HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեղափոխությունից ոգևորված՝ մենաշնորհի պատճառով հեռացած գործարարը 10 տարի անց ուզում է վերսկսել գազասպասարկման գործունեությունը

2004-2006 թթ. Երևանում գազի ներտնային գազասպասարկում իրականացնող «Աշլիդ» ՍՊԸ-ի սեփականատերը վերադարձել է և ուզում է շարունակել իր սկսած և կիսատ թողած գործունեությունը: Ընկերության սեփականատեր և տնօրեն Դանիել Զաքարյանն ասում է, որ մենաշնորհի պատճառով այդ ոլորտը տրվեց «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ին, իսկ մնացյալ ընկերությունները, այդ թվում նաև «Աշլիդ» ՍՊԸ-ն ստիպողաբար դուրս մղվեցին շուկայից:  

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, 2007թ.-ի նոյեմբերից գազի ներտնային ցանցի սպասարկումը հանձնվեց «ՀայՌուսգազարդին»։ Իսկ «ՀայՌուսգազարդ»-ը շուտով՝ 2007թ.-ին, ստեղծեց նոր ընկերություն և այդ դաշտը հանձնեց «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ին: Որքան էլ գործարարը հարցը բարձրաձայնել է, մամուլի ասուլիսներ հրավիրել, ապօրինությունների մասին հայտարարել, այդուհանդերձ, հարցը փակվել է՝ հօգուտ արդեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառույցի:  

Դանիել Զաքարյանն այդ պատմությունից հետո հեռացել է Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունում տարբեր գործունեություններ իրականացրել ընտանիքը պահելու համար: Թավշյա հեղափոխությունը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մենաշնորհների վերացման մասին հայտարարությունները նրան հույս են ներշնչել: Գործարարը որոշել է վերսկսել իր կիսատ թողածը:

«Աշլիդ»-ը կատարել է ինչպես ներտնային գազասպասարկում, այնպես էլ շինմոնտաժման աշխատանքներ: 35 հազար բաժանորդ է ունեցել Երևանում: 

«Ուզում եմ ընկերությունը վերականգնել: Ժողովրդին բացատրել, որ ինչ գումարներ են իրենցից տանում և ոնց են խաբում»,- ասում է Դանիել Զաքարյանը:

«ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն մեկ գազօգտագործող սարքավորման առկայության դեպքում բաժանորդից գանձում է 2400 դրամ, 2-ի դեպքում՝ 5700, 3-ի դեպքում՝ 6900 դրամ:

Դանիել Զաքարյանը նշում է, որ դրանք շատ մեծ գումարներ են այդ ոլորտի սպասարկման համար, մինչդեռ ինքը բաժանորդների համար անակնկալներ է պատրաստել՝ շատ ավելի էժան և որակյալ սպասարկում կազմակերպելու նպատակով: «Էդքան ուտել չի լինում, որ Կարեն Կարապետյանը կերավ»,- ասում է Դ.Զաքարյանը: 

Նա վստահ է, որ կկարողանա հավաքել իր անձնակազմին, քանի որ լավ է վարձատրել իր աշխատակիցներին, և վերջիններս պատրաստակամություն են հայտնել կրկին աշխատել իր հետ:  

«ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն փաստացի հիմնադրել է արդեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը, և մինչ 2009 թվականը եղել է բաժնետերերից մեկը: Այժմ այստեղ ամենամեծ բաժնետերը ԿԱ Ջրային տնտեսության պետական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արսեն Հարությունյանը, ով կնոջ հետ ընկերության 44 % բաժնեմասին է տիրապետում: Արսեն Հարությունյանը, հիշեցնենք, ՀՀԿ անդամ է, 2010-ից «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ 2013-ից գլխավոր տնօրենի: Իսկ 2016-ին նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում:

«ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ում 30% բաժնեմաս ունի Արթուր Սուրենյանը: Նա «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի իրացման գծով նախկին փոխտնօրեն Ռուբեն Սուրենյանի զավակն է, 2007թ.-ից էլ` «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի սպասարկման գծով գլխավոր տնօրենի տեղակալը:

Դանիել Զաքարյանն «Աշլիդ» ՍՊԸ-ով չի շարունակելու իր գործունեությունը, քանի որ 3 տարի առանց եկամտի գոյատևելու պատճառով հարկային պարտավորություններ է կուտակել 4 մլն դրամի չափով ու սնանկ ճանաչվել: Նոր ընկերություն է հիմնելու՝ «Էկոնոմ գազ սերվիս» ՍՊԸ անվամբ: Գործարարն անվան բացատրությունն էլ ունի՝ էկոնոմ է լինելու թե´ սպասարկումը, թե´ գազից օգտվելը, թե´ ծախսը: Իսկ այդ ամենին հենց իրենց ընկերության աշխատակիցներն են նպաստելու՝ բնակիչների հետ բացատրական աշխատանքներ տանելով: 

Դանիել Զաքարյանն արդեն իսկ ՀՀ մի շարք համայնքներում հանդիպումներ է ունեցել գազի աշխատակիցների և բնակիչների հետ: Հուլիսի 1-ից նախատեսել է մեկնարկ տալ իր գործունեությանը իր ծննդավայր Վարդենիս քաղաքից և այդ շրջանի գյուղերից: Այդտեղից էլ կշարժվի դեպի մայրաքաղաք՝ անցնելով Մարտունու, Գավառի և Սևանի միջով: Արդեն մեքենաներ և արտահագուստ է պատվիրել աշխատակիցների համար: 

Այս ամենին զուգահեռ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը քննարկում է գազի ներտնային սպասարկման ոլորտը պետականացնելու հարցը: ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը վերջին խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է, որ ուսումնասիրվել է գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատվածում ներառելու հարցը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առկա են ծառայության սակագինն իջեցնելու հնարավորություններ, որոնք մշակելուց և հստակեցնելուց հետո առաջարկությունը կներկայացվի կառավարությանը: Նպատակն է նաև ոլորտը պետականացնելու հաշվին գումարներն ուղղել պետական բյուջե: 

Դանիել Զաքարյանը սրա պատասխանն էլ ունի. ժողովուրդը պետք է ընտրություն կատարելու հնարավորություն ունենա՝ օգտվել «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի, ԱԻՆ-ի, թե Դանիել Զաքարյանի նոր հիմնադրած կառույցի ծառայություններից: 

Մեկնաբանություններ (2)

Shahane
այս մարդն այնքան անտեղյակ է ոլորտից, որ անգսմ չգիտի սակագինը ներտնային սպասարկման: Իրականում չէր էլ մատուցում ծառայություն, ոչ մի ներդրում էլ արված չի եղել, ոըղղակի ականջահաճո խոսում են էլի..... պղտոր ջրում ձուկ որսացողներ, ասեցին ազատություն է, չասեցին անարխիա է....
Վալյա
Նախքինում օգտվել եմ Աշլիդ ՍՊԸ ծառայություններից:Ավելի լավ էին աշխատում,ավելի արագ էրին արձագանքում:Շաբաթ,կիրակի աշխատում էին: Եթե Երևանում լինի,կօգտվեմ իրենց ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter