HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի նախանիստը

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր հանդիպել է ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով համախոհությամբ (կոնսեսուսով) ձեւավորված խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի անդամների հետ:

Խորհրդարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային խմբի հետագա աշխատանքների համակարգմանը վերաբերող կազմակերպչական եւ տեխնիկական մի շարք հարցեր:

Հստակեցնելով ստեղծված աշխատանքային խմբի նպատակները՝ փաստվել է, որ սպասվող բարեփոխումների շուրջ անհրաժեշտ է հասնել քաղաքական կոնսենսուսի, ինչն էլ պետք է երաշխավորի ընտրական լավագույն համակարգ ունենալու ցանկությունը:

«Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համակարծիք էին, որ անհրաժեշտ է ՀՀ կառավարության հետ աշխատել փոխհամաձայնեցված եւ փոխգործակցությամբ: Այս առնչությամբ աշխատանքային խմբի անդամները ՀՀ ԱԺ նախագահին առաջարկել են իրենց անունից պաշտոնապես դիմել ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ ակնկալելով, որ Կառավարությունը կստեղծի երեք հոգուց բաղկացած լիազոր ներկայացուցիչների խումբ, որն էլ հետագայում կաշխատի խորհրդարանական աշխատանքային խմբի հետ»,- գրված է հաղորդագրության մեջ:

Որոշվել է, որ մինչեւ առաջին նիստն աշխատանքային խմբի անդամները պետք է ներկայացնեն իրենց տեսլականն ընտրական օրենսդրության բարեփոխումների մասին:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ այդ աշխատանքներում արտահախորհրդարանական քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներգրավվածության ու նրանց հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Արա Բաբլոյանն առաջարկել է աշխատանքային խմբի աշխատանքները համակարգել եւ սպասվող նիստերը վարել ռոտացիոն սկզբունքով: Առաջարկն ընդունվել է:

Աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի է ունենալու 2018 թվականի հուլիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, ազգային ժողովում: Առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները համակարգելու է աշխատանքային խմբում ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter