HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գյումրի-Գարեջուր»-ը 360 մլն դրամ պակաս է վճարել պետբյուջե

Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած գործողությունների շրջանակում պարզվել է, որ «Գյումրի-Գարեջուր» ընկերությունն իր արտադրանքը հիմնականում իրացրել է փոխկապակցված ընկերություններին` կիրառելով ոչ շուկայական գներ: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունից ստացված հաղորդման համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը ծառայություններ է ձեռք բերել շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերից: Մինչդեռ նախնական ուսումնասիրությունը կասկած է հարուցում, որ ծառայություններն իրականում չեն մատուցվել, սակայն նվազեցվել են համախառն եկամտից:

Ընդհանուր առմամբ, «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ, որից մոտ 210 միլիոն դրամ` ակցիզային հարկ, և ավելի քան 150 մլն` շահութահարկ:

Հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ՍՊ ընկերության կողմից չհաշվարկված հարկի գումարը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկի չափը:

Ուստի, ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` առանձնապես խոշոր չափի հարկը չվճարելու նպատակով օրենքով սահմանված հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ: Հետաքննության բաժնի և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում դատարանի որոշման հիման վրա կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ, կրիչներ և հաշվապահական այլ փաստաթղթեր:

Հետաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter