Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

«Սասնա ծռեր»-ի անդամ Արմեն Լամբարյանի կալանքը փոխարինվեց 500 հազար դրամ գրավով



Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով նիստը։

Նիստի մեկնարկին դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ այսօր դատարան են ուղարկվել Արմեն Լամբարյանի դատաբժշկական հետազոտության արդյունքները: Դատավորը, կողմերի համաձայնությամբ, հրապարակեց եզրակացության հետեւությունների մասը։

Համաձայն դատաբժշկական փորձաքննության արդյունքների՝ Արմեն Լամբարյանը հրազենային վնասվածքի պատճառով ստացել է բազմաթիվ հիվանդություններ՝ քայլքի ֆունկցիոնալ խանգարում, նկատվում է ձախ վերջույթի 6 սմ բացարձակ կարճություն, իսկ ձախ ազդրի մեջ առկա են մետաղական մարմիններ։ Բացի հենաշարժողական համակարգի վնասվածքներից, Լամբարյանի մոտ առկա են նաեւ նյարդաբանական որոշակի հիվանդություններ, որոնց պատճառով Արմեն Լամբարյանն ունի օրթոպետիկ եւ նյարդավիրաբուժական, քիթկոկորդականջաբանական բուժհսկողության կարիք։ Թե որքանով են այս հիվանդությունները համապատասխանում կալանքի հետ, դատաբժշկական փորձաքննության արդյունքների մեջ նշված չէր, քանի որ չափանիշներ առկա չեն, թեեւ հիվանդություններն առանձին-առանձին, Կառավարության որոշման համաձայն, անհամատեղելի չեն կալանքի հետ։ Փաստաբան Արայիկ Պապիկյանը միջնորդեց Արմեն Լամբարյանի նկատմամբ վերացնել կալանքը կամ ընտրել այլընտրանքային խափանման միջոց։

Փաստաբանը խնդրեց հաշվի առնել առողջական վիճակը եւ փոխել Լամբարյանի խափանման միջոց կալանավորումը՝ ընտրելով այլընտրանքային խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Արայիկ Պապիկյանը նշեց նաեւ, որ եթե դատարանը գտնի, որ միջոցը բավարար չէ, կիրառել գրավ՝ 500 հազար դրամի չափով՝ հաշվի առնելով ընտանիքի սոցիալական վիճակը։ Պաշտպանական կողմը միացավ ներկայացրած միջնորդությանը, իսկ դատախազ Արթուր Չախոյանը չառարկեց ներկայացրած միջնորդության դեմ՝ նշելով, որ Արմեն Լամբարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան խուսափելու քննությունից։ Դատախազը նշեց, որ չի առարկում գրավ կիրառելուն։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հայտարարեց, որ բավարարում է ներկայացրած միջնորդությունը։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ