HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

Ռազմավարական ճանապա՞րհ, թե՞ կաղնու կռիվ

Աղավնի Եղիազարյան, Արեւհատ Գրիգորյան
«Մարդու ստեղծած ամեն ինչ վաճառեցին, հիմա հասել են Աստծո ստեղծածին: Սա Աստծո ստեղծածն է, ու Աստված կպատժի, անպայման կպատժվենք, եթե թույլ տանք բնության այս հրաշքը վերանա»,- որպես ՀՀ քաղաքացի ասում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Բնության այս հրաշքը տեղացիները մայրաքաղաքից ժամանած լրագրողներին ցույց տվեցին Սյունիքի մարզի Կապան քաղաքից Շիկահող գյուղ բարձրանալու ճանապարհին: Ճանապարհի ոլորանների միջից բացվում է տեսարանը ձորի վրա, որի կենտրոնում' դարավոր սոսիների պուրակի հարեւանությամբ, անտառն է' այնքան խիտ ծառերով, որ նույնիսկ ամենաարեւոտ օրերին այստեղ մութ է լինում:

Տեղացիներն ասում են, որ Մթնաձորը հատվելուց փրկվել է հիմնականում իր անհասանելի լինելու շնորհիվ: Ոչ մի տեխնիկա, ոչ մի մեքենա չի կարող մոտենալ ձորի կենտրոնում, բլուրների վրա իշխող անտառազանգվածին, եթե դրա համար հատուկ ճանապարհ չբացվի:

Իսկ ճանապարհ պատրաստվում են բացել

Այսօր Մթնաձորի անտառը ՀՀ կառավարության մեկ որոշմամբ կարող է ոչնչանալ: Նպատակը ռազմավարական ճանապարհի շինարարությունն է, որը, ըստ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության պատվիրած նախագծի, անցնելու է Մթնաձորի ուղիղ մեջտեղով: «Ճանապարհի ստեղծման գաղափարն աբսուրդային չէ, քանի որ խոսքը ստրատեգիական նշանակության ճանապարհի մասին է, բայց ճանապարհի անցկացման տեղը աբսուրդային է»,- ասում է անտառային տնտեսության ինժեներ Վ. Մարտիրոսյանը, ով 30 տարի ղեկավարել է Կապանի անտառտնտեսությունը:

Մայիսի 11-ին Կապան էին այցելել Բնապահպանության եւ Կապի ու տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչները' քննարկելու ճանապարհի կառուցման այլընտրանքային տարբերակները:

Կապի եւ տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին իրենց ճանապարհաշինարարների կարծիքը, ըստ որի' առաջարկվող բոլոր տարբերակներից ամենաընդունելին անգամ չի կարող այլընտրանքային համարվել: Նրանց ասելով' ՀՀ կառավարությունն ուզում է այստեղ միջպետական նշանակության ճանապարհ կառուցել, իսկ բնապահպանների առաջարկած տարբերակով ավելանում է 20 ոլորան, ճանապարհը երկարում է 19,5 կմ-ով եւ այն ծովի մակերեւույթից բարձր է լինում ոչ թե 2005 մ, ինչպես ճանապարհաշինարարներն են առաջարկում, այլ 2240 մ: Սրանք ավելացնում են նյութական ծախսերը, բացի այդ' չի ապահովվում հեշտ անցանելի, առանց ոլորանների, որոշակի միջազգային չափանիշների համապատասխանող ճանապարհի կառուցումը, ինչի նպատակն ունի ՀՀ կառավարությունը:

Այս եւ այլ փաստարկներին իրենց պատասխանն ունեն կապանցիները:

«Ոչ ոք չի ասում, թե պետք է անպայման անտառը կտրել: Ուղղակի նախագծողները փաստորեն չափանիշների են նայել, որ 8 աստիճանից ավելի թեքություն չպետք է լինի, բարձրությունը 2000 մ չանցնի: Բայց մենք ասում ենք' եթե հնարավոր է 9 աստիճան լինի, 2100 մ բարձրություն լինի, ապա անենք դա, որ չվնասենք անտառը»,- ասում է Սյունիքի փոխմարզպետ Ռոբերտ Սարգսյանը: Վլադիկ Մարտիրոսյանը բացատրում է. «Համաձայն լեռնային անտառների հատման կանոնների' 30 աստիճանից ավելի թեքության դեպքում չի թույլատրվում հատատեղ նշանակել, ասենք' անտառի 10 տոկոսը վերցնել շահագործման նպատակով: Այսպիսի թեքություններով ճանապարհ կառուցել չի թույլատրվում: Բացի ճանապարհի տակ ընկնող ծառերից, այդ թեքությունների հողը, ապարը լրիվ թափվելու է ճանապարհին: Հազարավոր ծառեր են փչանալու, չի կարելի էդպես ճանապարհ կառուցել»:

Մեր գրեթե բոլոր զրուցակիցները բերում են հետեւյալ, թերեւս ամենակարեւոր փաստարկը. «Հյուսիսային լանջով ճանապարհը չի գործի, որովհետեւ ձմռանը կփակվի»: Եւ խորհուրդ են տալիս Բակունց կարդալ.«Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչեւ գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում»:

Մայիսի 3-ին Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի տարածած մամլո հաղորդագրության մեջ ներկայացված են Մթնաձորով կառուցվելիք ճանապարհի հնարավոր վնասները. «Ճանապարհի կառուցման պատճառով ոչնչացման ենթակա են ավելի քան 14 հազար հասուն ծառեր հինգ հազար խմ զանգվածով եւ 90 հազար մատղաշ ծառեր: Հողային պայթեցման աշխատանքների եւ շինարարական տեխնիկայի պատճառով Մթնաձորի կենդանական աշխարհի ներկայացուցիչները լավագույն դեպքում կհեռանան այդ տարածքից, որը նրանց համար անառիկ, անփոխարինելի բնակավայր է եղել»:

Մինչ ՀԿ-ները կտեղեկանային այս պատմությանը եւ աղմուկ կբարձրացնեին' պահանջելով չխախտել միջազգային համաձայնագրերն ու ՀՀ օրենքները, ՀՀ գնումների գործակալությունը Կապի նախարարության պատվերով ապրիլի 11-ին մրցույթ է կազմակերպել: Դեռ «քննարկվող» ճանապարհի հինգ տարբեր հատվածների համար մրցույթը շահել են չորս շինարարական ձեռնարկություններ' «Կապանի» ՃՇԲԲԸ, «Մեղրու» ՃՇՇԲԲԸ, «Դորոժնիկ» եւ «Կապավոր» ՍՊԸ-երը: Այս ընկերությունների մասին հնարավոր չէր պատկերացում կազմել' նայելով այն տեխնիկային, որն արդեն բարձրացրել են եւ շարունակում են հասցնել Մթնաձոր: Մեր տեսած եւ տեսա-լուսանկարած տեխնիկայի վրա բացակայում էին համարանիշները: Իսկ թե ու՞մ են պատկանում այդ մեքենաները, վարորդներից մեկը միայն ասաց. «Մարատի տեխնիկան է»:

Տեղեկությունների թիվ մեկ աղբյուրը

«Մենք հեռուստացույցով ենք իմացել, որ Մեղրի-Ծավ-Կապան ճանապարհ պետք է կառուցվի: Ես դիմեցի տեղի ճանապարհաշինարարին: Այստեղ էլ տեղյակ չէին, ասացին միայն, որ անմիջապես նախագահի կողմից հանձնարարական է եղել, եւ ճանապարհ է անհրաժեշտ' ստրատեգիական նպատակով: Հետո մենք տեղյակ ենք պահել Բնապահպանության նախարարությանը, տեսանք, որ ոչ ոք տեղյակ չէ, ոչ մի թղթաբանություն չկա»,- պատմում է «Շիկահող» պետական արգելոցի տնօրեն Ռուբեն Մկրտչյանը:

Տեղի բնակչությունը ճանապարհ ուզում է, բայց ասում են' ո՛չ Մթնաձորի հաշվին։ «Մթնաձորը երկրագնդի վրա մնացած եզակի տարածքներից է, որտեղ մարդը ոչ մի անգամ չի միջամտել բնությանը, այսինքն' էկոհամակարգերը զարգացել են բնական եղանակով»,-ասում է Վլադիկ Մարտիրոսյանը:
«Ճանապարհային կոմունիկացիան այս մարզում ամենապակասն է, իսկ մենք ուզում ենք էս տարածաշրջանը զարգանա: Մենք ունենք մի տարբերակ. ունենալ ճանապարհ' հնարավորինս քիչ վնասելով բնությունը: Հիմա մասնագետները պետք է աշխատեն գտնել նման տարբերակ,-ասում է Սյունիքի փոխմարզպետ Ռոբերտ Սարգսյանը եւ ավելացնում,- բայց եթե մասնագիտորեն ապացուցեն, որ այլ տարբերակ չկա, ապա ճանապարհը պետք է»:

Մեր տեղեկություններով' Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ավելի կոշտ դիրքորոշում ունի հօգուտ Մթնաձորի եւ այս հարցի առնչությամբ հանդիպել Է հանրապետության նախագահին:

Մեր հարցին, թե որտեղից են իրենք իմացել, որ հնարավոր է ճանապարհ կառուցվի Մթնաձորով, մեր բոլոր զրուցակիցները նշում էին հեռուստացույցը:

«Չէ, փաստաթուղթ չի եղել, բայց մարզպետարանը առաջադրանք ստացել է: Երբ պետական բյուջեն հաստատվել էր, միգուցե նախագծերը պատրաստ չէին, բայց արդեն ուրվագծված էր, գյուղերի անունները կային' Վերիշեն, Ծավ, Շվանիձոր... Այսինքն' ուրվագծվում էր մի ճանապարհ, որը հնարավոր էր' անցներ Մթնաձորով: Շուրջ մեկ ամիս առաջ տարբեր աղբյուրներից' հեռուստացույցից, շինարարներից, արգելանոցի աշխատողներից, Տրանսպորտի նախարարությունից ինֆորմացիա ենք ստացել»,- ասում է Սյունիքի փոխմարզպետ Ռոբերտ Սարգսյան:

ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանն էլ ասում է. «Ճանապարհի մասին մենք լսել ենք հեռուստացույցից, եւ որեւէ ռեալ փաստաթուղթ չի եղել: Մենք նման բաների առնչվում ենք, երբ գալիս է փորձաքննության պահը: Փորձաքննության իրենք (Կապի եւ տրանսպորտի նախարարությունը) նոր են տվել մեզ, փորձաքննությունը ընթացքի մեջ է: Պրոցեսը այսպես է' տարբեր բաժիններ տալիս են իրենց կարծիքները, այդ կարծիքների եւ անկախ փորձագետների կարծիքների հիման վրա վերջում տրվում է փորձագիտական եզրակացություն: Դեռեւս քննարկվում է, եւ ԲՆ-ն դեռ իր վերջնական եզրակացությունը չի տվել»:

«Բնապահպանական փորձաքննություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Աշոտ Սանթրոսյանից տեղեկացանք, որ մայիսի 17-ի դրությամբ փորձագիտական եզրակացությունը դեռ տրված չէ:

Ճանապարհի կառուցմանը նախապատրաստվում են մինչեւ փորձագիտական քննարկումները, մինչեւ պարզելը' պարտադի՞ր է դարավոր կաղնիներ տապալելը այդ ճանապարհի համար, թե՞ հնարավոր են այլ' պակաս բարբարոսական լուծումներ: Մինչեւ փորձաքննություն կատարվի, մինչեւ մարդիկ տեղեկանան իրենց պահպանությանը հանձնված տարածքների հնարավոր ճակատագրի մասին, ճանապարհաշինության համար անհրաժեշտ տեխնիկան արդեն հասցվել է Ծավ ու Շիկահող գյուղեր:

Բնապահպանները հիշեցնում են, որ Հայաստանը ստորագրել է Օրհուսի համաձայնագիրը, որի համաձայն' բնության վրա հնարավոր ազդեցությամբ կամ բնապահպանական նշանակության որեւէ միջոցառումից առաջ անհրաժեշտ է անցկացնել հասարակական լսումներ:

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակը ժամանակավորապես դադարեցրել է «Շիկահող» պետական արգելոցի պահպանության աջակցման աշխատանքները, որը ֆինանսավորվում է CPF-ի կողմից (Կրիտիկական վիճակում գտնվող էկոհամակարգերի համագործակցության հիմնադրամ):

«Չի բացառվում, որ դադարեցվեն նույն հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող մյուս բնապահպանական ծրագրերը: Միջազգային կազմակերպությունները չեն կարող վստահել մի պետության, որը խախտում է միջազգային կոնվենցիաները»,- ասում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Հասարակական լսումները սկսվել են միայն նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելուց հետո: Այդ աշխատանքները ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը պատվիրել է «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ին: Մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել' ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարությունում տեղյակ չե՞ն, թե՞ ձեւացնում են, թե տեղյակ չեն, որ Մթնաձորի անտառը «Շիկահող» արգելոցի մեջ է մտնում:

Մեր տեղեկություններով' այս պատվերի մեջ իսպառ բացակայել են «արգելոց», «անտառ» արտահայտությունները: Փոխարենն օգտագործվել է «հատված» բառը: Մեր հարցին' արդյոք նախագծողները տեղյա՞կ են, որ իրենց նախագծած ճանապարհն անցնում է արգելոցի ուղիղ մեջտեղով, «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ի աշխատակիցը, որ չցանկացավ ներկայանալ, ասաց. «Մենք աշխատել ենք Կապի եւ տրանսպորտի նախարարության տված տվյալներով եւ պատվերով, ոնց որ ուզել է Կապի նախարարությունը, այնպես էլ նախագծել ենք»: Տեղի բնակչության, հասարակական կազմակերպությունների եւ լրագրողների բարձրացրած աղմուկից հետո շահագրգիռ նախարարություններն իրենց մասնագետներին ուղարկել են տեղում ուսումնասիրություններ կատարելու եւ ճանապարհի կառուցման համար այլընտրանքային տարբերակ գտնելու: Իսկ այլընտրանքային տարբերակներ կան:

Կապի եւ տրանսպորտի նախարարությունը, սակայն, քննարկումներից հետո անընդունելի են համարում այլընտրանքային տարբերակները: Մայիսի 17-ին նախարարության լրատվական ծառայության ղեկավար Թամար Ղալեչյանը հայտնեց, որ նախարարությունը մնում է իր կարծիքին, եւ ճանապարհը կառուցվելու է ըստ նախագծի: Ասել է թե' այն անցնելու է Մթնաձորի ուղիղ մեջտեղով:

«Եթե առաջարկվելիք տարբերակներից ոչ մեկը չեն ընդունում, ուրեմն հստակ կարող ենք ասել, որ այդտեղ ոչ թե ճանապարհի հարցն է, այլ ուղղակի անտառի, ծառի, փայտի համար է այդ «ստրատեգիական» ճանապարհի նախագիծը»,-ասում է Կարեն Մանվելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter