HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձրագույն դատական խորհրդի պարզաբանումը՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին

Վերջին շրջանում առանձին քաղաքացիներ, ինչպես նաև փաստաբաններ, դիմում են Բարձրագույն դատական խորհրդին՝ առանձին դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու խնդրագրերով: Այս մասին հայտնում է դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ նման դիմումները վկայում են, որ օրենսդրության պահանջներին ոչ բոլորն են քաջատեղյակ:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը, հանդիսանալով Բարձրագույն դատական խորհրդի կարևոր լիազորություններից մեկը, իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ գլխում ամրագրված են դատավորի կարգապահական պատասխանատվության իրավակարգավորումները:  

Սահմանելով դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերը, վարույթ հարուցելու ժամկետները, առիթները, վարույթի ընթացակարգը` Օրենսգրքի 145-րդ հոդվածով միաժամանակ նախատեսված է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունի բացառապես երկու մարմին՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ձևավորված կարգապահական հարցերի հանձնաժողովը, որը Բարձրագույն դատական խորհրդին ենթակա մարմին չէ, և պետական լիազոր մարմինը, որը եղել և շարունակում է հանդիսանալ Արդարադատության նախարարը

Օրենսգրքի 148-րդ հոդվածով սահմանված է իրավասու սուբյեկտների կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու կարգը:

Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս Բարձրագույն դատական խորհուրդը  հանդես է գալիս որպես դատարան: Ակնհայտ է, որ դատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին:

Ելնելով գործող օրենսդրության պահանջներից՝ անհրաժեշտ է դատավորի նկատմամբ  կարգապահական վարույթ հարուցելու հարցերով նախապես դիմել վերոնշյալ երկու մարմիններից մեկին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter