ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Սերգեյ Ղահրամանյան․ «Հավանական եմ համարում, որ կենսաթոշակային բարեփոխումներ կոչվածն ընդհանրապես կասեցվի»



Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակային համակարգում» փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկը, օրենքը այսօր՝ հունիսի 21-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության կներկայացվի, այն ընդունվելու դեպքում հուլիսի 1-ի համակարգի պարտադիր բաղադրիչը կգործի օրենքի բոլոր շահառուների նկատմամբ։ Մինչ խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում էր նախագիծը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում։ Հանդիպման, կուտակայինի պարտադիր բաղադրիչի, Մանե Թանդիլյանի՝ հնարավոր պաշտոնավարման և այլ հարցերի շուրջ «Հետքը» զրուցել է Դ!ԵՄ ԵՄ-ի ցույցերի մասնակից, «Սինոփսիս Արմենիա» ընկերության աշխատակից Սերգեյ Ղահրամանյանի հետ։

- Սերգեյ, ի՞նչ նպատակ ուներ վարչապետի այցը, և ի՞նչ քննարկումներ եղան։

- Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպում էր, ուսումնական դեպարտամենտում շնորհանդես եղավ, որը վարեց Վազգեն Մելիքյանը՝ ներկայացնելով կրթական ծրագրերը, այնուհետև մեր տնօրեն Հովիկ Մուսայելյանը արտադրական շենքում ներկայացրեց տեղեկատվական տեխնոլոգիաներում ընդհանուր իրադրությունը։ Հովիկ Մուսայելյանը ներկայացրեց աշխատակցիների երկու մտահոգությունները՝ եկամտահարկի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։ Քանի որ ՏՏ ոլորտի ընկերությունները 90%-ով հարկային սպիտակ դաշտում են, հարկերը չեն թաքցնում, ուստի հարկերի բարձրացումն ուղղակիորեն ազդում է մեզ վրա, փաստացի տուժող ենք դառնում։ Մեր աշխատավարձի մոտ 50%-ը պետբյուջե է մուտք արվում՝ 28% եկամտահարկ, բոլորս էլ գնումներ ենք անում, և այդ գնումների 20%-ը ԱԱՀ-ի տեսքով բյուջե ենք վճարում, դրան էլ գումարում ենք կուտակայինի 5%-ը, ստացվում է՝ 50%-ից ավելին հարկերի տեսքով վճարվում է բյուջե։

Այս պահին ՏՏ ոլորտին վերաբերող այլ մտահոգություններ չկան, արվում է ամեն ինչ, որ ներկայանալի տեսք ունենանք, և կարող եմ ասել, որ  Անդրկովկասում միանշանակ առաջատարն ենք։ Հանդիպումը դրական մթնոլորտում անցավ, տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ էին ներկա: Վարչապետը ելույթների ժամանակ գրառումներ էր անում և կուտակայինի մասին խոսելիս ասաց, որ ինքը ևս դեմ է պարտադիր բաղադրիչին, ինչը ազդակ է, որ այս օրենքը վերջնական չէ, և  փոփոխություններ են լինելու։

- Կարողացե՞լ է ձեզ համոզել, որ ինչ-որ ժամանակ դադար առնեք և ակցիաներ չանեք։

- Համոզելու մասին չէ խոսքը, և ամենևին դադար չի տրվում, թե՛ ես, թե՛  նախաձեռնության անդամները, ի դեպ ասեմ, որ նոր անձիք ևս ներգրավվել են, առաջարկներ են հավաքագրում՝ վարչապետին ներկայացնելու համար։

Ես խնդիր եմ տեսնում ԿԲ-ի «թաքստոցներում», քանի որ արդեն մի քանի վարչապետ ու կառավարություն է փոխվել, բայց ԿԲ-ի մասնագետները մնացել են նույնը, հետևաբար կարծիքները ևս չեն կարող փոխվել, և ես ենթադրում եմ, որ նրանք որոշ հանգամանքներ թաքցնում են թե՛ մեզնից, և թե՛ վարչապետից։ Իրենք պնդում են, որ ֆոնդերից հրաժարվելու դեպքում երկրի վարկանիշը կընկնի, չգիտեմ՝ որքանով է ճիշտ, բայց մեր երկրի ներդրումային գործակիցը 2B-ից իջել է մինուս 3B-ի: Իրենք, երբ ասում են ներդրումներ, թող հիշեն, որ ներդրումների ապահովման համար առաջնահերթ պայմանը ցածր հարկերն են։

Միջազգային պրակտիկայում կան կենսաթոշակային համակարգի լավ մոդելներ, երբ ունես ընտրության հնարավորություն, օրինակ՝ կարող ես 5 տարի կուտակել, 5 տարի չկուտակել, տարբեր մոտիվացիաներ կան՝ առողջապահական ապահովագրություն, տան հիպոթեքի ապահովում, երբ կուտակածդ կարող ես վերցնել, հետո նորից կուտակել։ Կամ այս խնդրի մասին խոսենք՝ ենթադրենք անձը 20 տարեկանից աշխատում է և բարձր աշխատավարձով է վարձատրվել, 45 տարի հետո, երբ սկսի ստանալ իր կենսաթոշակը, այն ահռելի մեծ գումար կլինի: Ենթադրենք՝ դրանից հետո ապրում է ևս 15 տարի, չի հասցնի չէ՞ ծախսել այդ գումարը։ Ստացվում է՝ երիտասարդ տարիներին խնայել է, ծերության տարիներին չի հասցրել ծախսել։

- Բայց Դուք հավանական համարո՞ւմ եք, որ այս կառավարությունը կկասեցնի կուտակայինի պարտադիր բաղադրիչը։

- Նույնիսկ հավանական եմ համարում, որ կենսաթոշակային բարեփոխումներ կոչվածն ընդհանրապես կասեցվի, եթե երեք ամիս առաջ չէինք հավատում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, բայց նա հրաժարական տվեց, այսօր ես այդ համակարգի չեղարկմանն էլ եմ հավատում։ Հավատում եմ, որ նոր կառավարությունը խորը ուսումնասիրությունների արդյունքում այս համակարգը կասեցնի, և մարդկանց գումարները հետ վերադարձվեն, կամ ավելի լավ պայմաններով համակարգ լինի, ինչու չէ՝  հայկական ֆոնդ ստեղծվի։

- Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը, չե՞ք նեղսրտել, որ ձեզ աջակցող քաղաքական ուժերն էլ եմ կողմ քվեարկել։

- Նեղսրտելու հարց չկա, տրված էր առաջարկ ընտրելու վատի ու վատագույնի մեջ, եթե կողմ չքվեարկեին, միևնույն է, պարտադիրը գործելու էր, և պահվելու էր աշխատավարձի 5%-ը, իսկ այժմ 2,5% կլինի։

- Բայց չէ՞ որ Մանե Թանդիլյանն առաջարկել էր մեկ տարով հետաձգելու տարբերակը, որը չստացավ կառավարության աջակցությունը։

- Հավանաբար քննարկումներ են եղել, և այդպես է որոշվել: Գիտեմ, որ կոմիտեի նիստ է եղել, բայց այն հրապարակային չէ, բովանդակային քննարկումից տեղյակ չեմ։ Մանե Թանդիլյանն ամբողջությամբ էր ուզում փոխել՝ առաջարկելով մեկ տարի հետաձգել, վարչապետը որոշ ժամանակ դադար է ուզում, որ հրատապ լուծումներ չլինեն։ Մանե Թանդիլյանի հրաժարականը չընդունելով՝ վարչապետը հավանաբար ասել է, որ փոփոխություններ լինելու են օրենքում։ Դա արդեն հստակ չեմ կարող ասել, բայց ներկայիս տարբերակը ընտրություն է վատի ու վատագույնի միջև, և եթե խորհրդարանը դեմ քվեարկեր, ուրեմն իրենք ավելի վատ տարբերակն էին թողնելու։

- Ըստ Ձեզ՝ Մանե Թանդիլյանը կշարունակի՞ պաշտոնավարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։ (հարցազրույցի պահին Մանե Թանդիլյանի հետագա պաշտոնավարման մասին լուր չկար, խմբ.)

- Ինպես ես հասկացա Նիկոլ Փաշինյանի ելույթներից, ինքը պատրաստ է փոփոխությունների, բայց շտապողականություն, հապճեպություն չի ուզում։ Իմ կարծիքով, հաշտություն կլինի այդ հարցում, որովհետև Մանե Թանդլյանն այն մարդն է, որը ցանկացած գերատեսչություն կարող է ղեկավարել պրոֆեսիոնալ կերպով և ցանկացած ոլորտում մեծ հաջողություններ գրանցել։

- Այս պահին որո՞նք են լինելու ձեր քայլերը։

- Դ!ԵՄ ԵՄ շարժման անդամ Լևոն Հարությունյանը քաղաքացիների առաջարկներն է համակարգում, որպեսզի ներկայացնենք վարչապետին, արդեն իսկ այս պահին բավական շատ առաջարկներ կան։

- Եթե անցնի որոշ ժամանակ, և պարտադիր բաղադրիչը չկասեցվի, ապավինելո՞ւ եք փողոցային պայքարին։

- Ներկա դրությամբ վարչապետն այնպիսի արարք չի արել, որ խոսքերին չհավատանք, դեռևս հավատում ենք, բայց այն ներշնչված հավատ չէ, այլ պայմանավորված է նրանով, որ մինչ այժմ ինչ ասվել, արվել է, հենց թեկուզ հակակոռուպցիոն համակարգում, ուստի` դեռ հավատում ենք։

Լուսանկարը՝ Facebook.com


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ