HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ՝ ընդերքօգտագործման ոլորտի վիճակի ու բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ

Տեխնիկական գիտությունների թեկնածու Անդրանիկ Աղաբալյանն իր բաց նամակն է գրել Նիկոլ Փաշինյանին՝ ընդերքօգտագործման ոլորտի ներկա վիճակի ու արմատական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք․

 

Մեծարգո պարոն վարչապետ

Հաշվի առնելով, որ ս.թ. մայիսի 24-ին Ձեզ ուղղված և ս.թ. հունիսի 5-ին ՀՀ նախագահի աշխատակազմից Ձեզ վերահասցեագրաց  նամակները մնացին անարձագանք, ինձ իրավունք եմ վերապահում դիմել Ձեզ բաց նամակով:

Ստորև բերված է նշված նամակի հակիրճ տարբերակը: Այն, ինչպես և նախորդը, հիմնված է Հայաստանի լավագույն մասնագիտական խմբի կողմից մշակված ՀՀ ընդերքօգտագործման ոլորտի արմատական բարեփոխումների ծրագրի վրա:

Ծրագրում մանրազնին վերլուծված է ներկա վիճակը, հիմնավորված են դրված նպատակները ու դրանց հասնելու ուղիներն ու ժամանակացույցը՝ ճանապարհային քարտեզի տեսքով:

Ներկա վիճակը

  1. ՀՀ ընդերքօգտագործման ոլորտի պետական կառավարման գործառույթները տարանջատված են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ու ՀՀ բնապահպանության նախարարությունների միջև:

  2. Պետական կառավարման այդ մարմինների ղեկավար պաշտոններում (նախարար, նախարարի տեղակալ, մասնագիտական կառույցի ղեկավար) չկան ընդերքօգտագործման ոլորտի մասնագետներ:

  3. Ներկայումս գործող ՀՀ Ընդերքի մասին օրենսգիրքը իրենից ներկայացնում է արտասահմանյան խորհրդատուների կողմից ներկայացված և տերմինաբանական ու իմաստային կոպիտ սխալներով թարգմանված ժաղովածու, որը ունակ չէ լիարժեք կարգավորել ոլորտում փոխհարաբերությունները և չի ընդգրկում պետական բոլոր անհրաժեշտ գործառույթները:

  4. Մինչ այժմ գործող ենթաօրենսդրական դաշտը ստեղծվել է մինչև 2002թ., երբ ՀՀ կառավարության առընթեր գործում էր ՀՀ օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովը: Հանձնաժողովի գործունեությունը դադարելուց հետո, ենթաօրենսդրական դաշտը մնացել է թերի ու անկատար:

  5. Ընդերքօգտագործողների գործունեությունը հիմնականաում բնութագրվում է չափազանց ցածր արդյունավետությամբ և թանկարժեք հանքաքարերի պաշարների ու օգտակար բաղադրիչների անթույլատրելի չափերի հասնող անվերադարձ կորուստներով:

Արմատական բարեփոխումների սկզբունքներն ու նպատակները

  1. ՀՀ կառավարության կազմում ընդերքօգտագործման ոլորտի պետական լիազոր մարմնի ստեղծումը, որը կընդգրկի ընդերքի ռեսուրսների բոլոր տեսակի օգտակար հանածոների օգտագործման ամբողղջական գործառույթները և կղեկավարվի բարձրակարգ ու բազմափորձ մասնագետների կողմից:

  2. Մարդկային գործոնի ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն ապահովող պարզ ու թափանցիկ կանոններով օրենսդրական դաշտի ձևավորումը, որը կապահովի ընդերքօգտագործման հանգուցային հիմնահարցերի հստակ լուծումը ու կխրախուսի ներդրումների ներհոսքը:

  3. Բարեփոխված օրենսդրական դաշտի պահանջների հիման վրա հանքավայրերի ռացիոնալ ու համալիր շահագործման արդյունավետության կտրուկ աճի ապահովումը:

Ամփոփելով վերոշարադրյալը, հարկ եմ համարում նշել, որ ընդերքօգտագործման ոլորտը վաղուց դարձել է անկառավարելի և գործում է թերի ու անկատար օրենսդրական դաշտում:

Այդ պայմաններին եթե հավելենք նաև տասնամյակների ընթացքում տիրող բարձր կոռուպցիոն միջավայրը, ապա հասկանալի է թե ինչու են Հայաստանի ամենա արժեքավոր հանքավայրերը շահագործում «քոչվոր» ընկերությունները, որոնց  «պիտանելիության ժամկետը» 5-12 տարի է ու միակ նպատակն է առավելագույն շահույթի ստացումը ժամանակի միավորում, ինչը ենթադրում է հանքավայրերի ամենա հարուստ պաշարներով տեղամասերի բարբարոսաբար շահագործումը՝ ահռելի չափերի անվերադարձ կորուստներով:

Վերջերս ծավալված գործունեությունն ու «բացահայտումները» , հիմնականում ուղղված են վաղուց հայտնի ու ավանդաբար կոռուպցիոն ռիսկի մաս կազմող բնապահպանական վճարների «թաքցված» գումարների «հայտնաբերմանը»: Պարզ է, որ իրատեսական չէ մի քանի օրում ատուգումներ անցկացնել ու հայտնաբերել չարաշահումներ թույլտված 60 ձեռնարկություն:

Մինչդեռ, պետեկամուտների ավելացման հիմնական ներուժն է՝ գրագետ մշակված օրենսդրական դաշտում գործող, հանքավայրերի շահագործման արդյունավետության բարձրացումը:

Միայն այդ ճանապարհով ու գրագետ մասնագետների կողմից ղեկավարվող ոլորտը կարող է դառնալ իսկապես գերակա երկրի տնտեսության համար:

Ցանկանում ևս մեկ անգամ փաստել, որ Հայաստանում կա մասնագիտական խումբ, որը քաջատեղյակ է ոլորտում տիրող ներկա վիճակին, ունի հստակ նպատակներ և գիտի այդ նպատակին հասնելու ճանապարհը:

Այդ առումով, առաջարկում եմ հնարավորություն ընձեռնել Ձեզ ներկայացնել ՀՀ ընդերքօգտագործման արմատական բարեփոխումների ծրագրի սկզբունքներն ու նպատակները: Առաջարկում եմ նաև քննարկել ՀՀ վարչապետին կից ընդերքօգտագործման ոլորտի հասարակական խորհրդի ստեղծման նպատակահարմարության հարցը:

 

Հարգանքով,

Անդրանիկ Աղաբալյան

Տեխնիկական գիտությունների թեկնածու

 

Մեկնաբանություններ (1)

Manvel Zalibekyan
Манвел Залибекян խելոք մտքեր եք արտահայտում,բայց... ովքեր են այդ գիտունիկ մասնագետները... քանի որ մի ամբողջ կյանք ապրում եմ Ընդերքի խնդիրներով՝ շա՜տ կցանկանայի իմ նպաստը բերել ազգանպաստ Գործին... ինձ գովեմ՝ ներկայացնեմ... համակարգել եմ ,,Ընդերքի մասին,, առաջին օրենքը... հեղինակ եմ մոսկվաներում պաշտպանած ոսկու հանքավայրի հետախուզման մի քանի նախագիծ - նախահաշիվների, պաշարների հաշվման նախագծերի... հեղինակ եմ մի շարք գիտական լուրջ,հեղինակություն վայելող հոդվածների... անգամ համահեղինակ եմ ոսկու հանքաբանության մեջ... համաշխարհային հայտնագործության՝ նոր թելուրիդի հայտնաբերմանը... մշտական պայքարել եմ մեր հանքավայրերը օտարերկրացուն տրամադրելուն... հոդվածներ,ելույթներ... ի վերջո , քոչոյի ակտիվ ջանքերի շնորհիվ, շուրջ 15- տարի թողեցի Հայաստանը...Հայրենիքում եմ արդեն 5-տարի ու շարունակում եմ զբաղվել սիրածս Գործով...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter