HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղնախարարը խոստացավ, որ կարկտից տուժած գյուղացիներն «ինչ-որ չափով» օգնություն կստանան

Հունիսի 20-ի կարկտահարության հետևանքով Արմավիրի մարզում, նախնական տվյալներով, վնաս է կրել 9 համայնք: Վնասված տարածքը կազմում է 1442 հա: 80-100%-ով տուժել են Աղավնատուն, Գետաշեն, Լեռնամերձ համայնքները:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր հանդիպել է կարկտից տուժած Աղավնատուն, Ամբերդ, Լեռնամերձ, Արագած համայնքների հողօգտագործողներին: Նրան ուղեկցում էին փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ու Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Գյուղացիները մի քանի հարց բարձրաձայնեցին՝ վնասների փոխհատուցումից մինչև վարկերի վերաֆինանսավորում: Նախարարը խոստացավ, որ որոշակի օգնություն կլինի:

«Մենք 8%-անոց վարկ ունեինք, անցած տարիներին կարկուտի ժամանակ վերաֆինանսավորեցին 20%: Փոխանակ մեզ օգնեին, որ այդ 8%-ը մարեինք, վերավարկավորեցին 20%-ով: Մենք հիմա բոլորս էլ 20% վերավարկավորված վարկերի տակ ենք: «Ակբա բանկ»-ն է, սա մեծ խնդիր է մեզ համար»,-նախարարին տեղեկացրեց Լեռնամերձի համայնքապետ Վարդան Միրզոյանը: Արթուր Խաչատրյանն ասաց, որ կիրակի օրը հանդիպում ունի բանկի ներկայացուցիչների հետ, այդ հարցին ևս կանդրադառնան:

Միրզոյանը նաև ծիրանի մթերման հարցը բարձրացրեց: Նշեց, որ Ոսկեվազի մթերող գործարանը 40 դրամով է ծիրանն ընդունում: Նախարարն էլ ասաց, որ նման գին չկա՝ 60-80 դրամ է: «Ես կարող եմ 40-ով հավաքեմ, տանեմ 80 դրամով հանձնեմ: Դա բիզնեսմենն է, մթերողը չի»,- ասաց Արթուր Խաչատրյանը: Վարդան Միրզոյանը դարձյալ պնդեց, որ գրեթե հարևանությամբ գտնվող Ոսկեվազում էժան է:

Ինչ վերաբերում է խաղողին, ապա գյուղատնտեսության նախարարը հավաստիացրեց, որ մթերում իրականացվելու է: Սակայն, փաստի առաջ են կանգնում «սեղանի սորտի» խաղողատերերը, քանի որ գործարանները չեն ընդունում, իսկ կարկտից վնասված խաղողը դժվար կլինի շուկայում իրացնել:

Աղավնատուն համայնքի բնակիչ Սամվել Հովհաննիսյանը նախարարին խնդրեց միջամտել, որպեսզի գործարանները նաև «սեղանի սորտի» խաղող մթերեն, այդպիսով վնասները կմեղմվեն:

«Եթե ես միջամտեմ, ինքն էլ կասի՝ դե դու էլ իմ կոնյակը առ խմի, բա ես որտեղի՞ց առնեմ, խմեմ: Բայց, որ այս տարի մարդիկ 160-170 դրամով պայմանագրեր ունեն, դա արդեն փաստ է»,-նշեց Ա. Խաչատրյանը:

Սամվել Հովհաննիսյանը նաև հետաքրքրվեց, թե գյուղացին կզգա՞ նախորդ և ներկա իշխանությունների տարբերությունը. «Որպես հանրապետության քաղաքացի զգացել ենք, ուրախ ենք, ոգևորված ենք, բայց որպես գյուղացի, որ չորեքթաթ աշխատում ենք հողի վրա, տարբերությունը կզգա՞նք: Կզգա՞նք, որ մեր թիկունքին պետություն է կանգնած»:

«Ի՞նչ պիտի լինի, որ զգաք: Փոխհատուցում, էլի եմ ասում, ինչ-որ մի բան կլինի, բայց 100 տոկոս չի լինի»,- պատասխանեց գյուղատնտեսության նախարարը:

Հարց հնչեց նաև այն մասին, որ բուժանյութերը թանկ են, սակայն՝ անորակ: Եղել են նաև դեպքեր, որ օգնելու փոխարեն վնասել են բույսը: Նախարարն էլ պատասխանեց, որ ազատ շուկայական հարաբերություններ են, կառավարությունը չի կարող ամեն ինչ ներկրել ու ինքը վաճառել, սակայն որակն ապահովելու նպատակով լիցենզավորում կիրականացնեն:

«Հետք»-ի հետ զրույցում Արթուր Խաչատրյանն ասաց, որ գյուղացիներին փոխհատուցելու տարբերակներից մեկը վերջիններիս կանխիկ գումար տալն է: «Հասուն մարդկանց հետ գործ ունենք: Ենթադրենք` 100 հազար վնաս է կրել, պետությունը կարող է տալ 10 հազար դրամ: Այդ 10 հազարից կեսը հողի հարկ է մարվում, կեսը` ջրի և այլն: Իմ կարծիքով` տալիս ենք 10 հազար դրամ, թող ինքն իր գործն անի: Բայց, միևնույն ժամանակ, պետք է հարկային կարգապահությունը պահենք, չպետք է ասի՝ ես վնաս եմ կրել, պիտի 10 հազար դրամ քիչ հարկ տամ»,- ասաց Արթուր Խաչատրյանը: Նրա խոսքով` հնարավոր է նաև հաշվանցման տարբերակով հարցը լուծել: Այդ ուղղությամբ նախնական քննարկումներ եղել են, սակայն դեռ վերջնական որոշում չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter