HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարազատներիս է փոխանցվել երկու՝ Հայաստանի և Ռուսաստանի պետական նմուշի դիպլոմ

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ոչ պաշտոնապես, բայց արդեն աշխատում եմ որպես իրավաբան

Գիտեմ, որ օրեր առաջ Սլավոնական համալսարանից հարազատներիս են փոխանցել իմ երկու դիպլոմները`Հայաստանի և Ռուսաստանի պետական նմուշի: Անձամբ դեռ չեմ տեսել դրանք (շուտով կփոխանցվեն ինձ, իսկ պատճեները կխնդրեմ կցել անձնական գործիս): Այս նամակի հետ կխնդրեմ տեղադրել դիպլոմների լուսանկարները:

Դիպլոմների հանձնման արարողությանը ներկա չեմ գտնվել, հարազատներս էլ ինձ մոտ էին. տեսակցություն էր տրամադրվել: Իմացա, որ Սլավոնական համալսարանի պետության և իրավունքի ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանն է ներկայացրել բոլոր շրջանավարտների դիպլոմները, այդ թվում՝ իմը: Ես էլ այդ պահին տեսակցության սենյակում հարազատներիս՝ հյութով լի բաժակներով կենացներն էի լսում (ալկոհոլ այստեղ չի թույլատրվում):

Երևի մտածում եք, թե բանտում անելիք չկա, պարապուրդ ու ձանձրույթ է, ժամանակն էլ՝ անսպառ հարատև: Բայց, անկեղծ ասեմ, ինձ չի բավարարում ժամանակը, քանի որ գրեթե միշտ զբաղված եմ: Համալսարանը ավարտելով՝ որոշել էի մի փոքր հանգստանալ. 5 տարի անընդմեջ պարապել էի: Բայց ինքս էլ չէի պատկերացնում, որ այսչափ աշխատանք եմ ունենալու որպես իրավաբան: Թե՛ ցմահ, թե՛ մեկուսարանի տնտեսական մասում աշխատող դատապարտյալներից  դիմում են ինձ, որ օգնեմ տարբեր իրավաբանական հարցերում: Իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս անգամ զբոսախցում: Իսկ հետո նրանց համար դիմումներ, բողոքներ եմ գրում ու, իրենց հետ միասին, անհամբեր սպասում պատասխաններին: Խնդիրները տարբեր են`կան մարդիկ, ովքեր առաջին անգամ են դատապարտվել ազատազրկման, լավ վարքագիծ են դրսևորել և բաց տիպի քրեակատարողական հիմնարկ կարող են տեղափոխվել, այսինքն`ամբողջ օրը լինել ազատության մեջ, աշխատել և միայն երեկոյան վերադառնալ քրեակատարողական հիմնարկ:

Իսկ ինչ վերաբերում է պայամանական վաղաժամկետ ազատմանը, ապա այս ինստիտուտը, հուսով եմ, որ շուտով գործունակ կդառնա: Առահասարակ, համոզված եմ, որ ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործությունների դեպքերում ազատազրկումը պետք է հազվադեպ կիրառել: Ի՞նչ օգուտ է ստանում պետությունը, հանրությունը կամ հենց նույն տուժող կողմը, եթե, ասենք` գողության մեղադրանքով քաղաքացուն տարիներով պահեն գաղութում, որտեղ նա պետական բյուջեի հաշվին պետք է պահվի`ապահովվի սննդով, հագուստով, հիգիենայի պարագաներով և այլն: Հասկանալի է, որ նման ձևով պատժելը չի կարող նպատակահարմար լինել ո՛չ պետությանը և ո՛չ էլ հանցագործությունից տուժած քաղաքացուն: Իսկ հանցանք կատարած մարդն էլ գաղութում առանց աշխատանքի, հանցավոր միջավայրի ազդեցության տակ մի՞թե ուղղվում է: Այս տիպի հանցագործությունների պարագայում պետք է կիրառել այլ պատժատեսակներ, հնարավորություն տալ ազատության մեջ գտնվելով` աշխատանքով փոխհատուցել պատճառված վնասը:

Ինչ վերաբերում է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին, ապա այս դեպքերում ազատազրկումը պետք է ծառայի իր ամենակարևոր, հիմնական նպատակին`հանցանք գործած անձի ուղղմանը: Սրա համար հատուկ մշակված անհատական ծրագրեր պետք է իրագործվեն, բարձորակ մասնագետներ պետք է աշխատեն նրանց հետ: Ցավոք, մեր իրականության մեջ մինչ այս գործել է ոչ թե օրինականության սկզբունքը, ոչ թե ուղղման գաղափարը, այլ միայն վրեժխնդրությունը: Այսինքն`եթե տուժող կողմն ազդեցիկ է`ուներ կապեր հանցավոր իշխանությունների հետ, կաշառում էր դատավորներին, ապա ենթադրյալ, կամ իրական հանցավորը պատժվում էր ամենախիստ ձևով: Այսինքն`պարզապես դատարանը գործիք էր վրեժ լուծելու, այլ ոչ թե արդարադատություն իրականացնելու համար:  Միևնույն ժամանակ, եթե տուժող կողմը շարքային քաղաքացի էր, առանց իշխանական կապերի ու գումարի, ապա նրա դեմ հանցանք կատարածները կամ չէին բացահայտվում, կամ խուսափում էին պատժից: Այն է` արդարադատությունն ընտրովի էր:

Արդարության յուրօրինակ խորհրդանիշը հենց դատարաններն են, որտեղ պետք է արդարադատություն իրականացվի: Ուրախ եմ, որ այս օրերին բազմիցս լսում եմ «անմեղության կանխավարկածի» մասին:  Փաստաբաններից մեկը դեռ նախկին իշխանությունների օրոք ասում էր. «Հարգեք անմեղության կանխավարկածը, քանի որ այն հենց ձեզ է պետք գալու… »:

Իսկ քանի՞ մարդ նախկին իշխանությունների օրոք հայտնվեց բանտերում, նաև մահապատժի ճիրաններում`անմեղության կանխավարկածի հիմնարար իրավունքի կոպտագույն խախտմամբ: Մարդիկ ծանրագույն պատժի էին ենթարկվում ենթադրությունների հիման վրա, իսկ չփարատված կասկածները, փոխարենը մեկնաբանվեին ի օգուտ մեղադրյալի, ինչպես և պահանջում է անմեղության կանխավարկածը, արվում էր ճիշտ հակառակը:

Հուսով եմ, ավելին`համոզված եմ, որ մեր թավշյա, զտարյուն հայկական հեղափոխությունը կբացահայտի նաև այդ դեպքերը, ինչպես կբացահայտվեն մարտի 1-ի ոճրագործները և մարդկանց վրա կրակելու հրաման տվողները:

Հ.Գ. Մինչ այդ, այստեղ՝ «Նուբարաշեն» կլոր բանտում ժամանակ առ ժամանակ ծափեր են լսվում, մարդիկ շարունակում են ազատություն վերադառնալ: Տարոսը բոլոր անարդար դատապարտվածներին:

Մեկնաբանություններ (5)

Mariam
Պարոն Ենոքյան շնորհավորում եմ ձեզ դիպլոմ ստանալու կապակցությամբ։ Դժվարանում եմ նկարագրել իմ զարմանքն ու հիացմունքը (պատկերացրեք չեմ էլ կողմնորոշվում ինչ գրել ու ինչպես), մաղթում եմ շուտափույթ ազատ արձակում ու հույս հայտնում, որ մի օր հնարավորություն կունենամ հանդիպել և զրուցել ցեզ հետ։
Gevorg
Մհեր, կյանքում ոչ մեկին, ոչ մի հարցով չեմ նախանձել, քեզ նախանձում եմ (իհարկե բարի նախանձով), բոլշևիկների ժամանակ երգ կար, , բարի ազատում տղաս:
Satenik
Поздравляю вас! Желаю новых успехов уже на свободе.✌️✌✌
Գագիկ
Շնորհավորում եմ դիպլոմներդ Մհեր ջան ու միանում ձեր խմած կենացներին։ Ուժդ անսպառ թող լինի ու միտքդ պայծառ, հույսդ երբեք չկտրես, սպասում ենք քեզ։ Ամմմմենալավագույնը քեզ...
Արամ
Մհեր եթե հիշում եք ես միշտ խորհուրդ էի տալիս չհուսահատվել: Նախկինում բանտը եղել է Սերժի փող լվանալու և շորթման միջոցներից մեկը: Հիմա այլևս դա չկա, ուստի ոչ ոք շահագրգռված չէ այլևս քեզ բանտում պահելու համար: Այնպես որ մի քիչ էլ դիմացիր...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter