Կիրակի, 23 սեպտեմբերի

Գործարար Աղասի Զավարյանը Այգեհատում ընկույզի այգիներ կառուցող ընկերությանը ժամանակին է փոխանցել վճարումները



Չեխահայ գործարարի Այգեհատի ընկուզենու այգիների կառուցումը ընթանում է լայն թափով: Մայիսի 24-ի դրությամբ` ավարտվել է մոտ 50 հա ընդգրկող այգու պարսպապատման աշխատանքները: Փորձարկվել է ոռոգման կաթիլային համակարգը, ավարտվել է այգու արհեստական ջրամբարի կառուցումը: Ավարտին են մոտենում նաև պոմպակայանի ներքին հարդարման աշխատանքները: Այգում արդեն տնկվել է «Իդեալ» տեսակի ընկուզենու 5000 տնկի:

«Այգու հիմնադրման աշխատանքների 95 տոկոսն արդեն ավարտել ենք»,- երեկ «Հետք»-ին հայտնեց այգու կառուցման աշխատանքները իրականացնող «Ագրոինտեքս» ՍՊԸ-ի հիմնադիր անդամ Դավիթ Չիթչյանը:

Մայիս ամսվա աշխատավարձը ուշացնելու համար հունիսի 18-ին «Ագրոինտեքս»-ի աշխատողները բողոքի ցույցի էին դուրս եկել Այգեհատ-Ստեփանավան ճանապարհաեզրին, իսկ հունիսի 19-ին՝ ժամը 2-ին, այգու շինարարները նույն վայրում սպասում էին իրենց աշխատավարձի խնդիրը քննարկելու համար Այգեհատ ժամանող ընկերության հիմնադիր անդամ Դավիթ Չիթչյանին:

Այգու կառուցման մոտ 7 ամիսների ընթացքում առաջին անգամ չեխահայ գործարարը բախվեց Հայաստանի բիզնես ոլորտում սովորական դիտվող՝ աշխատողների աշխատավարձի վճարման ուշացման երևույթին: Հեռախոսով Աղասի Զավարյանից տեղեկացանք, որ իր այգու աշխատողների աշխատավարձի գումարները ժամանակին փոխանցվել են «Ագրոինտեքս» ՍՊԸ-ին: Ա. Զավարյանը անհարմար վիճակի մեջ էր իրեն զգում աշխատողների դժգոհությունից և դրա հետ կապված մամուլի հրապարակումներից:

«Մի տեսակ թևաթափ եղա, ես դրան չէի սպասում»,- ասաց գործարարը: «Ագրոինտեքս» ՍՊԸ-ի հիմնադիր անդամ Դավիթ Չիթչյանի խոսքով՝ իրենք ընդամենը 15 օր են ուշացրել աշխատողների աշխատավարձը: Այգիների պարիսպների շինարարության աշխղեկ, գյումրեցի Սամսոն Շախուրյանի ասելով՝ իր բրիգադի աշխատողների աշխատավարձի վճարման գործում մինչև ապրիլի վերջը՝ 6 ամիսների ընթացքում, «Ագրոինտեքս»-ը թույլ չի տվել վճարման որևէ խախտում: Մայիսի 24-ին ավարտվել են այգու պարսպապատման աշխատանքները:

Ընկերության ղեկավարները աշխատողներին ասել են, որ աշխատավարձը վերջնական կվճարվի մայիսի 31-ին: Աշխատավարձը կազմել է 6,5 մլն դրամ, դրանից աշխատողներին մասնակի՝ 2 մլն դրամ աշխատավարձ է տրվել:

«Մայիսի 31-ին աշխատավարձը չեղավ: Եկան, ասացին հունիսի 5-ին կուտան աշխատավարձ: Ամսի 5-ին էլ չեղավ, էսպես մինչև օրս կերթանք ու կուգանք, որ պտի աշխատավարձ ստանանք»,- բացատրեց աշխղեկը:

Նրա խոսքով՝ հունիսի 19-ի դրությամբ «Ագրոինտեքս»-ն իր աշխատողներին աշխատավարձի 4,1 մլն դրամի պարտք է ունեցել: Աշխատողները նաև 400 հազար դրամ տուգանք են պահանջել ընկերությունից՝ աշխատավարձի համար գալ-գնալու, իրենց ծախսերի փոխհատուցման համար:

Դավիթ Չիթչյանը բացատրեց, որ իրենք աշխատողներին արդեն վճարել են 3 մլն դրամի աշխատավարձ: Խոստացել են մինչև հունիսի 5-10-ը վճարել ամբողջ աշխատավարձը։ «Ոչ ոք կյանքում չի կարա աշխատողի փողը չտալ և չի կարող ուրանալ: Ես շատ լավ հասկանում եմ, որ ցանկացած մարդ էլ աշխատավարձի պարտքից նեղվում ա: Վարկ է, կոմունալ վճարներ են, խանութի պարտք է, բոլորս հասկանում ենք»,- աշխատողներին ասաց Դավիթ Չիթչյանը։

«Ախպեր, ներող կլես, լավ խոսում ես, հարց չկա: Դու օրինակ, չէիր կարող գալ, ասել՝ տղերք ջան, հունիսի 30-ին կգաք, որ 2 օրը մի հետ, էս ժողովուրդը հավաքվում են, դատարկաձեռն գնում: Այս հանդիպումը շուտ պետք է արվեր, և էս պրոբլեմները չէին առաջանա»,- ասաց աշխատողներից մեկը:

«Իմ ասածը հետևյալն է, մենք էստեղ պատվիրատուի հետ ունեինք լրացուցիչ աշխատանք, որ վերջում մեր հաշիվները Զավարյանի ներկայացուցիչների հետ դրեցինք պլյուս-մինուս արեցինք: Դուրս եկավ, որ ինքը մեր հանդեպ պարտավորություն չունի, բայց մենք ունենք: Մենք էլ էսօր եկել ենք, մեր հարցերը կարգավորենք, մենք ուրիշ խնդիր չունենք»,- բացատրեց ընկերության ներկայացուցիչը։

Նա աշխատողներին առաջարկեց ստանալ իր հետ Այգեհատ բերված աշխատավարձը: Մինչ աշխատողները բարձր տրամադրությամբ ստանում էին աշխատավարձը, Դավիթ Չիթչյանը մեզ բացատրում էր, որ այգու կառուցման պայմանագրային ժամկետը չխախտելու համար ապրիլի 20-ից մինչև մայիսի 12-ը այգում աշխատել է մինչև 100 աշխատող:

Դ. Չիթչյանի ասելով՝ նրանք վճարման տարբեր կարգով են աշխատել: Ընկերությունն աշխատանքային տարբեր ժամկետների հաշվարկման համար է հետաձգել աշխատավարձի վճարումները:

«Աշխատողների քանակը շատ է եղել: Օրինակ 100 հոգու մեջ եղել են 30 մարդիկ, ովքեր աշխատել են իրիկվա 7-ից առավոտվա 7-ը: Եղել են մարդիկ՝ ծառատունկի վրա են աշխատել: Որպեսզի էդ ամեն ինչը ճիշտ հաշվարկվի, և ես՝ որպես հիմնարկի պատասխանատու, վճարման չափը ճիշտ հասկանամ, ինձ ժամանակ է պետք եղել»,- ասաց նա: Վերջինս պնդեց, որ պատվիրատու Աղասի Զավարյանը «Ագրոինտեքս» ՍՊԸ-ի վճարումները կատարել է ժամանակին։

«Մեր սխալն այն է, երբ աշխատողներին խոստացել ենք աշխատավարձ վճարել հունիսի 5-ին: Աշխատողներին պետք է ասեինք՝ հունիսի 20-ին կարող ենք վճարել աշխատավարձը: Ես վստահ եմ, որ դա ոչ մեկի մոտ խնդիր չէր առաջացնի: Ուղղակի մենք գիտեինք, որ ամսի 5-ին այլ մուտքեր ունենք, դրանով կապահովենք աշխատավարձը, չի ստացվել»,- բացատրեց Դ. Չիթչյանը:  

Դավիթ Չիթչյանի ասելով՝ հուլիսի 10-ին կամ 15-ին այգու նախատեսված աշխատանքները կավարտվեն: «Ագրոինտեքս» ՍՊԸ-ն 5 տարվա պայմանագիր ունի Աղասի Զավարյանի հետ: Այդ ժամանակահատվածում ընկերությունն այգին կառավարելու է ինժեներական և գյուղատնտեսական մասով:

Առաջին լուսանկարում՝ Դավիթ Չիթչյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ