HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ՝ մշակույթի նախարարին

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը բաց նամակ է գրել մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Հարգելի՛ տիկին Մակունց

Ողջունելով ժողովրդավարական ազատությունների, օրենքի գերակայության հաստատման, կոռուպցիայի և տնտեսական մենաշնորհների հաղթահարման, արդարության ապահովման և վերականգնման խնդիրների լուծմանն ուղղված` Հանրապետությունում տեղի ունեցող գործընթացները, Ձեզ եմ դիմում հետևյալի մասին.

  1. Սկսած 2000 թվից, Հյուսիսային պողոտայի կառուցապատման գոտու և նրան հարակից տարածքների  թվով 28 պատմամշակույթային շենք–շինությունները կառուցապատողների կողմից քանդվել են սահմանված կարգի խախտմամբ` առանց լիազորված մարմնի համապատասխան մասնագիտական եզրակացության (ՀՀ դատախազության պետական շահերի պահպանության վարչության կողմից տրված տեղեկանք 31.03.2006 թիվ)։ Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակը հաստատվել է ՀՀ Կառավարության 2004 թվի 07.10 հ.1616–ն որոշմամբ։ Սակայն դա հուշարձան շենքերին չփրկեց քանդումից։ ’’Հուշարձանների պահպանության բնագավառում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարված ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են բազմաթիվ թերություններ ու խախտումներ, որոնք տարածված են ոլորտը սպասարկող պետական կառավարման և վերահսկողական գործառույթներով օժտված գրեթե բոլոր մարմինների գործունեության մեջ։ Գոյություն ունեցող լուրջ հիմնախնդիրները խոչընդոտել և այժմ էլ խոչընդոտում են ոլորտում օրինականության ամրապնդմանը, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության արդյունավետ իրականացմանը՛՛ ( ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության 16.05.2006 թ. տեղեկատվական նամակ)։

ՀՀ Կառավարության 22.03.2018 թ 332–ն որոշմամբ բացառիկ գերակա շահ է ճանաչվել Երևանի 33–րդ թաղամասը։ Այդ տարածքում են գտնվում 6 պատմամշակույթային հուշարձան շենքեր, որոնք Երևանի հուշարձանների ցուցակում նշված են 200.1, 200.2, 200.4, 200.6, 200.8 և 203.13.1 համարներով։ Հարկ եմ համարում նշել, որ ՀՀ Ազգային Ժողովը վավերացրել է «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան, համաձայն որի՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21–րդ հոդվածի 2–րդ մասում պետք է կատարվի փոփոխություն,որի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով Պ–316–27.08.2013–գկ–010–0։ Կառավարության 332–ն որոշումը կայացնելիս արդյո՞ք Մշակույթի նախարարությունը տվել է իր մասնագիտական եզրակացությունը` ըստ կառավարության որոշումները ընդունելու կարգի։ Եթե ոչ, ապա հաշվի առնելով վերոհիշյալը, խնդրում եմ միջոցներ ձեռնարկել այդ որոշումը կասեցնելու համար և այդ տարածքը որպես գերակա հանրային շահ ճանաչելու խնդիրը դնել լայն հասարակական քննարկման։ Նույնը պետք է անել նաև Աբովյան, Պուշկինի փող. և Սախարովի հրապարակի գերակա հանրային շահ ճանաչված տարածքների համար։

  1. 2005–2006 թվերին քանդվեց և ոչնչացվեց Նալբանդյան փող.20ա հասցեում գտնվող հաութային տունը և Խ.Գիլանյանի «Լաստո» լիմոնադի գործարանը, որը կառուցվել էր դեռևս 1892 թվին։ Այդ գործարանի աշխատանքը կազմակերպելու համար Գիլանյանը վարձակալել էր Տեր–Ղուկասովի փողոցում գտնվող Տ.Խանամիրյանի տան վեց սենյակները։ Այս շենքում է գտնվել նաև Խաչատուր Աբովյանի Երևանյան բնակարանը, որտեղ նա ապրել և ստեղծագործել է 1843–48 թվերին։ Հայ մեծանուն գրողի կենսագրության այն հատվածը, որ «նա դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել», վերաբերվում է հենց այս հասցեին՝ Տեր-Ղուկասով փողոցում տեղակայված, բայց արդեն քանդված շենքի բնակարանին: «Լաստո» գործարանը 1920 թվականին ազգայնացվել է, իսկ 1931 թվականից դրա հիման վրա կազմավորվել «Լիմոնադի» գործարան:

  2. Նալբանդյան փող.20բ հասցեում էր գտնվում Ջանփոլադյանի թատրոնի որմնանկարներով հարուստ շենքը, որտեղ 1913 թվին կայացել է «Ալմաստ» օպերայի Երևանյան պրեմիերան։ Այս երկու հուշարձանները ընդգրկված են հուշարձանների պահպանման ցուցակում 205.1 և 205.2 համարների տակ, և մինչ օրս պահպանվում են պետության կողմից:

  3. Ճարտարապետ, Երևանի ավագանու անդամ Լ.Իգիթյանը իր 05.10.2010 թ. Իրավունք թերթին տված հարցազրույցում Գիլանյանի լիմոնադի գործարանի և Ջանփոլադյանների թատրոնի շենքերի մասին նշել է.
    –Այդ շենքի հետ կապված հանգամանքներ կան և ես` չգիտեմ բարեբախտաբար, թե դժբախտաբար տեղյակ եմ  խոհանոցից, գիտեմ, բայց շատ ցավում եմ, որ առայժմ իրավունք չունեմ բարձրաձայն ասելու դրա մասին։ Մեր այսօրվա երկրի վիճակը թվում է շատ թեթև է,սակայն իրականում շատ ծանր վիճակում ենք, և մեր երկրի ծանր վիճակը թեթևացնելու նպատակով էր այդ տեղում շենք կառուցվելու, այդտեղ շատ կարևոր մի խնդիր է լուծվում երկրի կայունության և անվտանգության համար։

Երբ հարևան երկրներում քանդում են հայկական եկեղեցիները ու գերեզմանները, ոչնչացնում խաչքարերը, պատմական շենքերը, ապա մենք արդարացիորեն տագնապ ենք հնչեցնում, խոսում ենք վանդալիզմի մասին՝ դիմելով տարբեր միջազգային կազմակերպությունների, կազմակերպում բազմաթիվ քննարկումներ։ Սակայն երբ նույնը կատարվում է մեր երկրում, մասնավորապես մայրաքաղաքում, սկսում են բերել տարբեր պատճառներ, իսկ պատկան պետական մարմինները լռում են։

Հարգելի՛ Նախարար, հուսով եմ,որ Դուք վերջապես միջոցներ կձեռնարկեք վերանշված հուշարձան–շենքերի հանցավոր քանդման մեջ մեղավորներին հայտնաբերելու և պատժելու, ինչպես նաև դեռևս հրաշքով պահպանված հուշարձան–շենքերը փրկելու համար։

Հարգանքով՝ Սեդրակ Բաղդասարյան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter