HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դոն Պիպոյի առանձնատունը խուզարկելու միջնորդությունը նախկինում մերժվել է. պաշտպանները խոսում են առևանգման գործի մասին

Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ մեկ տարի քննելուց հետո Դոն Պիպոյի դեմ նախապատրաստվող սպանության գործն ուղարկեց դատարան, իսկ սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող  անձանցից երեքի` Արտակ Այվազյանի, Վազգեն Ղազախեցյանի, և Արկադի Քոչինյանի առևանգման առթիվ իրականացվող քննության շրջանակներում տևական ժամանակ լռություն էր:

Օրեր առաջ, սակայն, պարզվեց, որ «սայլը տեղից շարժվում է». Ազգային Անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ առևանգման գործի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Արթուր Ասատրյանին պատկանող առանձնատանը, կից շինություններում, այլ տարածքներում, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք: Դրանից հետո Արթուր Ասատրյանը ձերբակալվեց, ապա երեկ կալանավորվեց: Արթուր Ասատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ: Առևանգման գործի շրջանակներում ևս 4 անձինք են ձերբակալվել, որոնք, ԱԱԾ-ի հաղորդմամբ` Ռուսաստանի դաշնության քաղաքացիներ են:

Այս գործի վերաբերյալ ԱԱԾ-ն տարածել է նաև մեկ տեսանյութ, որում գործով անցնող Արտակ Այվազյանը, Վազգեն Ղազախեցյանն ու Արկադի Քոչինյանն են: Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ տեսանյութից ակնհայտ է դառնում, որ առևանգողները, սպառնալիքներ հնչեցնելով, պահանջել են հայտնել սպանության պատվիրատուի անունը, ըստ որում կադրում չերևացող հարցադրումներ անող անձի անունը Պիպո է:

Սպանության նախապատրաստման գործի նախաքննության սկզբնական փուլում Դոն Պիպոյի դեմ նախապատրաստվող սպանության գործով  երեք մեղադրյալները հայտարարել են, որ մինչև ձերբակալվելը առևանգվել և 3 օր ապօրինի պահվել են Էջմիածին քաղաքի տարբեր տարածքներում, այնտեղ ծեծի են ենթարկվել, իրենցից պահանջել են խոստովանել, թե ով է սպանության պատվիրատուն։

Նրանց վրա նաև վնասվածքներ են եղել: Հատկանշական է, որ գործում առկա է ցուցմունք այն մասին, որ այն զինված անձիք, որոնք իրենց երեք օր անազատության մեջ են պահել, առերևույթ զինված իրենց բերել և հանձնել են ոստիկանության աշխատակիցներին, ովքեր սպասելիս են եղել այն տան մոտ, որտեղից նրանց, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, բերման են ենթարկել: Ապա մինչև ատամները զինված անձինք հեռացել են դեպքի վայրից, և որևէ ոստիկան չի միջամտել, որպեսզի թույլ չտա նրանց հեռանալ կամ պարզի, թե ինչու են նրանք զինված, ովքեր են:

Օրեր առաջ Զոհրաբ Ղումաշյանի կինը` Անաիս Սարդարյանն ահազանգել է այն մասին, որ առևանգված անձինք հոգեբանական ու ֆիզիկական բռնությունների հետևանքով որպես սպանության նախապատրաստության պատվիրատու նշել են ամուսնու` Զոհրաբ Ղումաշյանի անունը: Ըստ Զումաշյանի կնոջ` առևանգված անձանց ընդհուպ ընտանիքներին վնասելու սպառնալիքներ են հասցվել:

Մեզ հետ զրույցում գործի վերաբերյալ խոսելիս Զոհրաբ Ղումաշյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը նշեց, որ պաշտպանության կողմը նախկինում միջնորդել է, որպեսզի Արթուր Ասատրյանի բնակարանում խուզարկություն իրականանցվի, սակայն այդ միջնորդությունները մշտապես մերժվել են: Պաշտպանը նկատում է` փաստորեն ստացվում է, որ Արթուր Ասատրյանի առանձնատան և կից շինությունների խուզարկությունից հետո, որը կարելի էր ավելի վաղ անել, Ասատրյանը ձերբակալվել է:

«Մեր միջնորդությունների մերժումը նախորդ իշխանության կողմից Դոն Պիպոյին հովանավորելու արդյունքն է: Պատրաստվում ենք  Դոն Պիպոյի դեմ նախապատրաստվող սպանության գործով առաջին դատական նիստին գործը վերահսկող դատախազին բացարկ հայտնել, քանի որ, կրկնում եմ, անմիջականորեն հովանավորել են Դոն Պիպոյին, կապի մեջ են գտնվել»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալ Զոհրաբ Ղումաշյանի մեղադրանքն ամբողջությամբ հիմնված է առևանգված անձանց ցուցմունքների վրա: Նշենք, որ ավելի վաղ Զոհրաբ Ղումաշյանի շահերը ներկայացրել է պաշտպան Սյուզաննա Խչեյանը: Վերջինս ևս մեզ հետ զրույցում բարձրաձայնել է նախաքննական մարմնի կողմից Զոհրաբ Ղումաշյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի, նրան ամեն գնով գործով մեղադրյալի կարգավիճակ տալու մասին:

Նշենք, որ Դոն Պիպոյի դեմ նախապատրաստվող սպանության գործով նախաքննական մարմինն ի սկզբանե քննության առարկա է դարձրել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի` գործի պատվիրատուն լինելու վարկածը, սակայն այդ վարկածը նախաքննությամբ հերքվել է:

Մեզ հետ զրույցում Վահան Հովհաննիսյանը նշեց, որ վերը նշված վարկածը չի հիմնավորվել, և քննություն իրականանցնող մարմինը իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, թե իբր նա, չպարզված անձի դրդչությամբ, պատվիրել է Արթուր Ասատրյանի սպանությանն ուղղված գործողությունները:

Նշենք, որ ԱԱԾ-ի կողմից տրամադրված տեսանյութը Դոն Պիպոյի դեմ նախապատրաստվող սպանության գործով ապացույց չէ: Վահան Հովհաննիսյանը պնդում է, որ նախաքննական մարմնի կողմից ակնհայտ անօրինական որոշում է այդ տեսանյութը գործին չկցելը, քանի որ այդ տեսագրությունն անմիջականորեն վերաբերում է սպանության նախապատրաստության գործին, դրանով պարզ է դառնում, թե ինչպես են առևանգված անձանցից իրականությանը չհամապատախանող ցուցմունքներ կորզել, ով է կորզել, ինչ պայմաններում:

Սպանության նախապատրաստման գործով ամբաստանյալ Արկադի Քոչինյանի պաշտպան Արմինե Ֆանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին ու գործով մյուս երկու անձանց առևանգելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու փաստն ի թիվս այլ հանգամանքների, հաստատվում է նաև գործում առկա դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով:

«Կոնկրետ իմ պաշտպանյալի ոտքի վրա առկա է կտրող, ծակող ներթափանցող վնասվածք՝ կտրող-ծակող գործիքի միջոցով: Պաշտպանյալս ներկայում այդ մասով որևէ ցուցմունք չի տալիս՝ օգտվելով իր դատավարական իրավունքներից, բայց այն, որ իրենց առևանգել են ու նրանց նկատմամբ բռնություն կիրառել՝ պատճառելով առողջությանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, չի հերքում»,- մեզ հետ զրույցում ասաց Արմինե Ֆանյանը:

Վերջինս ևս պնդեց, որ առևանգված անձանց նկատմամբ բռնություն կիրառելու նպատակը եղել է կոնկրետ պատվիրատուի անուն նշելը, ինչպես նաև ասաց, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ նախաքննության սկզբնական փուլում մեզ հետ զրույցում Արմինե Ֆանյանը հայտնել է, որ իր պաշտպանյալը Էջմիածնի այդ տանը, որտեղից նրան առևանգել են, գտնվել է ընդամենը լավ ժամանակ անցկացնելու նպատակով՝ իր ընկերոջ հրավերով: Ըստ պաշտպանի` առևանգված երեք անձինք որոշել էին գնալ` խորոված անելու, որևէ հանցավոր մտադրություն չեն ունեցել, և նույնիսկ մսով լի կաթսան այնտեղ` էջմիածնի այդ առանձնատանն է մնացել:

Ըստ Արկադի Քոչինյանի պատմածի` սկզբից առևանգված երկու անձին են տարել, ապա զանգով իրեն են կանչել ու տարել այն վայր, որտեղ պահվել են: Արկադի Քոչինյանի պնդմամբ` ինքը շարունակ պահանջել է բացատրություն տալ, թե ինչու են իրենք այնտեղ, և որևէ մեկը որևէ բան չի ասել. ավելի ուշ իրենք հասկացել են, որ ենթադրյալ սպանության նախապատրաստման համար են իրենց տարել:

Նշենք, որ Արթուր Ասատրյանի սպանության գործով անցնող մյուս երկու անձանց` Արտակ Այվազյանի և Վազգեն Ղախախեցյանի պաշտպաններն այս պահին նպատակահարմար չեն գտնում դեպքի առնչությամբ մեկնաբանություն անել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter