HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2017-2021թթ. համար ԵՄ-ն 160 մլն եվրո կհատկացնի Հայաստանին. կայացել է գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը

Այսօր Եվրոպական Միությունը և Հայաստանը գումարել են գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված և միջանկյալ կիրառման մեջ մտած 2018թ. հունիսի 1-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է արտաքին գործերի նախարարությունը:

Խորհուրդը ՀԸԳՀ շրջանակներում ստեղծված բարձրագույն մարմին է, որը կոչված է վերահսկելու Համաձայնագրի իրականացումը և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հայաստանը և Եվրամիությունը իրենց պատրաստակամությունն են հայտնել ընդլայնելու և խորացնելու համագործակցությունն այս նոր իրավական փաստաթղթի, Արևելյան գործընկերության և վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ գործընկերության խորհուրդը ողջունել է Հայաստանում վերջերս տեղի ունեցած բողոքների խաղաղ բնույթը, որոնք հանգեցրին Սահմանադրության շրջանակներում կառավարության ժողովրդավարական փոփոխությանը: Եվրամիությունը բարձր է գնահատել բոլոր կողմերի ցուցաբերած ընդհանուր զսպվածությունը և կոչ արել քաղաքական շահագրգիռ ուժերին, այդ թվում նաև քաղաքացիական հասարակությանը, շարունակական և ներառական երկխոսության։ Եվրամիությունը ողջունել է Հայաստանի կառավարության հստակ հանձնառությունը պայքարել կոռուպցիայի դեմ և այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած հստակ գործողությունները: ԵՄ-ը վերահաստատել է իր աջակցությունը բարեփոխումներին, այդ թվում տեխնիկական և ֆինանսական օժանդակության տեսքով, ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, Հայաստանում բարեկեցության և սոցիալ-տնտեսական աճի ավելացմանը:

Գործընկերության խորհուրդը ընդգծել է Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու կարևորությունը՝ համահունչ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին` ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման համար: ԵՄ-ը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին նոր ընտրությունների կազմակերպման և դիտարկման հարցում: Գործընկերության խորհուրդը նաև շեշտել է, որ արդյունավետ և անկախ դատական համակարգը կարևոր է օրենքի գերակայության համար և արժեքավոր նախապայման՝ տնտեսական և սոցիալական զարգացման համար: Խորհուրդը նաև մատնանշել է նոր քրեական օրենսգրքի և նոր քրեական դատավարության օրենսգրքի մշակման արագ առաջընթացի անհրաժեշտությունը և ընդգծել հակակոռուպցիոն բնագավառում համապարփակ օրենսդրության կարևորությունը:

Ի հավելումն, գործընկերության խորհուրդն ընդգծել է շարունակական ջանքերի միջոցով առևտրի ոլորտում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների հետագա կատարման անհրաժեշտությունը` Հայաստանում կայուն, բիզնեսի զարգացման համար բարենպաստ և կանխատեսելի առևտրային միջավայրի ապահովման համար, այդ թվում աշխարհագրական տեղանունների պաշտպանության վերաբերյալ դրույթների լիարժեք և ժամանակին իրականացումը: Գործընկերության խորհուրդն ընդգծել է նաև հարկային ոլորտում լավ կառավարման կարևորությունը` ըստ Բիզնեսի հարկման ոլորտում բարեվարքության կանոնների:

Էներգետիկ ոլորտում գործընկերության խորհուրդը մատնանշել է էներգետիկ անվտանգության, էներգախնայողության, վերականգնվող էներգիայի և միջուկային անվտանգության կարևորությունը՝ ըստ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և 2018թ. փետրվարի 21-ին ստորագրված Հայաստան-Եվրամիություն գործընկերության առաջնահերթությունների։

Տրանսպորտային ոլորտում գործընկերության խորհուրդն ակնկալում է 2017թ. նոյեմբերի 24-ին նախաստորագրված Հայաստան-Եվրամիութուն համապարփակ օդային փոխադրամիջոցների մասին համաձայնագրի ստորագրում, ինչը կբարելավի շուկայի հասանելիությունը և կնպաստի անվտանգության, բնապահպանության եւ սոցիալական առավելագույն չափանիշների ապահովմանը: Ավելին, բոլոր չափանիշների բավարարման դեպքում Հայաստանը պատրաստակամություն է հայտնել սկսել մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը:

Գործընկերության խորհուրդը վկայակոչել է, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերության առաջնահերթությունները կձևավորեն Հայաստանին ԵՄ աջակցության գերակայությունները: Ավելի քան 160 մլն եվրո է հատկացվում 2017-2021 թվականների համար: Գործընկերության խորհուրդը ընդգծել է այդ ռեսուրսների առավելագույնս օգտագործման անհրաժեշտությունը` աջակցելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը և քաղաքացիների կենսապայմանների տեսանելի և շոշափելի բարելավմանը:

Գործընկերության խորհուրդը ի գիտություն է ընդունել Հայաստանի վերաբերյալ հունիսի 6-ին հրապարակված Եվրոպական հարևանության քաղաքականության երկրների զեկույցը և կարևորել 2017 թվականի մայիսին Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդից ի վեր ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը: Գործընկերության խորհուրդը որոշել է, որ հետագա զեկույցները կվերնագրվեն «Գործընկերության զեկույցներ»՝ կենտրոնանալով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման վրա:

Ի լրումն ՀԸԳՀ շրջանակներում երկկողմ հարաբերություններին՝ Գործընկերության խորհուրդն ընդգծել է Հայաստանի ակտիվ մասնակցությունն Արևելյան գործընկերությանը՝ որպես համընդգրկուն բազմակողմ ձևաչափի: Հայաստանը հաստատել է իր հանձնառությունը կարևոր, դինամիկ և կառուցողական դեր խաղալու Արևելյան գործընկերության շրջանակներում: Հայաստանը և Եվրամիությունը երկուստեք ընդգծել են Արևելյան գործընկերության «2020 արդյունքներին» հասնելու կարևորությունը: ԵՄ-ն ընդգծել է իր պատրաստակամությունը քննարկելու Արևելյան գործընկերության ներքո հատուկ ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված հստակ առաջարկներ:

ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Այնուհետև, գործընկերության խորհուրդն ընդգծել է, որ Սիրիայում հակամարտության տևական և վստահելի քաղաքական հանգուցալուծման հասնելը բացառիկ կարևորություն է ներկայացնում: Սիրիայի փախստականներին Հայաստանում ինտեգրվելու նպատակով Եվրամիությունը «Մադադ» հիմնադրամի շրջանակներում կենտրոնացրել է 3 միլիոն եվրո:

Եվրամիությունը վերահաստատել է իր հանձնառությունը աջակցելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և հորդորել կողմերին ներգրավվել այս գործընթացի մեջ առանց որևէ նախապայմանի:

Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը Իրանի վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների հանդեպ:

Խորհուրդը նախագահել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, հայաստանյան պատվիրակության ղեկավարն է եղել արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter