HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ընտրական օրենսգրքում նորամուծություններ են նախատեսվում, այդ թվում` մատների անգույն թանաքով թանաքոտումը

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով, որը ղեկավարելու է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, իսկ քարտուղարը լինելու է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։

Դանիել Իոաննիսյանն այսօր խորհրդարանում հանդիպում էր ունեցել «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ։

Իոաննիսյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ընտրական օրենսգրքի հետ կապված քննարկումներին առաջարկել են մասնակցել բոլոր խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերին, ՀԿ-ներին, ազգային փոքրամասնություններին։ ՀՀԿ-ից բացի՝ մնացած բոլոր խոշոր կուսակցությունների հետ եղել են հանդիպումներ: ՀՀԿ-ն մինչ այս պահը հրաժարվել է հանդիպումից։

«ՀՀԿ-ից հրաժարվեցին այդ քննարկումներից, պատճառաբանեցին, որ խորհրդարանում ստեղծվելու է հանձնաժողով: Ամեն դեպքում ես ներկայացրեցի, որ չենք ուզենա սկսել նախագծի հետ աշխատանքը, մինչև բոլորի հետ քննարկելը: Մենք շահագրգռված ենք, որ բոլորը ներգրավված լինեն, բայց իրենց իրավունքն է: Առաջին նախագիծը կպատրաստվի առանց ՀՀԿ-ի»,- ասաց նա:

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ ԸՕ-ում մի շարք դրույթներ փոխվելու են. «Արտահերթ ընտրությունների սահմանադրական ժամկետը 30-45 օր է, բայց կան գործառույթներ, որոնք տարբեր մարմիններ պետք է անեն, օրինակ, ընտրություններից 2 ամիս առաջ: Օրինակ՝ նախագահը ընտրություն նշանակեց 35 օրից, ինչպե՞ս կարող է ՀՌԱՀ-ը քվեարկությունից 2 ամիս առաջ մեթոդոլոգիա մշակել, կամ ոստիկանությունը քվեարկությունից 40 օր առաջ ընտրողների ցուցակ հրապարակել: Այսինքն, օրենսգիրքը լուրջ թերություններ ունի՝ կապված արտահերթ ընտրությունների ժամկետների հետ: Դրա հետ կապված բազմաթիվ դրույթներ պետք է փոխվեն, և դա երեւի քննարկման առարկա էլ չէ»,- ասաց Իոաննիսյանը։

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ նախատեսում են ռեյտինգային ընտրակարգը հանել․ «Քննարկվում է նաև փոխելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրակարգը»,- ասաց նա։

Քվեարկության կարգում էլ նորամուծություններ կլինեն: «Կրկնաքվեարկությունների կանխման մեխանիզմներ ենք քննարկում, որովհետև հանրային վստահության առումով դրանք խնդիր են: Հանրությունը պետք է վստահ լինի, որ այնպիսի մեխանիզմներ են, որ կրկնաքվեարկությունը բացառված է: Քննարկվող մեխանիզմներից մեկը մատների անգույն թանաքով թանաքոտումն է, կամ սփրեյավորումը, ինչպես Վրաստանում է: Ինքը էսթետիկ խնդիր չէ, չի երևում անզեն աչքով, միայն ուլտրամանուշակագույն լույսի տակ է երևում, առողջությանը վնասակար չէ, բայց հնարավորություն է տալիս, որ անձը, ով արդեն քվեարկել է, ընտրական տեղամաս անգամ չկարողանա մուտք գործել, եթե, իհարկե, դիտորդ, լրագրող կամ համապատասխան կարգավիճակով այլ մարդ չէ»,- ասաց նա։

Իոաննիսյանի խոսքով՝ թանաքը ցնդող է, բայց ոչ այդքան արագ՝ 2 օր հետո է անցնում. «Տարբեր քիմիական ներգործությամբ փորձեր մենք կատարեցինք այդ սփրեյի վրա, որը մեզ Վրաստանի ԿԸՀ-ից ուղարկեցին, և այն չի մաքրվում․ ացետոնով, բենզինով, ջրով, ամեն ձև փորձում էինք, հստակ երևում է, որ մատը սփրեյավորված է: Այն, իմ կարծիքով, բավականին արդյունավետ միջոց է՝ կրկնաքվեարկությունն իսպառ բացառելու առումով»։

Հաջորդ նորամուծությունն այն է, որ քվեախցիկներում չեն լինելու գրիչներ, քվեաթերթիկների վրա նշումներ չեն լինելու։ «Բավական է այն, որ ընտրողը ծրարի մեջ դնի տվյալ քաղաքական ուժի, դաշինքի քվեաթերթիկը»,- ասաց Իոաննիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter