Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

«Արտակ Պողոսյանի նշանակումը Երևանի ոստիկանապետի պաշտոնում ապտակ է` ուղղված լրագրողական համայնքին»,- ասում է բռնության ենթարկված լրագրող Անի Գեւորգյանը



Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով այսօր Երևանի ոստիկանապետ է նշանակվել Արտակ Պողոսյանը: Վերջինս մամուլի ուշադրության կենտրոնում է եղել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ բռնություն կիրառելու գործով: Վեճը հասել է նույնիսկ Եվրոպական դատարան: Լրագրողն ասում է, որ Պողոսյանին այս բարձր պաշտոնում նշանակելն ապտակ է՝ ուղղված լրագրողական համայնքին:

Հիշեցնենք, որ 2014թ. փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում ՀԱԿ ակտիվիստները մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման ակցիա են իրականացրել: Իրազեկման աշխատանքներին խոչընդոտել էին երիտասարդ ՀՀԿ-ականները: Դեպքից հետո ոստիկանները ոչ թե խոընդոտողներին, այլ ակտիվիստներին բերման էին ենթարկել, իսկ լրագրողների ձեռքից վերցրել էին տեսախցիկները։ Բերման ենթարկվածների թվում են եղել «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը և ilur.am կայքի օպերատոր Սարգիս Գևորգյանը: Ինչպես հայտարարել էր լրագրող Անի Գևորգյանը, ոստիկանության բաժնում ոստիկանության այն ժամանակվա Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը ձեռքով հարվածել էր իր դեմքին:

Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) և 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով:

Դեպքից ամիսներ անց ՀՔԾ-ն կարճել էր քրեական գործով վարույթը՝ «հանցագործության հատկանիշների բացակայության» հիմքով: Անին պատմել էր, որ քրեական գործը կարճել են այն պատճառաբանությամբ, թե իբր ոստիկաններն իր նկատմամբ բռնություն էին գործադրում իր իսկ անվտանգության համար:

Դեպքին հաջորդող օրերին ոստիկանությունում նշանակվել էր ծառայողական քննություն, սակայն քննությունը կասեցված էր, քանի որ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ: Դեպքից  1 տարի 5 ամիս անց քրեական գործը կարճելիս ոստիկանությունը համարել էր, որ խախտումներ չեն եղել:

Անցնլով ներպետական բոլոր ատյաններով` լրագրող Անի Գեւորգյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ում նրա ներկայացուցիչը Վահե Գրիգորյանն է: Անին մեզ հետ զրույցում ասաց, որ գործի ընթացքի վերաբերյալ ՄԻԵԴ-ից նորությունների են սպասում:

«Կարծում եմ, որ այս մարդու նշանակումը այսպիսի պաշտոնում անթույլատրելի է և պետք է դատապարտվի լրագրողական համայնքի ու խոսքի ազատության կողմնակիցների կողմից: Հայաստանում լրագրողի նկատմամբ տեղի ունեցած բռնության առաջին գործն է, որը հասել է Եվրոպական դատարան, ու Արտակ Պողոսյանն այս գործի հերոսն է: Տարիներ շարունակ մենք հետևողական ենք եղել, ամեն ինչ արել ենք, որ գործը, որը հայաստանյան բոլոր ներպետական դատական ատյաններում ամեն կերպ կոծկվեց, հասնի ՄԻԵԴ: Այժմ իր նշանակումն ապտակ է` ուղղված լրագրողական համայնքին»,-«Հետք»-ին ասաց Անի Գևորգյանը:

Լուսանկարը՝ Police.am-ի


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (5)
1. Գեորգի22:42 - 22 հունիսի, 2018
Հարգելի լրագրողներ իհարկե դատապարտելի յուրաքանչյուր լրագրողի գործունեության խոչընդոտումը բայց վստահեցնում եմ որ Արտակ Պողոսյանը արժանի ոստիկանապետ է և ազգին նվիրյալ ծառայող։
2. Արթուր01:20 - 23 հունիսի, 2018
Սրա նմանները չեն փոխվում և ոչ մի արդարացում չի կարող լինել նման արարքի համար: եթե նույնիսկ Անին լրագրող չլիներ, ինչ արդարացում կարող է ունենալ կնոջը ապտակողը, այն էլ կնոջը ապտակող ոստիկանը: Սրա նման ազգին նվիրյալի տեղը տուշոնկա մանվելի կողքին է: Հայ ազգը զզվել և հոգնել է տարատեսակ կեղծ նվիրյալներից և հերոսներից:
3. Վարդան02:02 - 23 հունիսի, 2018
Պողոսյանին չգիտեմ,բայց որ այս նոր պայմաններում առաջ են քաշում պատասխանատու պաշտոնի նշանակում է նա իր գործի պրոֆեսիոնալ է։ Լրագրողին էլ չեմ ճանաչում,բայց ելնելով մեր իրականությունից, հնարավոր եմ համարում որ դա գիտակցաբար սարքած սադրանք լինի որը փառք Աստծո չի աշխատել։ Սենսացիայի հետեվից ընկած մեր շատ ժուրնալիստներ այնքան են իջեցրել իրենց մասնագիտության իմիջը, որ նոր նյութ կարդալիս կամ դիտելիս, առաջին միտքը որ մարդու մոտ ծագում է, այս ում պատվերն է կատարում եվ ում դեմ։Կներեք,եթե կոնկրետ դեպքում սխալվում եմ, բայց որ ձեր պես աշխատել չի կարելի եվ դուք էլ հեղափոխության կարիք ունեք, դա միանշանակ է։
4. Արթուր13:43 - 23 հունիսի, 2018
արտակ պողոսյանին ոստիկան անվանելը վարքաբեկում է ամբողջ ոստիկանական համակարգին, ուստի կասեմ այնպես ինչպես հարկն է նրան անվանել` էս մլիցեն ներս էր մտել այն պահին, երբ Անին խոսում էր հեռախոսով, ապտակել էր, ձեռքից խլել հեռախոսը և ասել ''արա ովա սրա ձեռը հեռախոս տվել''։ եթե այսքանը բավարար չէ ավելին իր որոշման մեջ կասի ՄԻԵԴ-ը: Ես շատ լավ հասկանում եմ այս մլիցուն պաշտպանողներին և նողկալի արարքի արդարացման փորձ անողներին, քանի որ Հայաստանում հնուց եկած ավանդույթ է դարձել` մահացածների կամ սեփական շեֆերի հասցեին ասել միայն լավը կամ ոչինչ:
5. Լուսիկ14:42 - 24 հունիսի, 2018
Գործը գտնվում է ՄԻԵԴ-ում: Եթե այնտեղ քնելուց հետո Պողոսյանն արդարացվի, կարող են նշանակել ցանկացած պաշտոնի: Բայց հնարավոր է մեղավոր ճանաչվի, ինպես դա եղավ Երևանի նախկին ոստիկանապետ Կարապետյանի հետ, և հոր կառավարությունը կվարկաբեկվի ոչ միայն մեր աչքերում: Նշանակումը պետք է չեղարկվի:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ