HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռեր»-ի անդամ Գառնիկ Հովակիմյանն ազատվեց կալանքից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով նիստը: Փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդեց Գառնիկ Հովակիմյանի խափանման միջոց կալանքը փոխարինել այլընտրանքային խափանման միջոցով։ Փաստաբանը խնդրեց դատավորին որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին։  

«Գտնում եմ, որ չկա որեւէ հիմնավոր կասկած, որ խափանման միջոցը փոխելով` նա որեւէ գործողություն կկատարի, որը կխոչընդոտի քննության ընթացքին»,- նշեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը։ Փաստաբանը հավելեց, որ Գառնիկ Հովակիմյանն ունի նաեւ առողջական լուրջ խնդիր, որն առաջացել է քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում, որի մասին չեն ցանկանում բարձրաձայնել դատարանում։

«Գրավով չենք կարող հանդես գալ, պայմանավորված է ընտանիքի սոցիալական վիճակով, քանի որ ընտանիքը չի կարող գրավ վճարել։ Ես ինքս երաշխավորում եմ, որ նա կդրսեւորի պատշած վարքագիծ»,- հայտնեց Մուշեղ Շուշանյանը։

Պաշտպանական կողմը միացավ ներկայացրած միջնորդությանը, իսկ դատախազներ Արթուր Չախոյանը եւ Պետրոս Պետրոսյանը չառարկեցին ներկայացրած միջնորդության դեմ։ Դատավորը 45 րոպեով ընդմիջեց նիստը, իսկ խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ բավարարում է ներկայացված միջնորդությունը եւ Գառնիկ Հովակիմյանի համար որպես խափանման միջոց ընտրում ստորագրություն չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել էր նաեւ Արմեն Լամբարյանի վերաբերյալ միջնորդությունը եւ խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով։ Գրավի վերաբերյալ ապացույց հանդիսացող անդորրագիրը դատարան ներկայացնելով՝ Արմեն Լամբարյանն ազատ արձակվեց։

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդը տեղի կունենա հունիսի 28-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter