Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Փոքր Վեդիի բնակիչներն ուզում են ազատվել խորքային հորերից, իսկ կառավարությունը երկուսով ավելացրել է դրանց թիվը



Արաքս գետի հովտում գտնվող Փոքր Վեդի գյուղը բանջարեղենի մշակության եւ պտղատու ծառերի համար չափազանց բարենպաստ կլիմա ունի: Բանջարեղենի բոլոր տեսակներն այստեղ աճեցնում են, եւ տարին երկու անգամ կարող են առատ բերք ստանալ, եթե հաջողվի ժամանակին ոռոգել:

«Անցյալ տարի 3000 քմ պոմիդոր էինք մշակել եւ 30-40 տ բերք պետք է հավաքեինք, բայց հազիվ 3 տ ենք հավաքել, ջուր չտվեցին՝ չորացավ: Մենք 1 մլն դրամ ծախսել էինք, բայց ոչ մի կոպեկ եկամուտ չունեցանք: Ջուրը տալիս էին ու քիչ հետո դաշտի վրա կտրում, ոռոգումը կիսատ էր մնում, կամ՝ երկար ժամանակ չէին տալիս, այնինչ՝ բանջարեղեն կա, որը 2 օրը մեկ անգամ պետք է ջրել»,- պատմում է Փոքր Վեդու բնակիչ, «Երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Սողոմոնյանը: Վերջինս շեշտում է, որ Ջրօգտագործողների ընկերությունը (ՋՕ) երբեք պատասխանատվություն չի կրում, երբ մարդկանց բերքը փչանում է:

Գյուղացիների ու մատակարարի՝ ՋՕ-ի միջեւ կնքված պայմանագրով, նման դեպքերի համար պարտավորություններ սահմանվե՞լ են, թե ոչ, Հովհաննեսն անտեղյակ է: «Պայմանագիրը կնքում ենք, բայց օրինակը չեն տալիս բնակիչներին»,- ասում է նա: Հովհաննեսը տեղյակ չէր նաեւ, թե պայմանագրով ինչ է նախատեսված վճարման համար՝ ոռոգման ջուրը ստանալուց առաջ, թե՞ հետո պետք է վճարել: Նրա ասելով՝ բնակիչներին պարտավորեցնում են վճարումը կատարել ջուրը տալուց առաջ, կանխիկ վճարում են, բայց ջուր չեն տալիս, ասում են` չկա:

«Արտաշատ» ՋՕ-ի Փոքր Վեդու տեղամասի պետ Զոհրաբ Ղազարյանը ժխտում է, որ բնակիչները կանխիկ վճարում են ու ջուր չեն ստանում: Նրա ասելով՝ ժողովուրդն անվճարունակ է, չի կարողանում վճարել, բայց իրենք ջրամատակարարումը դրանով չեն պայմանավորում: «Տարվա սկզբից մինչեւ հիմա 6-7 մլն դրամի պարտք ունի այս գյուղը, այսօրվա վիճակով 30% ենք հավաքագրել, պլանային առաջադրանքը հազիվ ենք կատարում»,- ասում է տեղամասի պետը:


Զոհրաբ Ղազարյանը

Վերջինս բացատրում է վճարման կարգը՝ օրենքով առաջին ջուրը պետք է տանք, երկրորդ ջրին պետք է երկուսի գումարը միասին վճարեն, բայց չեն վճարում: «Գյուղացին, երբ զգում է նեղությունը, այն ժամանակ է վճարում, ամենապիկ սեզոնին»,- շեշտում է Զ. Ղազարյանը: Միաժամանակ նշում է, որ գյուղացին չի կարող բոլոր ծախսերը ժամանակին վճարել, պետք է բերքն իրացնի, հետո վճարի, իրենք մինչեւ տարեվերջ 90%-ից ավելի են հավաքագրում:

Իրականում, այս հարցում երբեք հնարավոր չի եղել պարզություն մտցնել, քանի որ գյուղացին ոռոգման գումարը բանկում չի վճարում: «Ես հավաքում եմ գումարը, որպեսզի հաշվապահը տանի բանկում մուտք անի: ՋՕ-ի հաշվեհամարը «ՎՏԲ-Հայաստան» բանկում է, գյուղում բանկ չկա, որ վճարեն»,- ասաց տեղամասի պետը: Նշենք, որ վճարումը կարող են կատարել նաեւ «ՀայՓոստի» բաժանմունքներում, եթե մարդկանց ուղղորդեն:

Գյուղի երկու հատվածները նախկինում ոռոգվել են Արտաշատի ջրանցքից, բայց հիմա, Հ. Սողոմոնյանի ասելով՝ միայն ոռոգման շրջանի սկզբում են ջրանցքից ջուր տալիս: Գարնան առաջին երկու ջուրը` մայիս ամսին, անվճար պետք է տրվի, որովհետեւ հալոցքների ջուրն է, բայց միշտ գումարը հաշվում են: Փոքր Վեդիին  եւ Արտաշատի վարչատարածքի գյուղերին նույն ՋՕ-ն է սպասարկում, նրանց մոտ բանջարեղենը չի չորացել, բայց Փոքր Վեդիում դաշտերը չորացան: Վերջինիս ասելով՝ անցյալ տարվա վիճակից հիասթափված մեծ թվով գյուղացիներ այս տարի հրաժարվեցին հողերը մշակելուց:

«Անցյալ տարի պատահում էր, որ Արտաշատի ջրանցքում ջուր չէր լինում: Գյուղացիները բողոքեցին, Ճանապարհը փակեցին, որից հետո Ջրային կոմիտեից եկան եւ ջուր տվեցին: Միաժամանակ, որոշվեց այստեղ եւս 2 արտեզյան հոր հորատել, որ եթե Արտաշատի ջրանցքում ջուր չլինի` հորերից օգտվեն: Այդ 2 հորը, եթե չհորատվի` արդեն խնդիր կլինի: Այս տարի մեկը պետք է հորատեն, հիմա փաստաթղթերն են պատրաստում»,- տեղեկացրեց Փոքր Վեդի համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանը:


Նորիկ Մարտիրոսյանը

Ներկայումս Փոքր Վեդիում 7 արտեզյան հոր է գործում` 100 մետր խորությամբ, վայրկյանում` 30-40 լ: Համայնքի մոտ 200-250 ընտանիք եւս անհատական հորեր ունեն, որոնք օգտագործում են տնամերձ հողամասերը ոռոգելու համար: Համայնքապետն ասում է, որ եթե Արտաշատի ջրանցքում ջուր չլինի էլ՝ իրենք ոռոգելու խնդիր չեն ունենա` հորերից ջուր կտրամադրեն: Նրա ասելով՝ գյուղի 540 հա մշակովի հողատարածքից մոտ 60 հա-ը չի մշակվում, տերերն այստեղ չեն:

Բնակիչները համաձայն չեն խորքային հորերից տրվող ջրին, դա ավելի թանկ է՝ 1 ժամի համար 1500 դրամ են վճարում: «Տարվա ընթացքում հազիվ 2-3 անգամ են օգտվում այդ ջրից: Խորքային հորերից ջուր վերցնելու դեպքում գումարը հաշվարկում են պոմպը միացնելու պահից, մինչդեռ պետք է վճարես, երբ ջուրն արդեն քո տարածքում է: Բնականաբար, ջրակորուստներ են լինում, հողի առուները չորացած են լինում եւ մեծ քանակի ջուր են կլանում մինչեւ տեղ հասնելը»,- բացատրում է Հովհաննեսը:

Փոքր Վեդու բնակիչները չեն հավատում ջրանցքում ջուր չլինելու վարկածին եւ հակադարձում են. ասում են` ինքնահոս ջուրը չկա, եւ արտեզյանն են տալիս, բայց երբ ճանապարհը փակեցին՝ ջրանցքում ջուր եղավ: Նրանք դժգհում են, որ ահռելի քանակությամբ ջուր է լցվում Արաքս ու գնում Թուրքիա, բայց ոչինչ չեն անում այդ ջուրը գյուղացուն հասցնելու համար: Փոխարենը՝ խորքային հորերն են ավելացնում:

Բացի այդ, ինչպես տեղեկացրեց համայնքի ղեկավարը, գյուղի վերջնամասից մինչեւ Խոր Վիրապ եկեղեցու խաչմերուկն ընկած հատվածը խորքային հորեր չկան եւ միայն Արտաշատի ջրանցքից կարող են ջուր ստանալ: Այստեղ բնակվում է 200 ընտանիք (650-700 բնակիչ), որոնց մեծ մասի եկամտի հիմնական աղբյուրը հողագործությունն է, սակայն ոռոգման ջրի անհասանելիության պատճառով 250 հա հողատարածքից 50 հա-ը չի մշակվում:

Բնապահպանության նախարարությունն անցյալ տարի հայտարարեց, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների պահպանության, արդյունավետ ու խնայողաբար կառավարման եւ դրանք կայուն մակարդակի հասցնելու նպատակով 2017թ. Արարատյան դաշտում լուծարվել, կոնսերվացվել եւ փականային ռեժիմի է բերվել 167 հորատանցք, ինչի արդյունքում խնայված ջրաքանակը կազմել է շուրջ 4952 լ/վ։ Բայց այս տարի Փոքր Վեդիում 2 նոր խորքային հոր հորատելու թույլտվություն է տրվել:

«Անցյալ տարի Կառավարությունը որոշեց ընդհանրապես դադարեցնել խորքային հորերի հորատումը, բայց երաշտը նրանց հարկադրեց վերանայել այդ որոշում»,- ասում է Զոհրաբ Ղազարյանը:

Արարատի մարզի այս տարածքի համայնքներ ինքնահոս եղանակով ջուր հասցնելու համար ներկայումս կառուցվում է Վեդու ջրամբարը: Քանի որ ջրամբարի դիրքն ավելի ցածր է, Փոքր Վեդին այնտեղից էլ չի կարող ջուր ստանալ: «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ից հայտնում են, որ Վեդու ջրամբարից կօգտվեն Դաշտաքար, Ուրցաձոր, ք. Վեդի, Գոռավան, Արարատ, Նոյակերտ եւ Այգավան գյուղերը: Սակայն, Վեդիի ջրամբարը շահագործելուց հետո Արտաշատի ջրանցքի ծանրաբեռնվածությունը կնվազի, մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոսով եւ ավելի շատ ջուր կհասնի այդ տարածքի գյուղերին, այդ թվում նաեւ Փոքր Վեդիին:


Վեդու ջրամբարը

Ինքնահոս ջրամատակարարման ի՞նչ հնարավորություններ ունի Փոքր Վեդին, որպեսզի գյուղացիների ջուր ստանալու հույսը խորքային հորերը չլինեն, հարցնում եմ համայնքի ղեկավարին: Վերջինիս ասելով՝ Կախանով գետից, որից ինքնահոս ջուր է ստանում հարեւան Լուսառատ գյուղը, խողովակաշարով կարող են հասցնել Փոքր Վեդի: Խորհրդային միության ժամանակ այդպես էր նախատեսված, բայց  չիրականացավ:

«Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի նախագահ Արեւիկ Հովսեփյանի կարծիքով՝ Կախանով ջրանցքից ջուր բերելու համար պետք է պարզել, թե ջրաքանակը բավարարո՞ւմ է լրացուցիչ 50 հա ոռոգելու համար, հետո մտածել ենթակառուցվածքի մասին:

Իհարկե, միայն ինքնահոս եղանակով ջրամատակարարում ապահովելը բավարար չէ, որպեսզի Փոքր Վեդին ոռոգման խնդիր չունենա: Ոռոգման ջրի հասանելիությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է նվազեցնել նաեւ ջրակորուստները: Գյուղի ներտնտեսային ոռոգման ցանցը 75,7  կմ է, որից 60 կմ-ը հողային հունով է, եւ ջրակորուստը կազմում է 30-40%: 2011 թ.-ին, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով 15,7 կմ-ը փոխվեց կիսախողովակի: «Ցանկանում ենք համայնքի վերջնամասից մինչեւ Խոր Վիրապի խաչմերուկ հատվածում ոռոգման առուների 1200 մ հողային առուները փոխարինել կիսախողովակներով: Դրանով ջրակորուստը կնվազի եւ լրացուցիչ կապահովվի 50 հա հողատարածքի ոռոգումը»,- ասում է համայնքապետը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ