HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ի՞նչ է «Մերկուրի» համակարգը և ինչու՞ հայկական արտադրողները դրան միանալու կարիք դեռևս չունեն

2018թ հուլիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում իրացվող կենդանական ծագման մթերքների համար պարտադիր է լինելու «Մերկուրի» տեղեկատվական համակարգում գրանցված լինելը:

«Հետք»-ին էին դիմել կենդանական ծագումով ապրանք (կաթնամթերք, մսամթերք) արտադրող և արտահանող մի շարք հայկական ընկերություններ, ովքեր մտահոգություն էին հայտնել, որ իրենք դեռևս միացած չեն այդ համակարգին և չգիտեն՝ ինչպես միանալ՝ արտահանման խոչընդոտներ չունենալու համար։

Մենք փորձեցինք հասկանալ՝ ինչ է «Մերկուրի» համակարգը, և արդյոք այն որևէ կերպ կարող է խոչընդոտել Հայաստանից արտահանվող կենդանական ծագման մթերքին:



Ի՞նչ է «Մերկուրի» համակարգը

«Մերկուրի» համակարգը վերահսկում է կենդականական ծագման մթերքների արտադրական ողջ շղթան՝  ապահովելով արտադրության հետագծելիությունը։ Այս համակարգը հնարավարություն է տալիս հետևել կենդանական ծագման ապրանքի տեղաշարժման բոլոր փուլերին։

Օրինակ, ֆերման կաթ է ուղարկում արտադրող ընկերությանը՝  ձևակերպելով անասնաբուժական վերահսկողության ուղեկցող էլէկտրոնային փաստաթուղթ այդ խմբաքանակի համար։

Կաթ արտադրող ընկերությունն այն ստանալուն պես նշում է կատարում «Մերկուրի» համակարգում ՝ հայտնելով, որ այս խմբաքանակն ինքն ընդունել է հետևյալ համարի անասնաբուժական վկայագրով։

Այդ հումքից ընկերությունն արտադրում է՝ թթվասեր, կաթնաշոռ, պաստերացված կաթ, յոգուրտ և տանում է իրացման ցանցեր՝ յուրաքանչյուրի համար ձևակերպելով անասնաբուժական նոր ուղեկցող փաստաթուղթ։ Երբ իրացման ցանցն ընդունում է այդ ապրանքները, համակարգում նշում է կատարում՝ «փակելով» շղթան։

Այսպիսով, խախտում հայտնաբերելու դեպքում՝ համակարգի միջոցով հնարավոր է դառնում հասկանալ՝ որ ֆերմայից այն հայտնվեց խանութում, ումից է գնվել հումքը, ով է արտադրել այդ խմաբաքանակը և այլ մանրամասներ:

«Մերկուրի» համակարգին պետք է միանան մսի գործարանները, թռչնաբուծական ընկերությունները, կաթնամթերք, ծովամթերք արտադրողները, ինչպես նաև՝ մատակարարները, լոգիստիկ կենտրոններն ու մանրածախ իրացման կետերը: Մինչ այս Ռուսաստանում իրացվող մի խումբ սննդատեսակներ ընդհանրապես անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի կարիք չունեին:

Սա, ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի, թույլ կտա նվազեցնել ապրանքների կեղծման դեպքերը։

Նշենք, որ «Մերկուրի» համակարգն ունի անվճար կայք, որտեղ կարելի է գրանցվել՝ համաձայն արդեն հաստատված կարգի կամ ուղարկել լրացված հայտ «Ռոսսելխոզնադզոր»՝  էլէկտրոնյին կամ փոստային տարբերակներով։

 

Հայկական ընկերությունները «Մերկուրի»-ին միանալու կարիք չունեն

Դեռևս 2017թ. վերջում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները հանդիպում են ունեցել «Ռոսսելխոզնադզորի» գործընկերների հետ, որտեղ քննարկվել է այս համակարգի ներդնման անհրաժեշտությունը։

Հանդիպումների ընթացքում որոշվել է, որ 2018 թվականի առաջին եռամսյակում  հայկական կողմը կսկսի օգտագործել «Մերկուրի. ծանուցում» համակարգը, ինչը թույլ կտա նախնական ծանուցում տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական ենթահսկման ապրանքների մասին ռուսաստանցի գործընկերներին և հակառակը՝ տեղեկություններ ստանալ Ռուսաստանից ներմուծվող ապրանքների մասին:

Այս որոշումն ամրագրվել է ՍԱՊԾ տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչության պետ Գեղամ Սիմոնյանի և Մաքսիմ Ցուկանովի միջև ստորագրված  արձանագրությամբ: Գործընթացը նոր հնարավորություն կստեղծի սահմանին վերահսկողությունն առավել արդյունավետ իրականացնելու և վտանգավոր սննդամթերքի ներմուծումից կամ արտահանումից խուսափելու համար”:

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, 06․12․2017
Աղբյուրը՝ snund.am

 

Գյուղատնտեսության նախարարությանն ու ՍԱՊԾ-ին խնդրել էինք մեկնաբանել տեղական արտադրողների՝ համակարգին միանալու անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ պարզաբանել, թե կենդանական ծագման մթերք արտադրող հայկական ընկերություններից քանի՞սն են մինչ օրս միացել այդ համակարգին և արտադրողների իրազեկման ինչ աշխատանքներ են իրականացվում:

ՍԱՊԾ-ից «Հետք»-ին պատասխանեցին, որ հայկական ընկերությունները «Մերկուրի» համակարգին կարող են չմիանալ, իսկ անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների մասին ծանուցումն իրականացնելու հնարավորություն ունեն միայն ծառայության աշխատակիցները.

« Սահմանային վերահսկողությունն առավել արդյունավետ իրականացնելու և վտանգավոր սննդամթերքի ներմուծումից կամ արտահանումից խուսափելու նպատակով, Ռոսսելխոզնադզորը «Մերկուրի ծանուցում» տեղեկատվական համակարգում 2018 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանի Դաշնություն արտահանվող անասնաբուժական ենթահսկման ապրանքների մասին նախնական ծանուցումն իրականացնելու հնարավորություն տրամադրել է միայն Ծառայության աշխատակիցներին: Արտահանվող բեռի մասին նախնական ծանուցումն իրականացվում է համապատասխան մասնագետների կողմից:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կենդանական ծագման մթերք արտադրող հայկական ընկերությունների կողմից նշված համակարգին միանալու անհրաժեշտություն չկա»:

ՍԱՊԾ, Սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժին

 

ՍԱՊԾ-ից մեզ նաև հայտնեցին, որ «Մերկուրի» հավաստագրման համակարգի միջոցով ձևավորվող անասնաբուժական փաստաթղթերը՝ ստուգման, արգելքի, ինչպես նաև նմուշառման էլեկտրոնային և այլ ակտերը, կառավարվում է «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից, և ՍԱՊԾ-ն «տվյալ համակարգի մուտքանուն և գաղտնաբառ տրամադրելու իրավասություն չունի»։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter