ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Վարկային «միջնորդ» հանդիսացող ընկերությունը խաբում է քաղաքացիներին (գաղտնի նկարահանում)


Varkov.am վարկային միջնորդ հանդիսացող ընկերության՝ Երեւանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող շենքի նկուղային հարկի գրասենյակում, գրեթե միշտ, վիճաբանություն է։ Ամեն 20 րոպեն մեկ գրասենյակ են այցելում տարբեր քաղաքացիներ՝ իրենց հասանելիք գումարի պահանջով։ Գրասենյակի երիտասարդ աշխատակիցները կոպտորեն ներս են հրավիրում քաղաքացիներին ծխախոտի ծխով լի սենյակ, որտեղ, նրանց համոզելով կամ սպառնալով, հայտնում՝ թե սպասեք, գումարը շուտով կլինի։    

Այս ընկերությունը միջնորդում է, որ վարկային վատ պատմություն ունեցող անձիք բանկերում կենցաղային տեխնիկայի կամ շինանյութի ապառիկ ձևակերպեն, որից հետո քաղաքացիներից վերցնում է նրանց պատկանող ապրանքը՝ խոստանալով դրա դիմաց վճարել տվյալ ապրանքի գնի 65 տոկոսը՝ կանխիկ գումարի տեսքով։ Մնացած 35 տոկոսը Varkov.am-ը հաշվում է՝ որպես միջնորդավճար։

Ապրանքի գումարը, սակայն, սահմանված ժամկետներում ընկերությունը մարդկանց չի վճարում։ Այսպիսով՝ քաղաքացիները բանկի հետ կնքում են պայմանագիր, պարտավորվում վճարել վերցված ապրանքի ապառիկը՝ չտիրապետելով ոչ ապրանքին, ոչ էլ դրա 65 տոկոս կանխիկ գումարին։

«Հետքը» ստիպված է եղել գաղտնի նկարահանում կատարել Varkov.am-ի գրասենյակում՝ վերոգրյալ իրավիճակը ներկայացնելու համար։

Տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես են Varkov.am-ի աշխատակիցները գոռում իրենց գումարը պահանջող քաղաքացիների վրա, վիրավորում նրանց և դուրս հրավիրում գրասենյակից։ Քաղաքացիներից մեկն ասաց, որ կզանգի թեժ գիծ եւ կբողոքի։ Ընկերության աշխատակիցը պատասխանեց, որ այդ դեպքում՝ իրեն գումար չունեն տալու, թող լքի տարածքը։ Իսկ այդ աշխատակցի ընկերը ներկայացած մի տղամարդ հորդորեց «համբերել»։ «Ասենք, որ դատարան դիմեցիք, դուք եք տուժելու։ Ասենք՝ տնօրենին տարան նստեցրին, ձեր գումարն ո՞ւմից եք ուզելու»,- ասաց աշխատակցի ընկեր ներկայացած տղամարդը։ Մանրամասները՝ տեսանյութում

Նախապատմությունը

Դավիթ Թովմասյանի հայրը քաղցկեղ ունի, վերջինիս դեղորայքի համար ընտանիքը ստիպված է եղել դիմել տարբեր բանկերի՝ վարկ վերցնելու ակնկալիքով։ Բանկերը մերժել են վարկ տրամադրել՝ վարկային պատմություն չունենալու պատճառով։

Դավիթ Թովմասյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով տեսել է Varkov.am կոչվող էջի գովազդը, որում առաջարկվել է «ստանալ 4 մլն դրամ՝ առանց գրավադրման և երաշխավորի»։

Քանի որ Varkov.am-ի ֆեյսբուքյան էջում և կայքում նշված է, որ իրականացնում են վարկային միջնորդություն, կարող են օգնել 1 օրում 4 մլն դրամի վարկ ստանալ, Դավիթ Թովմասյանը դիմել է նրանց։

Varkov.am-ի աշխատակիցը Թովմասյանին ուղեկցել է «Արայ» կենցաղային տեխնիկայի խանութ, որտեղ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» և Դավիթ Թովմասյանի միջև կնքվել է 23,97% փաստացի տոկոսադրույքով ապառիկի պայմանագիր՝ «Արայ» ՍՊԸ-ից հեռուստացույց գնելու վերաբերյալ։ Այդ պայմանագրում, սակայն, որևէ նշում միջնորդ անձի կամ կազմակերպության մասին չկա։

 Քաղաքացին ապառիկով վերցրած իր հեռուստացույցը չի էլ տեսել

«ՎՏԲ-Հայաստան Բանկի» հետ պայմանագիրը ստորագրելուց հետո Varkov.am-ի աշխատակիցը Դավիթին ուղեկցել է Մաշտոցի 1/34 հասցեում գտնվող իրենց գրասենյակ, ներկայացրել նրան առք ու վաճառքի պայմանագիր, որով Դավիթ Թովմասյանը Varkov.am-ը ներկայացնող իրավաբանական ընկերությանը՝ «Ռունա Ինֆո» ՍՊԸ-ին է վաճառել 109․900 դրամ արժողությամբ ապառիկով ձևակերպված հեռուստացույցը՝ 71 000 դրամով։ «Ռունա ինֆոն» հեռուստացույցի արժեքի 35 տոկոսը պահել է որպես միջնորդավճար։ Նշենք, որ 109.900 դրամի 65 տոկոսը կազմում է 71 435 դրամ, սակայն պայմանագիրը կազմող «Ռունա ինֆո»-ն «կլորացրել» է 435 դրամը՝ հօգուտ իրեն։

Ըստ «Ռունա ինֆո»-ի հետ պայամանագրի՝ Դավիթ Թովմասյանն ընկերությանն է վաճառել ապառիկով վերցրած հեռուստացույցը, իսկ «Ռունա ինֆո»-ն պարտավորվել է յոթ աշխատանքային օրվա ընթացքում Թովմասյանին տրամադրել 71 000 դրամ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով։

Այսպիսով՝ Դավիթ Թովմասյանը պետք է ՎՏԲ բանկին վճարի 164 764 դրամ (ներառյալ 109 900 դրամ հեռուստացույցի գինը և 54 864 դրամ վարկային հաշվի սպասարկման վճարը) ապառիկը՝ դրա դիմաց ստանալով 71,000 դրամ՝ «Ռունա ինֆո»-ից։

  Varkov.am-ը ապրանքը վերցրել է, գումարը չի տալիս

Դավիթ Թովմասյանի և «Ռունա ինֆո»-ի միջև առք ու վաճառքի պայմանագրի հանձնման-ընդունման ակտում նշված գումարի տրամադրման վերջնաժամկետից անցել է 10 աշխատանքային օր, բայց ընկերությունը չի տրամադրում ո´չ պայմանագրով սահմանված գումարը, ո´չ էլ հեռուստացույցը։ Ընկերության աշխատակիցները շաբաթը մեկ-երկու անգամ կանչում են Թովմասյանին, վստահեցնում, որ գումարը հաջորդ շաբաթ կտրամադրեն, իսկ դժգոհության դեպքում՝ աշխատակիցները պահանջում են լքել գրասենյակի տարածքը։

Varkov.am-ը նույն մեխանիզմով խաբել է տասնյակ անձանց

Կրկին առողջական նպատակով՝ Varkov.am-ից գումար է խնդրել նաև Արման Ստեփանյանը։ Նրան ավելի մեծ գումար է անհրաժեշտ եղել, հետևապես Varkov.am-ի աշխատակիցը Ստեփանյանին ուղղորդել է ապառիկ ձևակերպելու երկու բանկերի միջոցով՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» և «Ամերիաբանկ»։ Արման Ստեփանյանը, երբ որպես անհատ դիմել է վերոնշյալ բանկերին, մերժվել է՝ վատ վարկային պատմության պատճառով։

Varkov.am-ի բանավոր միջնորդությամբ՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկը» Արման Ստեփանյանի հետ կնքել է շինանյութի ապառիկի պայմանագիր՝ 23.75% փաստացի տոկոսադրույքով, իսկ «Ամերիաբանկ»-ը՝ Sony Playstation կենցաղային տեխնիկայի ապառիկի պայմանագիր՝ 23.49% տոկոսադրույքով։

Այսպիսով՝ Արման Ստեփանյանը ՎՏԲ բանկին պետք է վճարի 586 հազար դրամ (ներառյալ 356 300 դրամ շինանյութի գինը և 230 034 դրամ տոկոսները), իսկ «Ամերիաբանկին»՝ 185,516 դրամ (ներառյալ 149,900 դրամ կենցաղային տեխնիկայի գինը և 35,616 դրամ սպասարկման վճարը):

Դրա դիմաց Ստեփանյանը, ըստ Varkov.am-ի հետ պայմանագրի, պետք է ստանար մայր գումարի 65 տոկոսը՝ 320 հազար դրամ։ Նշենք, որ ինչպես նախորդ դեպքում, այս պայմանագրում նույնպես «Ռունա ինֆոն» գումարի չափը «կլորացրել» է հօգուտ իրեն՝ 329 030 դրամը դարձնելով 320 000 դրամ։ Ավելին՝ պայմանագրում թվերով գրված գումարի չափը չի համապատասխանում տառերով գրվածին։ Թվերով գրված է 320 000 դրամ, իսկ տառերով՝ 230 000 դրամ։ Երբ Արման Ստեփանյանի կինը Varkov.am-ի աշխատակցին ասել է այդ մասին, նրան պատասխանել են. «Ոչինչ, կարևորը թվերով գրվածն է»։ Սա «Ռունա ինֆո»-ի և քաղաքացիների միջև կնքվող պայմանագրի միակ սխալը չէ։ Պայմանագրում «Ռունա ինֆո»-ի տնօրեն և բաժնետեր Ռուբեն Հովհաննիսյանի ազգանունը գրված է մեկ «ն»-ով, իսկ ներքևում բացակայում է վերջինիս ստորագրությունը։

Ըստ առք ու վաճառքի պայմանագրի հանձնման-ընդունման ակտի՝ «Ռունա ինֆո»-ի կողմից վճարման վերջնաժամկետն այս տարվա մայիսի 21-ն է, որից անցել է արդեն 22 աշխատանքային օր, բայց Արման Ստեփանյանը չի ստացել ո´չ ապառիկով ձևակերպված ապրանքները, ո´չ էլ պայմանագրով սահմանված գումարը, սակայն ապառիկի առաջին ամսվա վճարումն արդեն արել է։

Երբ մոտեցել է վարկի առաջին վճարման օրը, Ստեփանյանի կինը հերթական անգամ այցելել է Varkov.am-ի գրասենյակ, պահանջել գումարը՝ նշելով, որ ապառիկի մարման օրն է, ընկերության տնօրենը նրան 10,000 դրամ է տվել՝ ապառիկը մուծելու համար։

Ով է «Ռունա ինֆո»-ի բաժնետերը

«Ռունա ինֆո» ՍՊԸ-ն գրանցվել է 2016թ-ի նոյեմբերի 23-ին՝ Ռուբեն Սուրենի Հովհաննիսյանի կողմից։ Վերջինս հանդիսանում է նաև ընկերության 100 տոկոսի բաժնետերը։

«Ռունա ինֆո» ՍՊԸ-ն չի վճարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պարտադիր 1000 դրամ վճարները՝ ոչ մի աշխատողի համար։ 

«Ռունա ինֆո»-ն պարտվել է դատարանում, և ընկերության վրա սահմանափակում է կիրառված

2017թ-ի նոյեմբերի 27-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քաղաքացի Հրաչյա Հարութունյանի հայցն՝ ընդդեմ «Ռունա ինֆո» ՍՊԸ-ի՝ ընկերությունից հօգուտ քաղաքացու բռնագանձելով 1,212,507 դրամ։

Ինչպես վերոնշյալ պատմություններում, այս դեպքում նույնպես քաղաքացի Հրաչյա Հարությունյանն առք ու վաճառքի պայմանագրով «Ռունա ինֆո»-ին է վաճառել բջջային հեռախոս, հեռուստացույց, լվացքի մեքենա, բլենդեր, շինանյութ, ջեռուցման կաթսա, հիդրոմերսիչ՝ 1,732,000 դրամի դիմաց։ «Ռունա Ինֆո»-ն պարտավորվել է գումարը վճարել պայմանագիրը ստորագրելու պահից 8 (ութ) աշխատանքային օրվա ընթացքում, ինչը, սակայն, չի կատարել։ Դատարանը նաև հաշվարկել և «Ռունա ինֆո»-ից բռնագանձել է առք ու վաճառքի պայմանագրով նախատեսված տույժը՝ գումարն ուշացնելու յուրաքանչյուր օրվա համար։

Սա միակ դատական գործը չէ Ռուբեն Հովհաննիսյանի դեմ։ Նա նաև գրանցել է «Ռուբեն Հովհաննիսյան» ԱՁ-ն, որի վրա նույնպես սահմանափակումներ են կիրառված՝ դատական գործի պատճառով։

2013թ-ին «Ֆինքա» ՈւՎԿ ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նշելով, որ Ա/Ձ Ռուբեն Հովհաննիսյանին տրամադրել է 25 հազար ԱՄՆ դոլարի վարկ: Հովհաննիսյանը մասնակի է կատարել վարկային պարտավորությունը։ Դատարանը Ռուբեն Հովհաննիսյանից և նրա երաշխավորներից համապարտության կարգով հօգուտ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել է 13․743.58 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 13․276.69 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը մայր գումարն է, 334.35 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` տոկոսագումարը և 132.54.50 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` մայր գումարի նկատմամբ հաշվարկված տույժը։

«Միտինգներից հետո կազմակերպությունը ֆինանսական խնդիր ունեցավ»,- Ռուբեն Հովհաննիսյանի պատասխանը

«Հետքը» հեռախոսակապ հաստատեց «Ռունա ինֆո»-ի տնօրեն և հիմնադիր Ռուբեն Հովհաննիսյանի հետ՝ պարզելու, թե ինչու ընկերությունը չի կատարում պայմանագրով նախատեսված պարտավորությունը։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև․

-  Կազմակերպությունը ֆինանսական ճգնաժամի մեջ էր, կամաց-կամաց լուծվում է։ Մեր պայմանագրի կետի մեջ էլ կա, որ ուշացման համար փոխհատուցում ենք, ու տենց հաճախորդ չկա, որ գումարը չի ստացել, էլ ինչն է խնդիրը։ Կամաց-կամաց իրենց գումարները ստանում են բոլորն էլ։ Պահի տակ` էդ միտինգներից հետո, մեր կազմակերպությունն էլ մի քիչ ֆինանսական [խնդիր ունեցավ,-խմբ.], որովհետև սաղ Հայաստանն էլ էսօր ֆինանսական ճգնաժամի մեջ ա։ Էդ երկու ամիսը բոլորիս գործի վրա էլ ազդել ա։

- Իսկ ինչո՞ւ են Ձեր աշխատակիցները գոռում հաճախորդների վրա։

- Գոռում են, որովհետև դրա իրավունքը նախևառաջ իրենք [հաճախորդները,-խմբ.] էլ չունեն, մարդ ա, հիմա ասում ենք, որ մենք կետով [պայմանագրի,-խմբ] ունենք դրա իրավունքը, մենք իրավունք ունենք նաև էդ գործարքը չեղյալ անենք։

Եթե ինչ-որ մի բանից դժգոհ են, կա համապատասխան մարմին, դիմել դատարան, դիմել ոստիկանություն, օրինակի համար եմ ես ձեզ ասում։ Այսինքն՝ նախևառաջ իրենք պահելաձև պետք է ունենան, նոր դիմացինից պահանջեն։

Ժուռնալում ուզում եք` տպեք, դա ձեր իրավունքն ա, նայեք, ես ձեզ ինչ-որ ոչ սպառնալու բան ունեմ, որովհետև ամեն մարդ ունի իր իրավունքները, բայց մի բան եթե անհամապատասխանեց, հաստատ իմացեք, խոսքի, մենք էլ մերն ենք անելու, կոպիտ եմ ասում։ Ես ձեզ ասում եմ, եթե պրոբլեմ կա, ո՞ւմ հետ կապված, կարող ա ձեր ծանոթն ա կամ եսիմ ով ա, դուք կարաք ասեք՝ էդ հարցը իմ պահով շուտ լուծենք, բայց մեր ֆինանսական ճգնաժամը… եկող շաբաթվա մեջ բոլոր հաճախորդները գումար ստացած գնալու են։   

- Եթե դուք լինեիք Ձեր հաճախորդի փոխարեն, ով ապառիկ է վերցրել, բայց ոչ ապրանքին է տիրապետում, ոչ էլ գումարին, ու ամեն շաբաթ ասեն՝ եկեք հաջորդ շաբաթ, Դուք ի՞նչ քայլերի կդիմեիք։

- Նման բան գոյություն չունի, մարդկանց զգուշացնում են հեռախոսով՝ անձամբ ես եմ լսել, զգուշացնում են, ու տվյալ մարդը հելնում-գալիս ա։

- Ես էլ անձամբ ականատես եղա, մի կնոջ պատմության, ում զանգել զգուշացրել էին՝ ասելով, եկեք` գումարը տանելու։ Կինը եկել էր, բայց նրան գրասենյակից դուրս հրավիրեցին։

- Նախևառաջ, ես կարող եմ ձեր ոչ մի հարցին չպատասխանել, որովհետև ես անգամ չգիտեմ՝ ում հետ եմ խոսում։ «Հետք» օրաթե՞րթ ասացիք, հա՞։ Որ զանգել եք, նախ ասեք՝ ո՞ւմ հետ կապված։ Դուք խոսում եք խոսալու համա՞ր, թե՞ փաստերով կարաք իմ հետ խոսաք։ Ուզո՞ւմ եք ես հիմա ասեմ ձեր «Հետք» շաբաթաթերթի համար էնքան բաներ են խոսում։ Ու տաս հոգի էլ բերեմ ձեր «Հետքի» վրա, ֆեյսբուքով օրը 100 դոլար էլ դնեմ, ձեր «Հետք» շաբաթաթերթը ընենց զրոյացնեմ։ Ինձանից ձեզ բարի խորհուրդ, իմ կարծիքով դուք իմ հանդեպ բան չունեք, ես էլ ձեր դեմ բան չունեմ»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Կարդացեք նաև՝

Ոստիկանությունը հորդորում է Varkov.am-ից տուժածներին դիմել իրենց

«Ոստիկանությունը մեզ ոչինչ չի կարող անել»․ Varkov.am-ի տնօրենն ու աշխատակիցը քաշքշել են հաճախորդներին 


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։