HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ծախսեր, որոնք չփրկեցին. հակակարկտայինների բերած կարկուտն ու տարած փողերը

Տեխնիկական գիտությունների թեկնածու, «ԲԱՐՎԱ ինովացիոն կենտրոն» ՍՊԸ-ի  փոխտնօրեն Արման Վարդանյանը «Հետք»-ի հետ զրույցում պնդում է, որ կառավարությունում երկար տարիներ տեղի է ունեցել պետական հովանավորչություն՝ ուղղված կոնկրետ մարդկանց խմբի բարեկեցությանը, բայց ոչ՝ պետական շահին: Խոսքը հակակարկտային համակարգում տեղի ունեցած շահերի բախման եւ անարդյունավետ ծախսերի մասին է, ինչի արդյունքում գյուղատնտեսական հազարավոր տնտեսություններ մեծ վնասներ են կրել: Ըստ Վարդանյանի՝ գործել են կոռուպցիոն տարբեր մեխանիզմներ, որոնց զոհերից մեկն էլ «ԲԱՐՎԱ»-ն է։

«ԲԱՐՎԱ»-ն 2005 թվականից զբաղվում է բարձր տեխնոլոգիական սարքերի մշակմամբ եւ արտադրությամբ, դրանցից են մասնավորապես «Զենիթ» ապրանքանիշով հայտնի հակակարկտային կայանները, որոնցից արդեն արտադրվել է մոտ 600 միավոր։ Դրանք տեղադրված են Հայաստանի, Արցախի տարածքներում, ինչպես նաեւ արտահանվել են Իրան, Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Լեհաստան եւ նույնիսկ Թուրքիա: Մասնավորապես Արցախի Հանրապետության ողջ հակակարկտային համակարգը սպասարկում է «ԲԱՐՎԱ»-ն։

Հակակարկտային համակարգի գործունեությունը, ըստ Վարդանյանի, Հայաստանում շոշափելի արդյունք չի ունենում հիմնականում «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ում երկար տարիներ դիրք ունեցող մի ընտանիքի պատճառով։ Խոսքը ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սուրեն Հովսեփյանի, նրա եղբոր՝ նույն ծառայության պաշտոնյա Արթուր Հովսեփյանի եւ նրանց հոր, ԽՍՀՄ տարիներից ի վեր մինչեւ 2014թ. ՊՈԱԿ-ը ղեկավարած Ռոբերտ Հովսեփյանի մասին է:

«Այս մարդիկ տարիներ ի վեր զբաղված են պաշտոնական դիրքը ինչ-ինչ նպատակների ծառայեցնելուն եւ այս հույժ կարեւոր ոլորտում տարբեր ինտրիգներ եւ անառողջ, ապակառուցողական մթնոլորտ ստեղծելուն»,- պնդում է Արման Վարդանյանը։

«Երբ 2000-ականների կեսերին որոշվեց, որ Հայաստանի տարածքում կարկտի դեմ պայքարի համար նպատակահարմար է կիրառել գազագեներատորային հակակարկտային կայաններ, որոնց դասին է պատկանում նաեւ մեր արտադրած «Զենիթը», այս ոլորտի կանոնակարգման հետ կապված բոլոր հարցերը դրվեցին վերը նշված ՊՈԱԿ-ի վրա: «ԲԱՐՎԱ»-ն, ունենալով արդյունաբերության եւ սարքաշինության ոլորտի ահռելի փորձ, շատ արագ պատրաստեց կայանի նախատիտիպը եւ ներկայացրեց ՊՈԱԿ-ի ղեկավարությանը։ Այն ընդունվեց դրականորեն, եւ որոշում կայացվեց սկսել հանրապետության տարածքում կայանների մասսայական տեղադրում: Այնուհետեւ, շատ արագ պարզվեց, որ ի հայտ է եկել մի նոր ընկերություն, նախկինում շինարարական գործունեություն ծավալած «Պոստ Լեքս Քոնսալթինգ» անունով, որը նույնպես զբաղվում է հակակարկտային կայանների արտադրությամբ: Սկզբնական շրջանում մեր կողմից սա նորմալ ընկալվեց, ի վերջո մենաշնորհը բացասական երեւույթ է: Բայց հենց առաջին խոշոր պետական մրցույթների ընթացքում պարզ դարձավ, որ նշված ընկերության հետ ուղղակի եւ անուղղակի կապի մեջ է Հովսեփյանների ընտանիքը: Մասնավորապես, Սուրեն Հովսեփյանը, գյուտի արտոնագիր ստանալով, պայմանագրով այն փոխանցում է «Պոստ Լեքսին», որը եւ սկսում է շահել պետգնումների մրցույթներում, հաճախ առաջարկելով ավելի մեծ գին, քան «ԲԱՐՎԱ»-ն»,-պատմում է «ԲԱՐՎԱ»-ի փոխտնօրենը։

Մրցույթներից մեկում (2009թ.) մեկ կայանի գինը «ԲԱՐՎԱ»-ն նշել է 6 միլիոն դրամ, ՊԼՔ-ն՝ 8,6 միլիոն: «ԲԱՐՎԱ»-ն պատրաստ է եղել 4 ամսում տեղադրել 41 կայան, ՊԼՔ-ն՝ 6 ամսում՝ 28, ընդ որում՝ նույն 250 միլիոն դրամի դիմաց: «ԲԱՐՎԱ»-ի կայանների երաշխիքային սպասարկման ժամկետը 2 տարի է, ՊԼՔ-ինը՝ 1: Մեկ հեկտարի հաշվով հակակարկտային կայանքի շահագործման ծախսերի մասով «ԲԱՐՎԱ»-ն առաջարկել է 5000 դրամ, ՊԼՔ-ն՝ 30 հազար: Այդուհանդերձ, ՊԼՔ-ն հաղթել է այս մրցույթում:

Այս ամենը շարունակվել է մինչեւ 2013 թվականը։ Այդ ընթացքում տարբեր պետական միջոցներով, Սուրեն Հովսեփյանի գյուտի արտոնագրի հիման վրա, «Պոստ Լեքս Քոնսալթինգը» տեղադրել է 154 հակակարկտային կայան բավականին թանկ գներով, միջինը՝ 8-10 միլիոն դրամ։

«ԲԱՐՎԱ»-ն Հայաստանում տեղադրել է ավելի քան 370 կայան, որի մեծ մասը՝ մասնավոր սեկտորի պատվերով։ Ընկերության հետ համագործակցող մասնավոր ընկերությունները գոհ են կայանների արդյունավետությունից: Շիրակի մարզի Լուսակերտ եւ Ազատան համայնքները, ԼՂՀ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայությունը, «Կրիմսկայա ֆրուկտովայա կոմպանիան», Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը, «ԱրմԱս» գինու գործարանը, «Գետափի գինու գործարանը» եւ այլ պետական ու մասնավոր գործընկերներ գրավոր շնորհակալություն են հայտնել «ԲԱՐՎԱ»-ին: ԻԻՀ դեսպանը շեշտել է, որ ԶԵՆԻԹ կայանները Արեւմտյան Ատրպատականում կանխել են շուրջ 7 միլիոն դոլարի վնաս։

Պետությունը «ԲԱՐՎԱ»-ից գնվել է 80 կայան, յուրաքանչյուրի կայանի համար վճարելով 3,5 միլիոն դրամ: «Պոստ Լեքս Քոնսալթինգի» կայանները պետբյուջեի վրա արժեցել են 5,9-9,9 միլիոն դրամ։ Իսկ մինչ այդ՝ 2004-2005 թվականներին, «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ը Արգենտինայից գնել է կայաններ՝ յուրաքանչյուրի համար վճարելով 12,4 միլիոնից մինչեւ 19,6 միլիոն դրամ։

Արման Վարդանյանը պնդում է, որ տարբեր ճանապարհներով, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, իրենց առջեւ դռներ են փակվել։ Նրանց երբեմն սպառնացել են այս կամ այն պաշտոնյայով։

Ի դեպ, 2010 թվականին Ռոբերտ Հովսեփյանը ուշագրավ հայտարարություն էր արել  «Հետք»-ի իմ գործընկեր Գրիշա Բալասանյանի հետ զրույցում, ասելով, որ «ԲԱՐՎԱ»-ն լիցենզիա չունի, հետո էլ՝ որ ԱԻ այն ժամանակվա նախարարն արգելել է այդ ընկերության կայանները տեղադրել։ Նույն տարում կառավարությունում որոշել էին մրցույթներ հայտարարելու փոխարեն գնումներ կատարել միանգամից մեկ անձից ձեռք բերելու սկզբունքով։ Մեր ձեռքի տակ է գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Կ․ Միքայելյանի կողմից ստորագրված արձանագրությունը, որի համաձայն, պետությունը Արարատի եւ Արմավիրի մարզերի համար, «Պոստ Լեքս Քոնսալթինգ»-ից միանվագ գնել է 48 կայան, 412 միլիոն 128 հազար դրամ ընդհանուր արժեքով։

Վերահսկիչ պալատի բացահայտումը

ԱԻՆ-ում տեղի ունեցած տարօրինակ գնումները չեն վրիպել Վերահսկիչ պալատի ուշադրությունից։ 2012թ. բացահայտումներ են գրանցվել առ այն, որ մրցույթներից մեկի ուսումնասիրման արդյունքում հայտնաբերվել էին միլիոնների հասնող հավելագրումներ: Պարզվել է, որ մեկ անձից գնման ձեւի կիրառմամբ, հակակարկտային 76 կայանների մատակարարման պայմանագիր է կնքվել «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ընկերության հետ։ Իսկ ծրագրով նախատեսված 14 հատ ֆրանսիական ռեագենտով գործող գեներատորային կայաններից, որոնք տեղադրված գազագեներատորային կայաններից կրկնակի էժան են եւ պաշտպանում են 8 անգամ ավելի մեծ տարածք, ոչ մի հատ չի տեղադրվել: Պետության միջոցները, ըստ էության, ծախսվել են ոչ թե արդյունավետության ճանապարհով եւ խնայողությամբ, այլ՝ լրիվ հակառակը։

Պարզվել է նաեւ, որ «Պոստ Լեքս Քոնսալթինգ»-ի արտադրած կայաններն էլ չեն անցել միջգերատեսչական փորձարկումներ։ Ոչնչով չի հիմնավորվել կայանների արդյունավետությունը, պաշտպանվող տարածքի չափը, էկոլոգիական անվտանգությունը եւ այլն։ Այնինչ Ռոբերտ Հովսեփյանը այս կայաններն անվանել էր «եզակի»։

Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունից հետո «Պոստ Լեքս Քոնսալթինգ»-ը դատական հայց է ներկայացրել պալատի դեմ։ Բայց երկար ժամանակ չանցած, հանկարծ ընկերությունն անհետացել են, կոնտակտային տվյալները փոխվել են, պատասխանատուները՝ դարձել անհասանելի։ Հետագայում հակակարկտային կայանների տեղակայման աշխատանքների իրականացման ընթացքում պետական բյուջեից խոշոր չափերի գույք հափշտակելու համար մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ Գյուղատնտեսության աջակցման հիմնադրամի տնօրեն Գագիկ Ղալումյանին եւ Գեւորգ Գրիգորյանին:

Հարուցվել են քրեական գործեր, ձերբակալվել են տարբեր անձինք, իսկ «Պոստ Լեքսը» դադարեցրել է գործունեությունը։ Այդ ընթացքում տեղի է ունեցել 2013թ. Արմավիրի մարզի հայտնի կարկտահարությունը, որն ընդգրկեց մոտ 50 գյուղ եւ բնակավայր: Այս աղետից հետո էլ, կառավարությունը որոշում է կայացրել Արմավիրի մարզին տրամադրել 50 հակակարկտային կայան: «Պոստ Լեքսը» նույնիսկ կասեցված գործունեությամբ մասնակցել է մրցույթին եւ հաղթել, սակայն գնումների փոփոխված օրենքը թույլ չի տվել նման իրավիճակում պայմանագիր ստորագրել:

Հովսեփյանը հակադարձում է

«ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սուրեն Հովսեփյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ երբեւէ չի միջամտել մրցութային հանձնաժողովների աշխատանքին, քանի որ նման լծակ չի էլ ունեցել: Նա պնդում է՝ շահերի բախում չի եղել:

«Այն մրցույթները, որոնցում հաղթել է «Պոստ Լեքսը», կազմակերպել է Գյուղատնտեսության նախարարությունը, որի հետ ես կապ չունեմ։ Ես կապ չունեմ նաեւ այդ ընկերության հետ: Այն մրցույթները, որոնցում հաղթել է «ԲԱՐՎԱ»-ն, կազմակերպել է մեր գերատեսչությունը՝ ԱԻՆ-ը։ Ու որեւէ խոչընդոտ չի եղել»,- ասում է Հովսեփյանը։ Նրա խոսքով՝  իր գյուտը, որը վերաբերում է կայանները տեխնիկապես ավելի ուժեղացնելուն, առաջարկել է նաեւ «ԲԱՐՎԱ»-ին եւ ստացել բացասական պատասխան: Իսկ ահա «Պոստ Լեքսն» ընդունել է համագործակցության առաջարկը։

«Գյուտը եղել է օրենքի սահմաններում։ Մրցույթները՝ նույնպես: Ես որեւէ հանձնաժողովում չեմ եղել, չեմ ունեցել իրավական լծակ՝ ազդելու համար արդյունքների վրա։ Գյուղնախարարության հանձնաժողովի հետ մենք ի՞նչ գործ ունենք։ Դրանք ընդամենը հերյուրանքներ են։ Ես բացարձակ կապ չունեմ»,- ասաց ԱԻՆ պաշտոնյան։

Հովսեփյանն ասում է, որ «ԲԱՐՎԱ»-ի կայանները արագ են փչանում, ի տարբերություն ՊԼՔ-ի կայաններից։ Նա դա վերագրում է իր գյուտով, որը, ըստ նրա, ավելի կատարելագործել է կայանները։

Ինչու՞ կայանները չեն փրկում

Մասնագետները նշում են, որ այս տարիներին հարյուրավոր կայաններ նորմալ չեն սպասարկվել, սխալ են շահագործվել, հանգեցնելով գյուղատնտեսության համար աղետալի հետեւանքների: Նման բնութագրիչ օրինակ է վերջերս Սուրենավանում տեղի ունեցած կարկտահարությունը:

«ԲԱՐՎԱ»-ի հիմնադիր եւ նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Վարդանյանը հետեւյալն է պատմում. «Սկզբնական շրջանում, երբ ստեղծեցինք էդ համակարգը, ենթադրվում էր, որ պետք է կառավարվեն համայնքների միջոցով: Գյուղացիներն էնպես լավ են հասկանում, զգում են, գիտեն՝ որ ամպը ինչ է: Գյուղացիները տարիների փորձով լավ էին կառավարում կայանները: Հետո ԱԻՆ-ը որոշեց, որ կառավարումը պետք է լինի կենտրոնացված: Երեւի մտածում էին, որ մեջն օգուտ կա:

Հայաստանի ամբողջ կարեւորագույն հողատարածքները՝ Արարատյան դաշտը, Արագածոտնը եւ այլն, գտնվում են Արտաշավանի մետեոռադարի դիտարկման ներքո: Շատ դեպքեր են լինում, որ այդ տարածքում համատարած ամպամածություն է: Եվ մետեոռադարը, դիտարկելով այդ բարձունքից, նայում է ամպերի միջով: Հաճախ առաջանում է սկրինինգի՝ էկրանացման էֆեկտ: Որտեղ որ կարկտաբեր գոյացություն կա, այնտեղից ճառագայթներն անդրադառնում են, եւ ավելի հեռավոր կարկտաբեր ամպերը ռադարը չի կարողանում տեսնել: Տեղի է ունենում ռադարի «կուրացում», եւ ռադարը կայաններին գործարկվելու հրահանգ չի տալիս, տեղի է ունենում կարկտահարություն»:

Արամ Վարդանյանն ասում է, որ ամբողջովին պաշտպանված գյուղատնտեսություն ունենալու համար մեր երկրում պետք է լինի մոտ 5000 կայան:

«Մենք ի զօրու ենք ապահովել այդ համակարգով առնվազն 2-3 տարում: Ավելին, ԶԵՆԻԹ-ը կարող է դառնալ բրենդային պրոդուկտ, որը կարտահանվեր այլ երկրներ: Թուրքիայում ոչ մի համակարգ չի գործում, եւ գյուղատնտեսությունը հսկայական վնասներ է կրում: Մենք այնտեղ առանձին թվով կայաններ ենք գործարկել Ադանայում: Կարկտաբեր ամպերը շատ հաճախ Թուրքիայի տարածքից են ներթափանցում Հայաստան: Այսինքն կարելի է նաեւ համագործակցել: Մեր կայաններով պաշտպանել Թուրքիայի՝ մեր հարակից տարածքները` այդպիսով պաշտպանելով նաեւ մեր մարզերը:

«Եթե ԱԻՆ-ը ապահովեր հավասար պայմաններ, մենք կարող էինք ստեղծել հակակարկտային պաշտպանության համակարգ, որը կգործեր ինքնավար կարգով, չէին լինի ավելորդ միջնորդ օղակներ եւ պետբյուջեից ծախսեր՝ ուղղված դրանց պահելուն: Կայանների կառավարումը պետք է հանձնվի տեղերին, համայնքներին, ապակենտրոնացվի, որպեսզի քաշքշոցները պակասեն, արդյունավետությունը բարձրանա: Մեզ նման փոքր երկրի պարագայում կարող ենք ստեղծել անխոցելի համակարգ, ինչպիսին գոյություն ունի Արցախում: Էնտեղ ունենք 80-ից ավելի կայան, գործն արվում է առանց ավելորդ աղմուկի, սպասարկում ենք, եւ Արցախում հակակարկտային արդյունավետությունը բարձր է»,- ասում է Վարդանյանը:

Պրոֆեսորի խոսքով՝ պետք է ստեղծվեն հակակարկտային ռոբոտներ, իսկ գործող կայանները շատ փոքր ծախսերով կարելի է դարձնել այդպիսին: Յուրաքանչյուր կայանի վրա տեղադրելով մինի-մետեոկայաններ` դրանք 24 ժամ կգտնվեն հերթապահության ռեժիմում, րոպեն մեկ կուղարկեն ազդանշաններ, եւ եթե կարկտաբեր ամպեր հայտնաբերվեն, ավտոմատ կգործեն:

Արամ Վարդանյանն ասում է, որ «ԲԱՐՎԱ»-ի առաջ դռներ են փակել արհեստականորեն. «Մեզ մրցույթից հանել են տարբեր պատճառներով: Երբեմն ասել են՝ ձեր կայանների շուրջը շեբեն փռած չէ, իբր՝ կարող է կայծից չոր խոտերը բռնկվեն: Այնինչ մեր կայանների աշխատելիս կայծ չի լինում: Երբեմն ասել են՝ ձեր կայանները մետաղական կոնստրուկցիայով են, ոչ թե՝ քարապատ: Ահա այսպիսի աբսուրդ պատճառաբանություններ են եղել»:

Հիմա էլ՝ «Անտիգրադը»

ԱԻՆ-ը նախորդ տարի ռուսական «Անտիգրադ» ընկերությունից ներմուծել է հակակարկտային հրթիռային համակարգ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 75 միլիոն 949 հազար դրամ։ Սակայն, պարզվում է, ԵՄ երկրներում այս մեթոդը հիմնականում արգելված է կիրառել, իսկ Հայաստան ներկրված առաջին խմբաքանակն արդեն տապալվել է։ Կրակոցների ընթացքում 15-17% շեղումներ են արձանագրվել: Այս տարվա մայիսի 25-ին Հայաստան այցելած ռուս մասնագետները նույնպես չեն կարողացել ոչինչ անել։ Նրանք փորձել են արդարանալ, ասելով՝ պատճառը ձեր երկրի բնակլիմայական պայմաններն են։

Ի դեպ, այն, որ հրթիռային այս համակարգերը խնդիր ունեն եւ, մեղմ ասած, արդյունավետ չեն, նաեւ այլ երկրներում է ապացուցվել։ Հրթիռային համակարգը ձախողվել է մեր հարեւան ՎրաստանումՄոլդովայումՀյուսիսային Կովկասում։

Սուրեն Հովսեփյանն այլ դիրքորոշում ունի այս հարցում: Նրա խոսքով՝ հրթիռային համակարգն ամենաարդյունավետն է, Հայաստանի բնակլիմայական պայմաններում դրա արդյունավետությունը հասնում է 70-80 տոկոս, այնինչ գազագեներատորային կայանների արդյունավետությունը տատանվում է 0-75 տոկոսների սահմաններում։

Հարցին, թե ինչպե՞ս է, որ հակակարկտային համակարգը չի փրկում ուժեղ կարկուտներից, Հովսեփյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է կարկտաբեր ամպի տեսակից, կայանների տեղաբաշխումից եւ այլն։ Պաշտոնյան ասում է, որ անհնար է ամբողջությամբ խուսափել կարկուտից եւ դրա վնասներից․ «Չի նշանակում, որ եթե հակակարկտային համակարգն աշխատում է, չպետք է կարկուտ տեղա։ Ընդուպ ամենալավ տեխնիկան՝ հրթիռայինը, ամբողջովին չի կարող բացառել կարկուտը»։

Արամ Վարդանյանի դիտակումը, որ Արտաշավանի լոկատորը հեռվի ամպերը չի տեսնում, Հովսեփյանը անվանեց ոչ պրոֆեսիոնալ։ «Մեր լոկատորը մինչեւ 208 կիլոմետրի վրա տեսնում է, մեծ հզորություն ունի։ Մինչեւ Թուրքիայի տարածք տեսնում է»,- ասաց նա:

Ի դեպ, պարզվում է, որ ԱԻՆ-ում գոհ են ռուսական հրթիռային կայանի արդյունավետությունից, եւ առաջիկայում, չի բացառվում՝ 3 տարիների ընթացքում, ձեռք կբերվի եւս մոտ 70 հրթիռ: Այս 70 կայանները, ըստ Սուրեն Հովսեփյանի, հանրապետության ողջ տարածքը կպաշտպանեն կարկուտից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter