեր երկրի ապագան տեսնում էին Խորհրդային  Միության  շրջանակներում:  Նրանց  հաջողվում  է  ձեռք  բերել  տպագրական միջոցներ եւ բազմացնել ու տարածել թռուցիկներ: 1967 թվականի ապրիլի 24-ին ընդառաջ` տպագրում ու Երեւանում, Գյումրիում, Արարատի եւ Արտաշատի շրջաններում տարածում են Հակոբջան Թադեւոսյանի հեղինակած երեք թռուցիկները` «Կոչ հայ մտավորականությանը` Մեծ եղեռնի 52-րդ տարեդարձի առթիվ», «Կոչ հայ ժողովրդին` Մեծ եղեռնի 52-րդ տարեդարձի կապակցությամբ» եւ «Խոսք սրտի խորքից` հայոց ողբերգության 52-րդ տարեդարձի կապակցությամբ» վերնագրերով: Թռուցիկներում հիմնականում շեշտադրվում էին այն իրողությունները, որ խորհրդային կառավարությունը ոտնահարում է հայ ժողովրդի իրավունքները հօգուտ Թուրքիայի, ԽՍՀՄ-ում տարվում է հայերի ձուլման եւ ռուսացման քաղաքականություն, եւ կոչ էր արվում բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի ու Նախիջեւանի ինքնավար հանրապետությունը Հայաստանին միացնելու հարցը:

1967թ․ընթացքում Հայ հայրենասերների միություն կազմակերպության անդամները կարողացել են  ռոտոտպագրային  եղանակով  բազմացված ու տարածել 1960-ականների ամենասկզբից մշտապես տարածվող այնպիսի թռուցիկներ, ինչպիսիք էին․«բաց  նամակ  ՍՄԿԿ-ի  կենտկոմի քաղբյուրոյին», «Կրկին ռուս թուրքական դիվանագիտության զոհասեղանին», «1921թ. մարտի 16-ին Մոսկվայում»:

1967թ․ապրիլի 24-ին ընդառաջ տարածված թռուցիկների բովանդակությամբ թռուցիկներ են պատրաստել եւ տարածել նաեւ հաջորդ տարի` 1968-ի գարնանը` հետեւյալ վերագրերով` «Կոչ հայ մտավորականությանը` Մեծ եղեռնի 53-րդ տարեդարձի առթիվ», «Կոչ հայ երիտասարդությանը` Մեծ եղեռնի 53-րդ տարեդարձի առթիվ», «Հիշեցում հայ ժողովրդին` Մեծ եղեռնի 53-րդ տարեդարձի կապակցությամբ»: Հենց այս նույն տարում` 1968-ի ապրիլին խմբի անդամները ձերբակալվել են եւ դատապարտվել 2061 հոդվածով (սովետական պետական ու հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելը):

Հայ հայրենասերների միության գործով կայացված դատավճիռը

Դատավճռի տեքստում կետագծերով նշված են Ազգային անվտանգության ծառայության կողմից տեքստը մեզ տրամադրելուց առաջ ջնջված մասերը: Ջնջված են դատապարտվածների անձնական տվյալները եւ գործով անցնող վկաների անունները: Դրանց փոխարեն կամայական տառեր են դրված: Մեր կողմից կետագծերով նշված են նաեւ դատավճռում առկա անընթեռնելի հատվածները:

ԴԱՏԱՎՃԻՌ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՆ

1968 թվականի նոյեմբերի 20-ին հետեւյալ կազմով`

Նախագահությամբ`   Ս. Դանիելյանի

Ատենակալներ`        1. Դ. Գաբրիելյանի

                            2. Ե. Լազարեւա-Բախշյանի

Քարտուղարությամբ` Կ. Մելքոնյանի

Մասնակցությամբ՝     պետական մեղադրող

դատախազ`             Ա. Շլեպչյանի

դատապաշտպաններ` Ս. Արեւշատյանի, Գ. Հարոյանի

Քննության առնելով դատական դռնբաց նիստում քրեական գործն ըստ մեղադրանքի`

1) ՀԱԿՈԲՋԱՆ ԴՐԱՍՏԱՄԱՏԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ծնված 1949թ. Հայկական ՍՍՀ Արտաշատի  Շրջանի  Մուղան  գյուղում,  հայ,  ՍՍՀՄ  քաղաքացի,  մինչեւ  կալանավորվելը ՀԼԿԵՄ անդամ, ամուրի, խնամքին ոչ ոք, չդատված, Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող, բնակվել է Արտաշատի շրջանի Մուղան գյուղում, կալանքի տակ է 1968թվականի ապրիլի 17-ից (հ.1 գ.թ. 81-83):

2) ՌՈՒԲԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, ծնված 1947թ. Հայկական ՍՍՀ Արարատի շրջանի Ավշար գյուղում, հայ, ՍՍՀՄ քաղաքացի, մինչեւ կալանավորվելը ՀԼԿԵՄ անդամ, ամուրի, խնամքին ոչ ոք, չդատված,Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, բնակվել է ուսանողական հանրակացարանում, կալանքի տակ է 1968թվականի ապրիլի 16- ից (հ.1 գթ. 292-294):

3) ԷԴԻԿ ՎՐԵԺԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ, ծնված 1942թ. Լենինական քաղաքում, հայ, ՍՍՀՄ քաղաքացի, ՀԼԿԵՄ անդամ, ամուրի, խնամքին ոչ ոք, չդատված, Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, բնակվում է Երեւան քաղաքի Կիրովի փող. նո. 12 շենքում, կալանքի տակ չի եղել:

4) ՌՈՒԲԻԿ ԹԱԴԵՎՈՍԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ծնվել է Լենինական քաղաքում, հայ, ՍՍՀՄ քաղաքացի, ՀԼԿԵՄ անդամ, ամուրի, խնամքին ոչ ոք, չդատված, աշխատում է Երեւանի հուշանվերների ֆաբրիկայում ---------------, բնակվում է Երեւանում` --------- կալանքի տակ չի եղել:

5) ՌԱՖԻԿ ԱՇՈՏԻ ՂԱՐԱԳՈՒԼՅԱՆԻ ծնված 1939թ. Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանի Մարտունի գյուղում, հայ, ՍՍՀՄ քաղաքացի, անկուսակցական, ամուրի, խնամքին ոչ ոք, չդատված, Երեւանի թատերական գեղարվեստական ինստիտուտի արդյունաբերական գրաֆիկայի ֆակուլտետի ---- ուսանող, բնակվել է Երեւան, Ուսանողների թաղամասի --, կալանքի տակ է 1968 թվականի ապրիլի 16-ից (հ. 2 գթ. 151-153):

6) ՄԻՍԱՔ ԽԱՉԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ծնված 1949թ. Հայկական ՍՍՀ Արարատի շրջանի Ղարալար գյուղում, հայ, ՍՍՀՄ քաղաքացի, ՀԼԿԵՄ անդամ, ամուրի, խնամքին ոչ ոք, չդատված Արտաշատի քիմիական տեխնիկումի ------------- ուսանող, բնակվում է Արտաշատի շրջանի Նորվզլու գյուղում ---------, կալանքի տակ չի եղել:

7) ԱՆԴՐԱՆԻԿ  ՍՈՒՐԵՆԻ  ՄԽԻԹԱՐՅԱՆԻ  ծնված  1946թ.  Հայկական  ՍՍՀ  Թալինի շրջանի Սուսեր գյուղում, հայ ՍՍՀՄ քաղաքացի, ՀԼԿԵՄ անդամ, ամուրի, խնամքին ոչ ոք, չդատված, Երեւանի Խ. Աբովյանի անվան Հայկական մանկավարժական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, բնակվում է Երեւան քաղաքում, ուսանողական թաղամասի 6-րդ կորպուսում, սույն գործով կալանքի տակ է եղել 1968թվականի ապրիլի 16-ից մինչեւ մայիսի 28-ը (հ.2 գթ. 264-266,304):

8) ՎԱՀԱՆ ՍԱՐԳԻՍԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ, ծնված 1947թ. Հայկական ՍՍՀ Մարտունու շրջանի  Ծակքար  գյուղում,  հայ,  ՍՍՀՄ  քաղաքացի,  ՀԼԿԵՄ  անդամ-ամուսնացած, խնամքին 3 անձ, չդատված, Երեւանի Խ. Աբովյանի անվան հայակական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի ---------- ուսանող, բնակվում է ինստիտուտի հանրակացարանում, սույն գործով եղել է կալանքի տակ 1968 թվականի ապրիլի 16-ից մինչեւ 28-ը (հ.3. գ.թ. 1-3, 60-61):

Բոլոր ամբաստանյալները մեղադրվում են Հայկական ՍՍՀ քրեական օրենսգրքի 2061 հոդվածով:                                                                                                                          

Դատաքննությամբ ապացուցված է հետեւյալը:

Ամբաստանյալներ Թադեւոսյանը, Հովսեփյանը, Ալեքսանյանը, Վարդանյանը, Ղարագուլյանը, Խաչատրյանը, Մխիթարյանը եւ Եղիազարյանը համարելով, որ Սովետական կառավարչության ազգային քաղաքականությունը որոշ հարցերում արհամարում եւ ոտնահարում է հայ ժողովրդի կենսական շահերը, 1967-1968թթ. տպագիր միջոցով պատրաստել եւ տարածել են նյութեր, որոնք բովանդակել են սովետական պետական ու  հասարակական  կարգը,  ՍՄԿԿ  ու  Սովետական  կառավարության  արտաքին  եւ ազգային քաղաքականությունը վարքաբեկող զրպարտիչ հերյուրանքներ:

Այդ նպատակով ամբաստանյալ Թադեւոսյանը 1966 թվականի աշնանը, լինելով Երեւանի պետական համալսարանի ուսանող, այդ համալսարանում կազմակերպել է անլեգալ խմբակ, որի մեջ ներգրավել է ավելի քան 20 մարդ, այդ թվում ամբաստանյալ Էդիկ Ալեքսանյանին:

1967  թվականի  ընթացքում  Թադեւոսյանի  առաջարկով  անլեգալ  խմբակներ  են կազմակերպել Ռ. Հովսեփյանը` Երեւանի մանկավարժական ինստիտուտում, իսկ Մ. Խաչատրյանը Արարատ քաղաքի քիմիական տեխնիկումում: Նույն ժամանակ ամբաստանյալ Ռ. Վարդանյանը ամբաստանյալ Է. Ալեքսանյանի օժանդակությամբ նույնպես խմբակ է կազմակերպել Լենինական քաղաքում:

Այս բոլոր խմբակները Թադեւոսյանի նախաձեռնությամբ միավորվելով կազմել են այսպես կոչված «հայ հայրենասերների միություն»:

Ղեկավարվելով անլեգալ խմբակների գործունեությամբ, Թադեւոսյանը Երեւանում եւ Արարատում անձամբ, իսկ Լենինականում Է. Առաքելյանի միջոցով գումարել եւ անց է  կացրել  գաղտնի  հավաքույթներ,  որոնցում  քննարկվել  են  նրա  կողմից  կազմված զրպարտչական բովանդակություն ունեցող թռուցիկների, այլ փաստաթղթերի տեքստերը եւ մի շարք կազմակերպչական հարցեր:

Թռուցիկները բազմացնելու եւ տարածելու հետ կապված ծախսերը հոգալու նպատակով,  Թադեւոսյանը խմբակի անդամներից սիստեմիկաբար հավաքել է  անդամավճար եւ այլ դրամական միջոցներ:

1967 թվականի ապրիլին Թադեւոսյանը կազմել եւ խմբակի անդամների մասնակցությամբ գրամեքենայով բազմացրել է ավելի քան 600 օրինակ երեք տարբեր թռուցիկների տեքստեր` «Կոչ հայ մտավորականությանը` մեծ եղեռնի  52-րդ տարեդարձի առթիվ», «Կոչ հայ ժողովրդին` մեծ եղեռնի 52-րդ տարեդարձի կապակցությամբ» եւ «Խոսք սրտի խորքից, հայոց ողբերգության 52-րդ տարեդարձի կապակցությամբ»: (հ. 5 գթ. 202, 218, 223):

Նույն ամսում Թադեւոսյանը նշված թռուցիկները Ռուբեն Հովսեփյանի, Էդիկ Ալեքսանյանի, եւ խմբակի մյուս անդամների միջոցով տարածել է Երեւանում, Լենինականում, Արարատի եւ Արտաշատի շրջաններում: Այդ թռուցիկները պարունակում են ակնհայտ հերյուրանքներ, որ Սովետական կառավարությունն իբր ոտնահարում է հայ ժողովրդի իրավունքները հօգուտ Թուրքիայի, ՍՍՀՄ-ում տարվում է հայերի ձուլման եւ ռուսացման քաղաքականություն, հայոց ազգը ենթարկվում է կործանման եւ բարոյական ոչնչցման, կոչ է արվում բարձրացնել լեռնային  Ղարաբաղի  եւ  Նախիջեւանի  ինքնավար  հանրապետությունը  Հայաստանին միացնելու հարցը:

1967 թվականի մայիսին Թադեւոսյանը կազմել է «հայ հայրենասերների միության կանոնադրություն» կոչվող փաստաթուղթ, որը զրպարտիչ հերյուրանքներ է պարունակում այն մասին, որ սովետական կարգերում ոտնահարվում է ազգային զգացմունքները,   առհամարվում   են   փոքր   ազգերի   իրավունքներն   ու   շահերը,   խախտվել   են դեմոկրատիայի սկզբունքներն, իսկ «հայոց ազգը դանդաղ գնում է դեպի ոչնչացումը»: Կոչ է արվում պահանջել Թուրքիայից հայոց հողերի վերադարձումը: (հ. գթ. -----):

Նույն թվականի հոկտեմբեր ամսին Թադեւոսյանը կազմել է այսպես կոչված «ճառ

արտասանված  հայ  հայրենասերների  վերամիավորման  1-ին  կոնֆերանսին»  որում զրպարտիչ կերպով հայտարարվել է, որ Սովետական Միությունում չեն բավարարվում հայ ժողովրդի ազգային շահից բխող պահանջները եւ այդպիսիք բավարարելու համար անհրաժեշտ է ստեղծել ընդհատակյա կազմակերպություն: (հ.5 գթ. 41- -, 206-20-):

Նշված երկու փաստաթղթերը նա նախապես քննարկման է ենթարկել խմբի անլեգալ հավաքույթներում եւ ապա բազմացրել ու հանձնել է ամբաստանյալներ Ռուբեն Հովսեփյանին եւ Էդիկ Ալեքսանյանին հետագայում տարածելու համար:

1967 թվականի ընթացքում Թադեւոսյանը տարածել է լուսանկարչական ու ռոտոտպագրային  եղանակով  բազմացված  թռուցիկներ,  «բաց  նամակ  ՍՄԿԿ-ի  կենտկոմի քաղբյուրոյին», «Կրկին ռուս թուրքական դիվանագիտության զոհասեղանին», որոնք նա ստացել է ամբաստանյալ Ռուբեն Հովսեփյանից, ինչպես նաեւ թռուցիկ, որը սկսվում է «1921թ. մարտի 16-ին Մոսկվայում» վերնագրով:

Ըստ այդ փաստաթղթերի, Սովետական կառավարությունը ոտնակոխ է անում հայ ժողովրդի օրինական կենսական շահերը ի օգուտ Թուրքիայի, կոպիտ ձեւով ոտնահարում է ազգային արժանապատվությունը ու կրկին «հայկական հարցը» օգտագործում է որպես միջոց Թուրքիայի հետ դիվանագիտական հարցերը լուծելու նպատակով: (հ.5 գթ. 205, հ.6 գթ. 1 եւ 5, գթ. 308 – 309, 311, հ. 6.6 գթ. 2-3, 4-25):

Նշված թռուցիկները ու նյութերը նա հանձնել է ամբաստանյալներ Ռուբեն Հովսեփյանին, Էդիկ Ալեքսանյանին եւ խմբակի մյուս մասնակիցներին տարածելու նպատակով:

Զրպարտչական գրականություն բազմացնելու ու տարածելու նպատակով Թադեւոսյանը անլեգալ հավաքույթներում առաջարկել է պատրաստել րոտատոր, որից հետո ձեռք է բերել մոմաթերթեր, իսկ խմբակի անդամներից մեկը նրա հանձնարարությամբ պատրաստել է րոտատորի որոշ մասեր:

1967 թվականի վերջին Թադեւոսյանը ստացել է Էդիկ Ալեքսանյանից հակասովետական բովանդակություն ունեցող «Փարոս» անլեգալ թերթը, որը կազմել եւ տարածել են ամբաստանյալների հետ առնչություն եւ ծանոթություն չունեցող անձինք: Այդ թերթը պարունակում է թշնամական հարձակումներ սովետկան պետության հասցեին եւ կոչ է անում անջատել Հայաստանի ՍՍՀՄ-ից ու ստեղծել «անկախ հայակական պետություն» (հ.6 գթ. 60-61):

Չնայած նրան, որ Թադեւոսյանը խիստ բացասական կարծիք է ունեցել «Փարոս» թերթի նկատմամբ, նա այդ թերթը կարդացել ու քննարկման է ենթարկել խմբակների հավաքույթներին Երեւանում եւ Արարատում, թերթի հետ ծանոթացրել է նաեւ Երեւան քաղաքի բնակիչ Ղ-ին, որը խմբակի անդամ չի եղել, այնուհետեւ հանձնել է Ռուբեն Հովսեփյանին եւ վկա Զ-ին հետագա տարածման համար:

Գործով բոլոր ամբաստանյալները, ինչպես նաեւ խմբակի մյուս անդամները, քննադատության են ենթարկել «Փարոս» թերթի հակասովետական բովանդակությունը եւ բացառել են թերթի հայացքները, համարելով այն վնասակար ու անընդունելի իրենց խմբակների համար: Նույնը երեւում է «ՀՀՄ-ի կանոնադրություն» տեքստից: (հ.5 գթ. 226-239):

1968 թվականի հունվարին Թադեւոսյանի հանձնարարությամբ Մոսկվայում ձեռք է բերվել «Օպտիմա» մակնիշի էլեկտրական գրամեքենա, որի շրիֆտը Երեւանում փոխվել է հայերենի:

1968 թվականի գարնանը Թադեւոսյանը կազմել է երեք տեսակի նոր  թռուցիկներ` «Կոչ հայ մտավորականությանը` Մեծ եղեռնի 53-րդ տարեդարձի առթիվ» «Կոչ հայ երիտասարդությանը` Մեծ եղեռնի 53-րդ տարեդարձի առթիվ», «Հիշեցում հայ ժողովրդին`    Մեծ    Եղեռնի    53-րդ    տարեդարձի    կապակցությամբ»:    Խմբակի    անլեգալ հավաքույթներում քննարկելուց հետո նա այդ թռուցիկները խմբակի անդամների օգնությամբ բազմացրել է հատուկ այդ նպատակով վարձած կոնսպիրատիվ սենյակում «Օպտիմա» գրամեքենայով ավելի քան 2000 օրինակ: (հ.6 գթ. 26,36,31):

Նշված թռուցիկներում զրպարտիչ կարգով հայտարարվել է, որ խորհրդային իրավակարգում հայ ազգը ինտերնացիոնալիզմի քողի տակ բարոյական մահի է ենթարկվում, իսկ հայոց լեզուն - ռուսացման:

Այդ թռուցիկները տարածելու նպատակով Թադեւոսյանը հանձնել է  500 օրինակ Էդիկ  Ալեքսանյանին,  300  օրինակ`  Ռուբեն  Հովսեփյանին,  220  օրինակ`  Միսակ  Խաչատրյանին, 530 օրինակ խմբակի այլ մասնակիցներին, 1968 թվականի ապրիլիան տարածել են թռուցիկները Երեւանում, Լենինականում, Արտաշատում եւ Արարատում: Մնացած թռուցիկները նա պատրաստել է հանձնելու խմբակի մյուս անդամներին տարածելու համար, սակայն չէր հասցրել այդ անել, որովհետեւ ապրիլի 17-ին ձերբակալվել էր, իսկ թռուցիկները հայտնաբերվել եւ առգրավվել էին:

(հ.1 գթ. 203, 95-113, 90-93):

1968 թվականի գարնանը ամբաստանյալ Թադեւոսյանը եւ Ալեքսանյանը Վարդանյանի միջոցով փորձել են անլեգալ խմբակ կազմակերպել նաեւ Կիրովական քաղաքում, սակայն այդ նրանց չի հաջողվել:

Ամբաստանյալ Ռուբեն Հովսեփյանը ծանոթացել եւ ազգայնական համաոզմունքների հողի վրա մտերմացել է Թադեւոսյանի հետ 1967թ. սկզբներին: Նույն ժամանակ նա ստացել է Թադեւոսյանից «Հայաստանը եւ Թուրքիան առաջիկա կոնֆերանսում» հոդվածը, որը արտագրել եւ հանձնել է ամբաստանյալ Եղիազարյանին բազմացնելու համար:

Նույն թվականի ապրիլին նա հանձնել է Թադեւոսյանին Եղիազարյանի եւ գործով վկա Բ-ին իր մոտ ունեցած թռուցիկները վերնագրով` «Կրկին ռուս թուրքական դիվանագիտության զոհասեղանին», «բաց նամակ ՍՄԿԿ-ի Կենտկոմի քաղբյուրոյին», ինչպես նաեւ մի թռուցիկ, որը սկսվում է «1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում» բառերով:

Նույն ժամանակ Հովսեփյանը ստացել է ամբաստանյալ Թադեւոսյանից եւ տարածել է Երեւանի մանկավարժական ինստիտուտում թռուցիկներ` «Կոչ հայ մտավորականությանը մեծ եղեռնի 52-րդ տարեդարձի առիթով», «Կոչ հայ ժողովրդին` մեծ եղեռնի 52-րդ տարեդարձի կապակցությամբ» եւ «Խոսք սրտի խորքից հայոց ողբերգության 52-րդ   տարեդարձի կապակցությամբ»:

1967 թվականի վերջին Հովսեփյանը, Թադեւոսյանի առաջարկով հիշյալ ինստիտուտում կազմակերպել է անլեգալ խմբակ «Հույս անվան տակ» որի մեջ մտել են ամբաստանյալ Մխիթարյանը եւ այլ ուսանողներ, իսկ հետագայում խմբակի մեջ է ներգրավվել նաեւ ամբաստանյալ Եղիազարյանը:

Այս խմբակը բաղկացած է 7 հոգուց, Հովսեփյանի ղեկավարությամբ սիստեմատիկ հավաքույթներում քննարկել է հարցեր, կապված զրպարտչական նյութեր բազմացնելու եւ տարածելու հետ: Խմբակի մասնակիցներից գանձվել է անդամավճարներ, իսկ գոյացած գումարները օգտագործվել է խմբակի գոյության ապահովման համար: Նույն ժամանակ Հովսեփյանը ստացել է Թադեւոսյանից վերոհիշյալ «ճառի» տեքստը եւ հակասովետական «Փարոս» թերթի օրինակը, որոնք կարդացել է խմբակի հավաքույթում:

1968 թվականի մարտին Հովսեփյանը ստացել է Թադեւոսյանից հետեւյալ թռուցիկների տեքստերը` «Կոչ հայ մտավորականությանը` մեծ եղեռնի 53-րդ տարեդարձի առթիվ»,   «Կոչ   հայ   երիտասարդությանը`   մեծ   եղեռնի   53-րդ   տարեդարձի   առթիվ», «Հիշեցում  հայ  ժողովրդին`  մեծ  եղեռնի  53-րդ  տարեդարձի  կապակցությամբ»:  Այդ տեքստերը Հովսեփյանը քննարկման է ենթարկել խմբակի հավաքույթում, որից հետո հատուկ այդ նպատակով վարձած կոնսպիրատիվ սենյակում դրանք գրամեքենայով բազմացրել է մեծ քանակությամբ:

Բազմացված թռուցիկներից 155 օրինակ նա հանձնել է ամբաստանյալ Ղարագուլյանին տարածելու համար, իսկ մնացած ---- օրինակը առգրավվել է ապրիլի 15-ին Հովսեփյանի եւ մյուսների ձերբակալման ժամանակ:

(հ. ---------------)

Ամբաստանյալ Ալեքսանյանը, հանդիսանալով Թադեւոսյանի կողմից կազմակերպված անլեգալ խմբի անդամ 1967 թվականի գարնանը ակտիվ մասնակցություն է ունեցել խմբի աշխատանքներին:

1967 թվականի ապրիլին Ալեքսանյանը ստացել է Թադեւոսյանից 650 օրինակ թռուցիկներ` «Կոչ հայ մտավորականությանը` մեծ եղեռնի 53-րդ տարեդարձի առթիվ», «Կոչ հայ ժողովրդին` մեծ եղեռնի 53-րդ տարեդարձի կապակցությամբ», «Խոսք սրտի խորքից» եւ տարածել է այդպիսիք Լենինական եւ Երեւան քաղաքներում:

1967 թվականի օգոստոսին Ալեքսանյանը Լենինական քաղաքում հայտնել է ամբաստանյալ Վարդանյանին Երեւան քաղաքում գոյություն ունեցող անլեգալ խմբակի մասին, որից հետո Վարդանյանը կազմակերպել է նույնանման խմբակ Լենինականում:

Նույն թվի վերջերին Լենինականի խմբակի հավաքույթներից մեկում նա կարդացել ու քննարկման է ենթարկել Թադեւոսյանից ստացած նյութերը` «ՀՀՄ-ի կանոնադրությունը», «Ճառ արտասանված հայ հայրենասերների վերամիավորման առաջին կոնֆերանսում»:

Նույն ժամանակ նա ստացել է Վարդանյանից 200 ռուբլի դրամ, որը վերջինս հավաքել էր խմբակի անդամներից եւ հանձնել է այդ դրամը Թադեւոսյանին գրամեքենա ձեռք բերելու համար:

1967 թվականի աշնանը Ալեքսանյանը ստացել է Վարդանյանից վերոհիշյալ «Փարոս» հակասովետական թերթը եւ հանձնել է այն Թադեւոսյանին:                                                        

1967 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Ալեքսանյանը խմբակի կոնսպիրատիվ սենյակում Թադեւոսյանի հետ միասին մասնակցել է վերը նշված երեք տիպի թռուցիկների  պատրաստմանը:  Այդ  թռուցիկներից  650  օրինակ  նա  տարել  է  Լենինական  ու հանձնել է Վարդանյանին տարածելու համար, իսկ 30 օրինակ ինքն է տարածել Երեւանի պետական համալսարանի հանրակացարանում:

Նույն ամիսներին Ալեքսանյանը եւ Թադեւոսյանը ամբաստանյալ Վարդանյանի միջոցով կապ են  հաստատել Կիրովական քաղաքի բնակիչ Գառնիկ անունով անձնավորության հետ ու բանակցություններ են վարել Կիրովականում անլեգալ խմբակ կազմակերպելու համար: Այդ նպատակով էլ Ալեքսանյանը հանձնել է Վարդանյանին հետեւյալ   զրպարտչական   նյութերը`   «Ճառ   ատրասանված   հայ   հայրենասերների վերամիավորման 1-ին  կոնֆերանսում», «կրկին ռուս-թուրքական  դիվանագիտության զոհասեղանին», «Հայաստանը եւ Թուրքիան առաջիկա կոնֆերանսում», որոնք վերջինս պետք է հանձներ այդ անձնավորությանը:

Ամբաստանյալ Վարդանյանը 1967 թվականի օգոստոսին Լենինական քաղաքում կազմակերպել է անլեգալ խմբակ, որի մեջ ընդգրկել է 8 հոգի: Հանդիսանալով այդ խմբակի  ղեկավար,  նա  սիստեմատիկաբար  անց  է  կացրել հավաքույթներ,  խմբակի մասնակիցներից կանոնավոր կերպով հավաքել է անդամավճար, Ալեքսանյանի միջոցով կապ է հաստատել Թադեւոսյանի հետ:

1967 թվականի վերջին Վարդանյանի խմբակի հավաքույթում Ալեքսանյանի հետ միասին քննարկել է «ՀՀՄ-ի կանոնադրությունը», ինչպես նաեւ «Ճառը»:

Նույն ժամանակ խմբակի դրամական միջոցներից հանձնել է Ալեքսանյանին 200 ռուբլի` թռուցիկներ բազմացնելու ու տարածելու նպատակով գրամեքենա ձեռք բերելու համար: Նույն Ալեքսանյանին հանձնել է նաեւ վերեւում հիշատակված «Փարոս» թերթը, որը նա ստացել էր գործով վկա Մ-ից:

Համատեղ անլեգալ աշխատանք տանելու նպատակով Վարդանյանը կապ է հաստատել Կիրովական քաղաքի բնակիչ` ոմն Գառնիկի հետ եւ 1968 թվականի ապրիլին կազմակերպել է Թադեւոսյանի ու Ալեքսանյանի հանդիպումը նրա հետ Երեւանում, որից հետո Ալեքսանյանից ստացել է հերյուրանքներ պարունակող նյութեր հիշյալ անձնավորությանը հանձնելու համար:

1968 թվականի ապրիլին Վարդանյանը ստացել է Ալեքսանյանից 450 օրինակ թռուցիկներ-կոչեր, որոնց ճնշող մեծամասնությունը տարածել է Լենինականում ինչպես ինքն անձամբ, այնպես էլ խմբակի անդամների միջոցով:

Ամբաստանյալ Միսակ Խաչատրյանը 1967 թվականի դեկտեմբերին Թադեւոսյանի

առաջարկով Արարատ քաղաքի քիմիական տեխնիկումում կազմակերպել է նույնանման անլեգալ խմբակ, որի մեջ ընդգրկել է 6 ուսանող:

1967 թվականի դեկտեմբեր ամսից մինչեւ 1968 թվականի ապրիլ ամիսը Խաչատրյանը անց է կացրել խմբակի 4 հավաքույթներ, որոնցից երկուսին մասնակցել է Թադեւոսյանը:   Հավաքույթներում   քննարկվել   է   կազմակերպչական   ու   թռուցիկների տարածման հետ կապված հարցեր, կարդացվել է հիշատակված «Փարոս» թերթի մի մասը:

1968  թվականի  ապրիլին  Խաչատրյանը  ստացել  է  Թադեւոսյանից  220  օրինակ թռուցիկներ` «Կոչ հայ մտավորականությանը` մեծ եղեռնի 53-րդ տարեդարձի առթիվ», «Կոչ հայ երիտասարդությանը` մեծ եղեռնի 53-րդ տարեդարձի առթիվ» եւ «Հիշեցում հայ ժողովրդին` մեծ եղեռնի 53-րդ տարեդարձի կապակցությամբ» որոնց բովանդակությանը ծանոթացրել է խմբակի անդամներին:

Նույն թվականի ապրիլի 17-ին Խաչատրյանը ինչպես անձամբ, այնպես էլ խմբի անդամների միջոցով այդ թռուցիկները տարածել է Արարատ եւ Արտաշատ քաղաքներում:

Ամբաստանյալ Ռաֆիկ Ղարագուլյանը 1967 թվականի նոյեմբերին ծանոթանալով Ռ. Հովսեփյանի հետ, 2 անգամ մասնակցել է մանկավարժական ինստիտուտի անլեգալ խմբակի հավաքույթներին:

1968 թվականի ապրիլի 16-ին Ղարագուլյանը վերցրել է Հովսեփյանից 158 օրինակ վերոհիշյալ թռուցիկներից տարածելու նպատակով, նույն օրը այդ թռուցիկները նա բերել է թատերական-գեղարվեստական ինստիտուտ, որտեղ թռուցիկների բովանդակության հետ ծանոթացրել է իր համակուրսեցի երեք ուսանողներին առաջարկել է նրանց մասնակցել թռուցիկների տարածմանը, սակայն այդ անձինք չեն համաձայնվել:

Թռուցիկներից մեկի տեքստի հետ նա ծանոթացրել է իր եղբորը:

Թռուցիկների հետագա տարածումը նրան չի հաջողվել, քանի որ նույն օրը նա ձերբակալվել  է:

Ամբաստանյալ Անդրանիկ Մխիթարյանը 1967 թվականի նոյեմբեր ամսից եղել է Հովսեփյանի կողմից կազմակերպված անլեգալ խմբակի անդամ, մասնակցել է զրպարտչական նյութերի քննարկմանը:

1968 թվականի փետրվարին նա վերցրել է Հովսեփյանի «Ճառ արտասանված հայ հայրենասերների վերամիավորման 1-ին կոնֆերանսում» վերնագրով փաստաթուղթը եւ հանձնել է այն համակուրսեցի Է-ին բազմացնելու համար:

1968 թվականի ապրիլին Մխիթարյանը մասնակցել է վերոհիշյալ թռուցիկներ կոչերի բազմացմանը: Նրա խնդրանքով նույն Է-ն, որը խմբակի անդամ չէր, Հովսեփյանի կոնսպիրատիվ սենյակում մեքենագրել է թռուցիկնրը, իսկ Մխիթարյանն ուղղումներ է մտցրել մեքենագրված տեքստի մեջ:

Սակայն տարածել այդ թռուցիկները նրան չի հաջողվել, քանի որ 1968 թ. ապրիլի 16-ին թռուցիկները ստանալու պահին, ձեռբակալվել է:

Ամբաստանյալ Վահան Եղիազարյանը 1967 թ. ամառը ստացել է Ռուբեն Հովսեփյանից «բաց նամակ ՍՄԿԿ-ի Կենտկոմի քաղբյուրոյին» ու «կրկին ռուս-թուրքական դիվանագիտության զոհասեղանին» վերնագրով թռուցիկներ եւ ծանոթացրել է նրանց բովանդակության հետ ուսանողներ` Թ-ին եւ Ժ-ին;

Նույն ժամանակ նա բազմացման նպատակով ստացել է Հովսեփյանից վերեւում հիշված «Հայաստանը եւ Թուրքիան առաջիկա կոնֆերանսում» հոդվածը, որը նշված թռուցիկների հետ միասին տարել է իր բնակավայրը` Մարտունու շրջանի Ծակքար գյուղը, որտեղ նրանք կարդացել է իր բարեկամ Ի-ին:

1968 թվականի մարտին Վահան Եղիազարյանը Ռուբեն Հովսեփյանի եւ մյուսների հետ միասին կարդացել ու քննարկել է «Ճառ արտասանված հայ հայրենասերների վերամիավորման 1-ին կոնֆերանսում» վերնագրով փաստաթուղթը: Նույն ամսին Ռ. Հովսեփյանի կողմից նա ներգրավվել է անլեգալ խմբակի մեջ:

1968  թվականի մարտ-ապրիլ ամիսներին  նա Ռուբեն Հովսեփյանի հետ միասին բնակվել է խմբակի անլեգալ կոնսպիրատիվ սենյակում եւ մասնակցել է ներքոհիշյալ թռուցիկների մեծաքանակ բազմացմանը «Կոչ հայ մտավորականությանը` մեծ եղեռնի 53-րդ տարեդարձի առթիվ», «Կոչ հայ երիտասարդությանը` մեծ եղեռնի 53-րդ տարեդարձի առթիվ», «Հիշեցում հայ ժողովրդին` մեծ եղեռնի 53-րդ տարեդարձի կապակցությամբ»: Այդ թռուցիկներից մեկի տեքստի հետ ծանոթացել է վկա Ը-ն:

1968  թվականի  ապրիլի  16-ին  Վահան  Եղիազարյանը  ձերբակալվել  է,  այդ  իսկ պատճառով նրան չի հաջողվել տարածել պատրաստված թռուցիկները:

Դատաքննության ընթացքում բոլոր ամբաստանյալներն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր ճանաչեցին եւ բացատրեցին, որ իրոք զրպարտիչ հերյուրանքներ պարունակող թռուցիկներ եւ այլ փաստաթղթեր են պատրաստել եւ տարածել այնպես, ինչպես դա շարադրված է սույն դատավճռի նկարագրական մասում:

Ամբաստանյալների կողմից կատարված հանցանքը հիմնավորված է նաեւ նախաքննության ընթացքում հայտնաբերված մեծ քանակությամբ թռուցիկներով երկու գրամեքենայով եւ այլ իրեղեն ապացույցներով:

(հ.5 գթ. 201-206):

Գործով հարցաքննված բոլոր վկաները հաստատեցին, որ ամբաստանյալներ` Հ. Թադեւոսյանը, Ռ. Հովսեփյանը, Է. Ալեքսանյանը, Ռ. Վարդանյանը, Մ. Խաչատրյանը, Ռ. Ղարագուլյանը, Ա. Մխիթարյանը եւ Վ. Եղիազարյանը կատարել են վերանշված արարքները:

Այսպիսով ապացուցված է, որ ամբաստանյալ Հ. Թադեւոսյանը, Ռ. Հովսեփյանը, Է. Ալեքսանյանը, Ռ. Վարդանյանը, Մ. Խաչատրյանը, Ռ. Ղարագուլյանը, Ա. Մխիթարյանը եւ Վ. Եղիազարյանը գրավոր եւ տպագրված ձեւով սիստեմատիկորեն պատրաստել եւ տարածել են սովետական պետական կարգը արատավորող ակնհայտ հերյուրանքներ:

Պատիժ սահմանելիս դատական կոլեգիան հաշվի է  առնում, որ ամբաստանյալներ Ռ. Հովսեփյանը 1966թ. իսկ Ռ. Ղարագուլյանը 1965-1966թթ. նույնպես զբաղվել են նույնանման անլեգալ գործունեությամբ: Այդ կապակցությամբ 1966թ. նրանք կանչվել են պետական անվերապահության կոմիտե եւ համապատասխան  ձեւով նախազգուշացվել:

(հ. 8 գթ. 58-61: հ.4 գթ. 250-256, 269-275, հ.3 գթ. 302-306, հ.8 գթ. 39-57):

Սակայն այն նախազգուշացումից հետո նրանք շարունակել են նույն արարքները: Միաժամանակ դատական կոլեգիան հաշվի է առնում յուրաքանչյուր ամբաստանյալի կատարած դերը, նրանց երիտասարդությունը եւ քաղաքականապես անհաս լինելը, բնութագրերը, Ղարագուլյանի ֆիզիկական պակասությունը (ձախ ոտքը կարճ է աջից 7,5 սմ. չափով, հ.8 գթ. 130-, 23-30) եւ այն, որ ամբաստանյալներ Հ. Թադեւոսյանը, Ռ. Հովսեփյանը, Է. Ալեքսանյանը, Ռ. Վարդանյանը, Մ. Խաչատրյանը, Ռ. Ղարագուլյանը, Ա. Մխիթարյանը եւ Վ. Եղիազարյանը հիմնականում ազնվորեն խոստովանել են իրենց արարքները, առաջին երկուսը, բացի դրանից աջակցել են հանցագործության բացելուն:

Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով Հայկական ՍՍՀ քր. դատ. օրի 293-294 հոդվածներով, դատական կոլեգիան`

Վ Ճ Ռ Ե Ց

Հակոբջան Դրաստամատի Թադեւոսյանին, Ռուբեն Մովսեսի Հովսեփյանին, Էդիկ Վրեժի Ալեքսանյանին, Ռուբիկ    Թադեւոսի Վարդանյանին, Միսաք Խաչիկի Խաչատրյանին, Ռաֆիկ Աշոտի Ղարագուլյանին, Անդրանիկ Սուրենի Մխիթարյանին եւ Վահան Սարգիսի Եղիազարյանին ճանաչել հանցավոր Հայկական ՍՍՀ քրեական օրենսգրքի 2061 հդվածով եւ ենթարկել ազատազրկման:

Հակոբջան Դրաստամատի Թադեւոսյանին` 2 տարի 3 ամիս (երկու տարի երեք ամիս) ժամանակով պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Պատժի սկիզբը հաշվել 1968 թվականի ապրիլի 17-ից:

Ռուբեն Մովսեսի Հովսեփյանին` 2 տարի երեք ամիս (երկու տարի երեք ամիս) ժամանակով, պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Պատժի սկիզբը հաշվել 1968 թվականի ապրիլի 16-ից:

Էդիկ Վրեժի Ալեքսանյանին` 1 տարի եւ 6 ամիս (մեկ տարի վեց ամիս) ժամանակով, պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում:

Ռուբիկ Թադեւոսի Վարդանյանին 1 տարի եւ 6 ամիս (մեկ տարի եւ վեց ամիս) ժամանակով, պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում:

Միսաք Խաչիկի Խաչատրյանին` 1 տարի 2 ամիս (մեկ տարի եւ երկու ամիս) ժամանակով, պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում:

Է. Վ. Ալեքսանյանի, Ռ. Թ. Վարդանյանի եւ Մ. Խ. Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել` անմիջապես վերցնել կալանքի եւ ուղարկել պետական  անվտանգության  կոմիտեի  քննչական  մեկուսարան:  Կալանքի  սկիզբը  հաշվել 1968 թվականի նոյեմբերի 20-ից:

Ռաֆիկ Աշոտի Ղարագուլյանին` 1 տարի (մեկ տարի) ժամանակով, պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Պատժի սկիզբը հաշվել 1968թվականի  ապրիլի 16-ից:

Անդրանիկ Սուրենի Մխիթարյանին` 1 տարի (մեկ տարի) ժամանակով ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում:

Նկատի ունենալով, որ բացի վերոհիշյալից, որ նրա ընտանիքը բազմանդամ է, իսկ հայրը հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ է եւ նա սովորում եւ աշխատում է, դատապարտյալ Ա. Մխիթարյանի նկատմամբ կիրառել քր. օրի 41 հոդվածը եւ սահմանված մեկ տարի ազատազրկումը փոխարինել պայմանական դատապարտությամբ երկու տարի փորձաշրջանով:

Վահան Սարգիսի Եղիազարյանին` 1 տարի (մեկ տարի) ժամանակով ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում:

Նկատի ունենալով, բացի վերոհիշյալ հանգամանքներից, որ նրա խնամքին տակ են գտնվում կինը եւ երկու մանկահասակ երեխաները, դատապարտյալ Եղիազարյանի նկատմամբ կիրառել քր. օրի 41 հոդվածը եւ սահմանված մեկ տարի ազատազրկումը փոխարինել պայմանական դատապարտությամբ երկու տարի փորձաշրջանով:

Գործով իրեղեն ապացույցներ` «Օպտիմա» եւ «Մոսկվա» մակնիշի երկու գրամեքենաները 125 ռուբլի դրամը պետականացնել, իսկ ռոտատորի մասերը, թռուցիկները, փաստաթղթերը եւ լոզունգները ոչնչացնել:

Դատավճիռը վերջնական է եւ վճռաբեկ կարգով գանգատարկման եւ բողոքարկման ենթակա չէ:

Նախագահ`                                         Դանիելյան

Ատենակալներ`                                   Դ. Գաբրիելյան Է. Լազարեւա- Բախշիյան

ՃԻՇՏ Է ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱԳԱՀՈՂ`           Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

25/11-68թ. ԵՄ.

Լուսանկարում աջից՝ Հակոբջան Թադեւոսյանը և Ռուբեն Հովսեփյանը / քրեական գործից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ