Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Հյուսիսի գեղեցկուհին՝ Արփի լիճ


Ծովի մակերեույթից 2025 մետր բարձրության վրա գտնվող Արփի լճի գրավչությունն ընդգծվում է հատկապես մայրամուտին: Մարող արեւի շողերի արտացոլանքը ջրի ալիքներին, կուտակվող ամպերի ու օդում ճախրող տարատեսակ թռչունների խաղն անկրկնելի զգացմունքներ են պարգեւում դիտողին:

Ինձ բախտ է վիճակվել այս տարածքում լինել տարվա բոլոր եղանակներին՝ դիմավորել արեւածագը՝ լիճը երիզող խոտածածկի շաղից թրջված ոտքերով, նկարահանումներ անել այրող արեւի կիզիչ ճառագայթների տակ, ամռան շոգին մրսել լեռնային պաղ քամուց, խստաշունչ ձմռանը, երբ օրն արեւային է՝ չկրել ձեռնոցներ, ներկա լինել բքից հետո մեկ մետր ձյան շերտից ճանապարհների մաքրմանը, ամեն գնալուց դժգոհել ճանապարհների ու հանդիպող գյուղերի թշվառ վիճակից, շրջել դաշտերում՝ ճանաչելի դեղաբույսեր հավաքելու նպատակով ու անկախ անձրեւի, քամու, բքի ու այրող արեւի պատճառած անհարմարություններից՝ մշտապես արձագանքել Արփի լիճ գնալու առաջարկին:

Շիրակի մարզի Ամասիայի նախկին վարչատարածքի, ներկայիս Արփի խոշորացված համայնքի տարածքում գտնվող Արփի լիճն արհեստական ջրամբար է: Պատվարը (дамба) կառուցվել է 1951թ-ին, իսկ մինչ այդ Արփին փոքր լիճ էր՝ 1,6 մետր խորությամբ եւ 5 մլն խորանարդ մետր ջրի ծավալով: Ամբարդակի կառուցումից հետո, Արփին իր ջրային ծավալներով հանրապետությունում դարձավ երկրորդ ջրային ավազանը Սեւանից հետո: Ձնառատ տարիներին այստեղ ջրի ծավալները գերազանցում են 100 խորանարդ մետրը եւ գարնանը լճի տարածք այցելողներն ականատես են լինում պատվարից թափվող, ջրվեժ հիշեցնող տեսարանին: Սակավաջուր եւ չափից դուրս ջրառի ժամանակ, լճում ջրի ծավալները հասնում են մինչեւ 20 մլն խորանարդի:

Արփի լիճ են թափվում Եղնաջուր գետակի եւ լեռներից իջնող առվակների ջրերը: Ջրամբարից սկիզբ է առնում Ախուրյան գետը, որ թափվում է Հայաստանը Թուրքիայից բաժանող Ախուրյանի ջրամբարը: Լեռնային այս շրջանում ձմեռը սկսվում է հոկտեմբերին եւ ավարտվում ապրիլ-մայիսին: Այստեղ ապրողները կատակով նշում են, որ իրենք ունեն տարվա երկու եղանակ՝ 8 ամիս ձմեռ, 4 ամիս գարուն: Արփի լճին ամենամոտ տեղակայված Պաղակն գյուղակում է խորհրդային տարիներին գրանցվել Անդրկովկասում ամենացուրտ՝ -46 աստիճանը: Երկար տարիներ Արփի լճում ձկնորսությամբ զբաղվողները պնդում են, որ համեղագույն ձուկը կարելի է որսալ հենց այստեղ, քանի որ ի տարբերություն Ախուրյանի ջրամբարի ձկնատեսակների՝ զերծ է տիղմի համից: Եղջնաջուր գետակի վերին հոսանքներում հանդիպում է Արփի լճում գրանցված 11 ձկնատեսակներից ամենահամեղը՝ կարմրախայտը:

Խորհրդային տարիներին լճի հարակից գյուղերում հիմնականում ապրել են ադրբեջանցիները: Արփի լիճը խորհրդային տարիներին խստորեն հսկվում էր՝ ձկնորսություն թույլատրվում էր միայն կարթով: Անկախացումից հետո բարձիթողի վիճակը բավական մեծ ազդեցություն էր ունեցել լճի էկոհամակարգի վրա բացասական իմաստով, որը շտկելու նպատակով 2009թ-ին, կառավարության որոշմամբ, ստեղծվեց «Արփի լիճ» ազգային պարկը (զբաղեցնում է 21 հազար հա տարածք):

Արփի լիճ ազգային պարկի տարածքում աճում են 670 տեսակի բարձրակարգ բույսեր, որոնցից 19 տեսակը ներառված է ՀՀ կարմիր գրքում: Բուսատեսակների մեջ քիչ չեն դեկորատիվ համարվողները՝ կովկասյան թրաշուշան, Ջավախքի թրաշուշան, հիրիկ ցանցավոր, հիրիկ թզուկային, ջրաշուշան եւ այլն: Շաղիկ գյուղի հարակից տարածքում, լճի ափին առկա են սոճու, բարդու տնկարկներ, կաղամախու եւ գաճաճ գիհու անտառապատ հատվածներ:

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում գրանցված են 225 տեսակի ողնաշարավոր կենդանի, այդ թվում Բնության պահպանության համաշխարհային միության Կարմիր ցուցակում գրանցված 14 տեսակ՝ ջրասամույր, խայթաքիս, տափաստանային հողմավար բազե եւ այլն: Տարածքում գրանցված են 11 տեսակի ձուկ, 3 տեսակ երկկենցաղ, 6 տեսակի մողես եւ 4 տեսակի օձ, որոնցից մեկը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում եւ ԲՊՄՄ կարմիր ցուցակում, 193 տեսակի թռչուն, որոնցից 32-ը՝ ՀՀ Կարմիր գրքում եւ 11 տեսակը՝ ԲՊՄՄ կարմիր ցուցակում, կաթնասունների դասի 38 տեսակ, որոնցից 3 գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, 2-ը՝ ԲՊՄՄ կարմիր ցուցակում:

լուսանկարում ձախից վերևից՝ արագիլ, հավալուսին, հայկական որոր, դարևսկու իժ

Արփի լճի տարածքում է գտնվում որորի ամենամեծ գաղութն աշխարհում, այստեղ կարելի է հանդիպել հազվագյուտ՝ սեւ արագիլի: Արփի լիճը գանգրափետուր հավալուսնի միակ բնադրավայրն է Հայաստանում եւ Դարեւսկու իժի(գրանցված է  կարմիր գրքում) միակ բնակավայրն աշխարհում: Թռչուններից 7 տեսակը համարվում են վտանգված, այդ թվում գանգրափետուր հավալուսինն ու մրգահավը: Հատուկ հետաքրքրություն են ներկայացնում նաեւ մոխրագույն սագը, մոխրագույն կռունկը եւ հայկական որորը:

«Արփի լիճ» ազգային պարկի գիտական գծով փոխտնօրեն Արտակ Ֆարզադյանն ասում է, որ առավել մտահոգիչ են Արփի լճում կատարվող ձկնագողության դեպքերը: Նախկինում չթույլատրված միջոցներով (ցանց, էլեկտրահարում եւ այլն) ձկնորսության դեպքերը բերել են առկա ձկնատեսակների նվազման՝ քանակական առումով, նաեւ՝ չափերի: «Դե ցանցով բռնողներին հիմնականում խոշոր ձկնատեսակն է հետաքրքրում ու նախկինում կատարված անխնա որսն իրոք բերել է նման աղետալի վիճակի: Հիմա խստորեն հսկվում է պարկի տարածքը, ձկնագողերը տուգանվում են: Վերջերս ենք առգրավել ցանց ու փոքր ձկնորսական նավակ, բայց ձուկ չկար: Ցանցը ոչնչացրել ենք, նավակն առգրավել, տիրոջն էլ տուգանել: Ուղղակի էստեղ տուգանքի չափերն են տարբեր՝ ձուկը ցանցում հայտնաբերելու դեպքում ավելի բարձր է: Հիմնականում սազանի ու կարպի որս են անում, պատմում են, որ անցյալում անգամ մինչեւ 6-7 կգ քաշով սազան են որսացել»,-ասում է Արտակ Ֆարզադյանը:

Արտակ Ֆարզադյան

Հետք-ը 2012թ-ին անդրադարձել է Արփի լճի էկոհամակարգի անմխիթար վիճակին: Նկատենք, որ այդ ժամանակ ազգային պարկն արդեն ստեղծված է եղել եւ հոդվածում բարձրացված հարցերը իրականում չպետք է լինեին: «Արփի լիճ» ազգային պարկի ներկայիս տնօրեն Հովսեփ Սիմոնյանը սկսել է պաշտոնավարել 2017թ-ի հունիսի 20-ից: Նախկին ղեկավարման թերությունների, չլուծված խնդիրների մասին չի ուզում խոսել, ասում է՝ պատրաստ է ներկայացնել ազգային պարկում մեկ տարվա կատարած աշխատանքների արդյունքներն ու առաջիկա անելիքները միայն: Նախկին տնօրեն Արա Պետրոսյանի նկատմամբ 2015թ-ին հարուցվել էր քրեական գործ քր.օրենսգրքի 314 հոդվածի հատկանիշներով(պաշտոնական կեղծիք կատարել):

«Ես ընդհանրապես հակված եմ չխոսել նախորդների մասին՝ ի՞նչ են արել, ի՞նչ չեն արել, որովհետեւ հասկանում եմ՝ քննադատելը շատ հեշտ է: «Կովկասի բնություն» հիմնադրամի կողմից այստեղ եղել է վերահսկողություն, այնպես չէ, որ ես եկա էստեղ Անիի ավերակներն էր, բնավ այդպես չէ,-ասում է Հովսեփ Սիմոնյանը,-բայց եղել են բացթողումներ: Ես չեմ խոսի այդ բացթողումների մասին՝ դրա պատճառով տնօրեն է աշխատանքից ազատվել, կասեմ միայն, որ ազգային պարկը ընդունել եմ, ունեցել են 1 մլն 700 հազար սեփական եկամուտների հավաքագրում (2016թ-ի ցուցանիշն է-հեղ.), իմ ղեկավարման ընթացքում հավաքագրվել է 9 մլն դրամ: Կարծում եմ էս համեմատության մեջ ամեն ինչ պարզ է: Արել ենք տարածքների չափագրում, եւ եթե նախկինում պարկի տարածքը 26 հազար հա էր, հիմա 5 հազար հա-ը հետ ենք տվել ու հստակ մեզ պատկանող տարածքը 21 հազարը հա-ն է»:

Հովսեփ Սիմոնյան

Կրկնակի չափագրունից հետո «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տարածքն ըստ գոտիների ունի հետեւյալ տեսքը՝ տնտեսական գոտի-10667,8 հա, ռեկրեացիոն գոտի-452,2 հա, արգելոցային գոտի-9919,3 հա: Հովսեփ Սիմոնյանը չմանրամասնեց, թե ինչպես է ստացվել, որ 5 հազար հա հավելյալ տարածք է անցել պարկին եւ ինչ ճակատագիր են ունեցել պարկի տարածքում գտնվող վարձակալությամբ տրվող հողատարածքներից ստացված վարձակալական գումարները, կրկին անգամ շեշտելով, որ այս մեկ տարվա ընթացքում այդ երկու խնդիրը շտկվել է:

«Սահմանները ճշգրտվել են, վարձակալական գումարներն էլ մուտքագրվում են բյուջե, կարծում եմ սա արդեն բավարար է: Մենք հիմա աշխատում ենք այստեղ էկոտուրիզմը զարգացնելու ուղղությամբ, որի հնարավորություններն ունենք: Հատկապես ձմեռային տուրիզմի լայն հնարավորություն ունենք: Ձմռանը լիճը սառում է ու մենք կարող ենք էստեղ ունենալ հրաշալի սահադաշտ: Այցելուներին կարող ենք տրամադրել ձմեռային վրաններ: Աջակիցներ ենք փնտրում դահուկներ եւ չմուշկներ ձեռք բերելու համար: Եթե որեւէ կազմակերպություն կարողանար օգնել, ապա էս եկող ձմեռ այդ ծրագիրը կիրականացնենք»:

Ազգային պարկն ունի այցելուների կենտրոն, որ գտնվում է Ղազանչի գյուղում՝ Աշոցք խոշորացված համայնքում: Հեռավորությունը մարզկենտրոնից 41 կմ է: Ազգային պարկի վարչական կենտրոնը, որ կառուցված է Արփի լճի մոտ, գտնվում է Պաղակն բնակավայրում՝ Արփի խոշորացված համայնքում: Մարզկենտրոնից հեռավորությունը կազմում է 39 կմ: Ղազանչի-Բերդաշեն-Պաղակն 16 կմ-անոց ճանապարհից հիմնականում օգտվում են տեղացիները: Զբոսաշրջիկները կամ չգիտեն այդ ուղղության մասին, իսկ տեղեկացվածներն էլ գերադասում են չօգտվել՝ քարուքանդ լինելու պատճառով:

Արփի լիճ տանող բոլոր ճանապարհներն անբարեկարգ են: Անցած տարի Ամասիա-Բերդաշեն տանող 16 կմ ճանապարհը հարթեցվել էր, սակայն դա հարցի ամբողջական լուծում չէ: Լիճ բերող բոլոր նշված ուղղությունները վերջին անգամ ասֆալտապատվել են մոտ կես դար առաջ: Ի դեպ, Ղազանչին գտնվում է Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի վրա, որն համեմատաբար բարվոք վիճակում է:

Արփի լճի տարածքում զբոսաշրջության զարգացման խոչընդոտներից մեկն էլ հենց վատ ճանապարհներն են, որի մասին 30 տարի է բարձրաձայնվում է, սակայն անարդյունք, հարցը լուծում չստացավ անգամ պարկի ստեղծումից հետո: Հովսեփ Սիմոնյանն եւս չի ժխտում, որ շատ զբոսաշրջային խմբեր ազգային պարկ չեն հասնում՝ պատճառաբանելով վատ ճանապարհները: «Մենք այս պահին հարց ենք դրել զարգացնելու ներգնա տուրիզմը: Բայց այդ ճանապարհներով անցնողը հաջորդ անգամ դժվար թե նորից ուզենա գալ, էլ չեմ խոսում արտերկրից այստեղ հասնողների մասին: Իհարկե, գյուղական եւ էկոտուրիզմի սիրահարները, դրանք բոլորովին այլ խմբի պատկանող մարդիկ են, նրանք խստապահանջ չեն կեցության վայրի առումով, 5 աստղանի հյուրանոցի պահանջ չեն դնում, բայց դա չի նշանակում, որ մարդիկ պետք է տեղ հասնեն քարուքանդ ճամփեքով»,-նկատում է զրուցակիցս՝ նկատելով, որ թերեւս միայն ձկնորսության սիրահարներին է, որ լիճը գրավում է անկախ եղանակային եւ ճանապարհային պայմաններից:

Զբոսաշրջիկների կայուն հոսքը «Արփի լիճ» ազգային պարկ` կխթանի նաեւ գյուղական տուրիզմը: Ընտանիքներում հյուրընկալվելու հեռանկարը, հատկապես լճին մոտ գտնվող բնակավայրերի բնակիչներին, հնարավորություն կընձեռի ցանկության դեպքում տան մի հատվածը վերածել հյուրատան: Ազգային պարկի ստեղծման նպատակներից մեկն էլ տարածաշրջանի բնակավայրերի զարգացումն ու բնակիչների կյանքի որակի բարելավումն էր լինելու, սակայն անցած 9 տարիներին գրանցած արդյունքները մեծ չեն՝ 1-2 գյուղական հյուրատուն, համայնքների խոշորացումից հետո հարթեցված, տանելի երթեւեկության վիճակի բերված Ամասիա-Բերդաշեն ճանապարահատված եւ Արփի խոշորացված համայնքի ձեւավորումից հետո ջերմոցային տնտեսությունների ստեղծման 1-2 ծրագիր:

«Պարկի զարգացումը ուղիղ կերպով ազդելու է բնակիչների ապրելակերպի վրա,-նկատում է Հովսեփ Սիմոնյանը,-իհարկե սա չի նշանակում, թե այստեղ հենց վաղը պիտի բարձրակարգ հյուրանոց կառուցեն, դրա կարիքն իրականում չկա էլ: Ալպիական գոտում ենք, հիանալի տեղ է անասնապահությամբ զբաղվելու, էկոլոգիապես մաքուր սնունդ ստանալու համար: Զբոսարջիկների հոսքը որ ակտիվ լինի, գյուղացին էլ տեղում իր մթերքի սպառման մասին կմտածի: Ողջ աշխարհում էկոլոգիապես մաքուր մթերքն ամենաթանկն է գնահատվում, հիմա մենք ունենք էդ մաքուր օդը, ջուրը, հողը՝ մթերքը մարդիկ արտադրում են, սակայն լայն սպառում չկա»:

Արփի լիճ գիշերակացով այցելողների համար պարկի տարածքում կա փոքրիկ հյուրատուն 4 հոգու համար՝ օրը 15 հազար դրամ վարձավճարով: Վարչական շենքի մեկ սենյակում եւս գիշերակացի հնարավորություն կա ստեղծված՝ անձը 5 հազար դրամ վարձավճարով: Նրանք, ովքեր ցանկություն ունեն գիշերել ոչ շենքային պայմաններում, պարկը տրամադրում է վրաններ համապատասխան վարձի դիմաց: Լճի տարածքում կարելի է զբոսնել ձիով եւ քառանիվ մոտոցիկլով:

«Ցանկացողների համար կազմակերպում ենք նաեւ թռչնադիտարկում լճի Շաղիկ գյուղի մերձակա տարածքում, որտեղ գանգրափետուր հավալուսինն է, նաեւ Ախուրյանի կիրճ ենք տանում, որտեղ կարող են տեսնել հազվագյուտ սեւ արագիլի: Ուզում ենք թռչնադիտարկման կետ սարքենք, դա փոքր տնակ է, որտեղից մարդիկ կկարողանան առանց թռչուններին վախեցնելու հետեւել նրանց»,-բացատրում է Արտակ Ֆարզադյանը:

Ազգային պարկի տնօրեն խոսում է առաջիկայում ձեռք բերվելիք հսկողության սարքերի մասին, որոնք տեղադրվելու են լճի տարածքում՝ գիշերային որսագողության դեպքերը կանխելու նպատակով: 15 տեսուչ եւ 8 պահակ 24 ժամ ձիերով, մեքենայով շրջում եւ հսկողություն են իրականացնում, սակայն առանց հատուկ սարքավորումների, որոնց կարիքը խիստ զգացվում է հատկապես գիշերային ժամերին:

Բնապահպաններին մտահոգում է գյուղական բնակավայրերում չիրականացվող կանոնավոր աղբահանությունը, որը ժամանակ առ ժամանակ խնդիրներ է ստեղծում նաեւ լճի համար: Հովսեփ Սիմոնյանն ասում է, որ բազմիցս փորձել է պայմանավորվածություն ձեռք բերել բնակիչների եւ համայնքի ղեկավարի հետ, որպեսզի տարածքը չաղտոտեն, սակայն առայժ մեծ արդյունավետության չի հասել: «Մենք լճի տարածքը մաքրում ենք անընդհատ, հետեւում ենք ձկնորսներին, որ իրենց հետեւից աղբ չթողնեն: Ով իր թափածը չի հավաքում, տվյալ անձի մեքենայի համարները մեր մոտ ֆիքսված են՝ հաջորդ անգամ արգելում ենք մուտք գործել պարկի տարածք: Հարցն այն է, որ Արփի խոշորացված համայնքում աղբահանություն չի կատարվում, չունեն աղբահան մեքենա: Քամին էլ որ բարձրանում է, չի նայում, թե էդ պոլիէթիլենային տոպրակը որտեղի ուր պիտի հասցնի: Սա շատ կարեւոր հարց է, որ համակարգված մոտեցում է պահանջում, նաեւ սրտացավ վերաբերմունք»:

 


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։