HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Սերգեյ Բագրատյանը երաշխավորագրեր ներկայացրին «Սասնա ծռեր» խմբի երկու անդամի համար

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի գործով նիստի մեկնարկին հանրային պաշտպան Արմինե Ֆանյանն իր եւ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի կողմից ներկայացրեց միջնորդություն՝ Թորոս Թորոսյանի նկատմամբ նշանակել դատաբժշկական փորձաքննություն։ Միջնորդությանը միացան պաշպանական կողմի ներկայացուցիչները, իսկ դատախազ Արամ Արամյանը չառարկեց։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ քրեակատարողական կենտրոնը չի կարողանում ապահովել Թաթուլ Թամրազյանի համապատասխան բուժումը։ Նա Թաթուլ Թամրազյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ Թամրազյանի համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել «Ծառուկյան դաշինք»-ի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Սերգեյ Բագրատյանը։ Պատգամավորները հավաստել են, որ Թաթուլ Թամրազյանը չի խուսափի դատական քննությունից եւ պատշաճ կարգով կներկայանա նիստին։

Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց նաեւ Գեւորգ Իրիցյանի վերաբերյալ` տեղեկացնելով, որ նա կալանավորումից մինչ օրս «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում է։ «Այս դեպքում եւս քրեակատարողական հիմնարկը չունի պատշաճ պայմաններ՝ բուժօգնություն ապահովելու համար, Գեւորգ Իրիցյանին մի քանի անգամ տեղափոխվել են նաեւ քաղաքացիական հիվանդանոցներ»,-հավելեց փաստաբանը։ Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ՝ Իրիցյանն ունի միջկողային ողերի ճողվածք, ողնաշարի դեֆորմացիա եւ մի շարք այլ հիվանդություններ։

Գեւորգ Իրիցյանը եղել է Արցախյան հերոսամարտի մասնակից, ստացած վերքերի պատճառով ՊՆ-ից բուժօգնություն է ստացել, սակայն կալանավորումից հետո բուժումը դադարեցվել է։ Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ ցանկանում է իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխել այլընտրանքային խափանման միջոցով, որի համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը։

Միջնորդությամբ հանդես եկավ նաեւ փաստաբան Դավիթ Գյուրջյանը: Նա հայտնեց, որ իր պաշտպանյալի՝ Վարդան Գերավետյանի կոկորդում հայտնաբերվել են գոյացություններ, ինչպես նաեւ` նա բողոքում է շագանակագեղձի ցավերից։ «Յուրաքանչյուրը կարող է որոշակի դեպքերում վերածվել չարորակ գոյացության: Հաշվի առնելով այդ հանգամանքը եւ առողջության համար վտանգավոր հիվանդությունները` միջնորդում եմ դատաբժշկական փորձաքննություն անցկացնել՝ պարզելու արդյոք խպիպի՝ վահանագեղձի մեծացում կա, ինչ տեսակ ունի, կարող՞ է այն վերածվել քաղցկեղի, կոկորդի շրջանում գոյացությունն ինչպիսի՞ դեր կարող է ունենալ»,- հայտնեց փաստաբան Դավիթ Գյուրջյանը։ Փաստաբանը հավելեց, որ Վարդան Գերավետյանը գանգատվում է նաեւ զարկերակային ճնշումից։

Դատավոր Արշակ Վարդանյանը ընդմիջում հայտարարեց, իսկ ընդմիջումից հետո նիստին ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը, ովքեր պնդեցին ու հաստատեցին իրենց անունից ներկայացված երաշխավորագրերը։ Դատախազ Արամ Արամյանը չառարկեց միջնորդության դեմ։

Դատավոր Արշակ Վարդանյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի այսօր՝ 17.30-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter