Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Մանե Թանդիլյան. «Նախարարի կարգավիճակով խնդիրներն ավելի արագ են լուծումներ ստանում»



Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, որը հրաժարականի դիմում էր ներկայացրել կուտակային կենսաթոշակային օրենքի՝ կառավարության ներկայացրած նախագծի պատճառով, չի կարծում, որ պաշտոնավարելու որոշումը անսկզբունքային քայլ է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մանե Թանդիլյանը։

«Սկզբունքայնությունն ունի նպատակ՝ բարեփոխել օրենքը, և եթե քայլեր կան, որոնք ծառայելու են բարեփոխելու նպատակին, սա է առաջնայինը: Բազմաթիվ անգամներ եմ ասել՝ պետության շահն առաջնային է ինձ համար, ինձ համար առաջնային է կուտակային համակարգի այնպիսի տեսքով ներդրումը, որը ընդունելի կլինի լայն հասարակության համար»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակային օրենքում» փոփոխություններ կատարելու նախագիծը, այն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության է ներկայացվելու այսօր։

Հարցին՝ նոր նախագծում լինելո՞ւ է պարտադիր բաղադրիչը, Թանդիլյանը չմանրամասնեց․ «Ես կներկայացնեմ նախագիծը, կծանոթանաք, հանրության հետ քննարկումներին այն կլինի հասկանալի ու ընկալելի»։

Իսկ թե ինչու հրաժարականի դիմում ներկայացրեց և հետ վերցրեց, երբ իր ներկայացրած նախագիծը չարժանացավ կառավարության հավանությանը, Թանդիլյանն ասաց․ «Անհրաժեշտություն կար, որ համակարգը ներդրվի այն տեսքով, որ նոր միացողների համար լինի ընդունելի, սակայն ունենք պայմանավորվածություն վարչապետի հետ, որ աշխատանքները շարունակվեն՝ դիտարկելով նաև իրավական կողմը, մենք պետք է բերենք այն տեսքի, որ հանրության համար լինի ընդունելի»։

Թե որն է լինելու վերջնական լուծումը, նախարարը չհստակեցրեց, միայն ասաց, որ հիմքում լինելու է այն, որ մարդկանց կամահայտնությունն արտահայտվի։

«Նախարարի կարգավիճակով խնդիրներն ավելի արագ են լուծումներ ստանում»,- ասաց նա։

Մեր հարցին, որ համակարգի պարտադիր բաղադրիչին ընդդիմացողները սոցիալական ցանցերում արդեն մի շարք առաջարկներով են հանդես գալիս, օրինակ՝ փոփոխել 1974 թվականի շեմը, նախարարն ասաց, որ առաջարկներին ծանոթ է, սակայն դա այն «տեղը չէ, որ առաջարկները քննարկվեն առանձին-առանձին»։

Հետաքրքրվեցինք, թե երբվանից են քննարկումները սկսվելու համակարգին ընդդիմացողների հետ, նախարարն ասաց․

«Նախատեսում եմ մաքսիմալ սեղմ ժամկետներում քննարկումները սկսել և նորից եմ ասում, որ կենսաթոշակային համակարգը սոցիալական ոլորտի ամենամեծ խնդիրը չէ, այլ խնդիրներ ևս կան։ Հանդիպելու եմ այն մարդկանց հետ, որոնք փաստացի առաջարկներ ունեն, կամփոփենք և կունենանք այնպիսի պատկեր, որ լինի ընդունելի տարբերակ»։

լուսանկարը՝ primeminister.am


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ