HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Բժշկական համալսարանի Դիլիջանի հանգստյան տունը 50 տարի ժամկետով վարձակալության է տրամադրվել պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությանը

Կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Ավագյանը պաշտոնը ստանձնելիս բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել գույքի և եկամտի հայտարարագիր: Հայտարարագրից պարզ է դառնում, որ չնայած պաշտոնյան ունի 586 հազար դրամ աշխատավարձ, սակայն մեծ են նրա ֆինանսական միջոցները: Ավագյանը հայտարարագրել է 17 միլիոն դրամ, 75 հազար դոլար, 34 հազար եվրո:

Ավագյանն ունի 7 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, 2 ավտոտնակ, 2 ամառանոց, հողամաս, TOYOTA COROLLA 1.6 մակնիշի ավտոմեքենա:

Արթուր Ավագյանը ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբայրն է: Նա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` 2018 հունվարի 30-ին նշանակվել է կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Մինչ այս պաշտոնին զբաղեցնելը Արթուր Ավագյանը Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի պրոռեկտորն էր: Արթուր Ավագյանը նաև հայտարարագրել է 12 500 դրամի բաժնեմաս:  Ա․ Ավագյանի հայտարարագրած այդ բաժնեմասը «Ֆորեստ պարկ» ընկերությունում է: Նրան է պատկանում այդ ընկերության 25 տոկոսը: Այս ընկերությունը, որը փոխկապակցված է նաև նախկին պաշտոնյաների հետ, 2013 թվականից վարձակալել է Բժշկական համալսարանի՝ Դիլիջանում գտնվող հանգստյան տունը և այն օգտագործում է որպես հյուրատուն:

Նախկին և ներկա պաշտոնյաները վարձակալել են Բժշկական համալսարանի հանգստյան տունը

2013 թվականի օգոստոսի 29-ին կառավարությունը որոշել է 50 տարի ժամկետով Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի Դիլիջանում գտնվող հանգստյան տունը վարձակալությամբ տրամադրել:

Բժշկական համալսարանի այդ շենք-շինությունները վարձակալել է «Ֆորեստ պարկ» ընկերությունը՝ ամսական 270 հազար դրամով: Կառավարությունն այս որոշումն ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք:

«Ֆորեստ պարկ»-ը հիմնադրվել է 2013 թվականի հունիսի 14-ին՝ կառավարության ընդունած որոշումից մոտ երկու ամիս առաջ:

Ընկերությունը փոխկապակցված է նախկին և ներկա պաշտոնյաների հետ: Դրա 100 տոկոս բաժնեմասը կիսում են չորս սեփականատերեր: Ինչպես նշեցինք, ընկերության 25 տոկոս բաժնեմասը պատկանում է կրթության և գիտության նախարարության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Ավագյանին, մյուս 25 տոկոսի բաժնետերը սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Ռաֆիկ Մարությանն է: Նա ՍԱՊԾ-ում աշխատել է 2013 թվականին: «Ֆորեստ պարկ»-ի մյուս՝ 25 տոկոս բաժնեմասը, Արամ Բարսեղյանին է, ում հետ փոխկապակցված է նաև Սևանում գործող «Ծովասար» հանգստի գոտին, իսկ 25 տոկոս բաժնեմասը պատկանում է Երեւանի Սիլիկյան թաղամասում գրանցված Հրայր Մանուկյանին։ Վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն այդպես էլ չկարողացանք գտնել:

Ընկերության տնօրենը Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության նախկին պետ Լեւոն Վանցյանն է:

Ընկերության հետ վարձակալության պայմանագիր կնքելու համար Բժշկական համալսարանից հետ է վերցվել Դիլիջանի Մյասնիկյան 4 հասցեում գտնվող շենք-շինությունները և փոխանցվել ընկերությանը: Պետական գույքի կառավարման վարչությունից «Հետք»-ին հայտնել են, որ ընկերությանը տուրիզմի զարգացման նպատակով վարձակալությամբ տրամադրվել է 1950 քառ. մետր մակերեսով շենք-շինություններ:

Որպես այս որոշման հիմնավորում՝ նշվել է, որ այդ շենք-շինություններն օգտագործելու են զբոսաշրջության զարգացման նպատակով` հատուկ և արտոնյալ պայմաններով կազմակերպելով նաև համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների հանգիստը:

Չնայած ընկերությանը այս հանգստյան տունը տրամադրվել է տուրիզմի զարգացման նպատակով, սակայն այն այժմ չի գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter