Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Մանե Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել



Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Նախարարն էլ իր հերթին շնորհավորեց բուժաշխատողներին՝ մասնագիտական օրվա առթիվ։

Վարչապետը կատակեց․ «Ձեր նշանակվելուց հետո՞ է բուժաշխատողների օրը փոխվել, թե՞ նախկինում էլ էր նույն օրը»։

Ապա Փաշինյանն անդրադարձավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին։

«Գիտեք, որ չեմ ընդունել հրաժարականի դիմումը: Մանե Թանդիլյանի հետ որոշել ենք շարունակել մեր համատեղ աշխատանքը, պետք է աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկումերի առիթ է դարձել հանրության շրջանում, այն, իհարկե, պարտադիր կուտակայինն է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ կուտակայինի խնդրի շուրջ համատեղ աշխատանքներ են տարվելու Տնտեսական զարգացման և ներդրումների, Արդարադատության նախարարների և համակարգի պարտադիր բաղադրիչին ընդդիմացող քաղաքացիների հետ։

«Այս որոշման նպատակն է, որ ժամանակ շահենք, հանդարտ, առանց ցայտնոտի փոփոխություններ կատարենք և պայմանավորվեցինք, որ խնդրի շահագրիգիռ ներկայացուցիչների հետ աշխատելու ենք»,- ասաց նա։

Մանե Թանդիլյանն արձագանքեց՝ շարունակելով պաշտոնավարել՝ փորձելու է լուծել ինչպես կուտակայինի, այնպես էլ ոլորտում առկա այլ խնդիրները։

Լրացում.  Քիչ առաջ Մանե Թանդիլյանն անդրադարձել է իր պաշտոնավարման լուրին նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Նախարարի գրառումը ներկայացնում ենք նույնությամբ.

«Ինչպես գիտեք, իմ հրաժարականը պայմանավորված էր բացառապես կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իմ դիրքորոշումով, որը մնացել է անփոփոխ: Ինձ վստահված առաքելությունը նախարարի պաշտոնում գիտակցել եմ աշխատանքիս առաջին օրվանից, երբ միայն օրական ստացվող հարյուրավոր նամակները արձանագրում են ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները և դրանց լուծման կարևորությունն ու հրատապությունը:

Այս ընթացքում` այդ թվում հրաժարական տալուց հետո, արել եմ հնարավոր ամեն բան առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: Համոզված եմ, որ նոր կառավարությունը կարող է առկա խնդիրները լուծել բարձր մակարդակով և սեղմ ժամկետներում:

Հրաժարական տալուց հետո, ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, այդ թվում կուտակային կենսաթոշակային համակարգի հետագա բարելավման վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ դեռևս ունենք հնարավորություն բարեփոխելու համակարգը, որը ընդունելի, ընկալելի և գրավիչ կլինի հանրության լայն հատվածի համար, միևնույն ժամանակ բարելավելով կայունությունն ու հուսալիությունը՝ ես պատրաստ եմ շարունակել նախարարի պաշտոնում իր գործունեությունը և այդ լիազորությունների շրջանակներում նախաձեռնել բարեփոխումների իրականացումը:

Գիտակցելով, որ կուտակայինի հարցի լուծման համար մենք չենք կարող տրամադրել երկար ժամանակ և մեծ ռեսուրսներ, քանի որ մնացած ոլորտների խնդիրները ոչ պակաս կարևոր են և հրատապ, հետևաբար, հարցի վերաբերյալ բարեփոխումները իրականացնելու են առավելագույնս սեղմ ժամկետներում, մասնավորապես, արդեն 1-2 շաբաթվա ընթացքում նախարարարության կողմից կներկայացվի օրենքի փոփոխությունների նախագիծ, որը կներկայացվի հանրային քննարկման, որից հետո կներկայացվի կառավարության քննարկմանը:

Մենք պատրաստվում ենք փոփոխությունները ներկայացնել խորհրդարանի հաստատմանը աշնանային նստաշրջանին՝ նպատակ ունենալով առաջարկվող փոփոխությունները ներդնել 2019թ հունվարի 1-ից:

Միևնույն ժամանակ, մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել, որ ինչպես այս մեկ ամսվա ընթացքում, առաջիկայում էլ չեմ պատրաստվում կենտրոնանալ այս խնդրի վրա և պատրաստ եմ ամբողջ ներուժս դնել ինձ վստահված լիազորությունների շրջանակներում իրականացնել արդյունավետ բարեփոխումներ»:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Բարսեղ Գաբրիելյան20:41 - 22 հունիսի, 2018
Ձեր հրաժարականի օրը ես մեկնաբանություն էի գրել ձեր կատարած քայլի վերաբերյալ,ներեցեք ինձ,ես այն ժամանակ չէի կարծում, որ զարգացումներն այսպիսի ընթացք կունենան,այսինքն` քաղաքկանությունը մնում է քաղաքականություն, կարծում եմ, հետագայում կգտնվեն գործիչներ, որոնք կկարևորեն իրենց երեխաների, թոռների երկարատև բարեկեցիկ ապագան իրենց կարճատև բարեկեցիկ ներկայից.գոնե այս հարցում 180 աստիճան պտտվել և քայլ կամ քայլեր անել,նշանակում է ետ գնալ, մերժել սեփական սկզբունքները
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ