HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԵՊՀ շրջանավարտների միավորում»-ից` Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչոյի) կնոջը. չհայտարարագրած և թաքցրած գույքը

Քրիստինե Աղալարյան

Էդիկ Բաղդասարյան

Երևանի Ավան համայնքի Ծարավ Աղբյուր փողոցում, սոցիալական հատուկ ծրագրով բնակարանով ապահովված երիտասարդ ընտանիքների համար կառուցված  բազմաբնակարանների տարածքում, արդեն 1,5 տարի է` գործում է «Նոր զովք» սուպերմարկետը: «Նոր զովք»-ը վարձակալում է տարածքը Ռուզաննա Բեգլարյանից, ով 2016 թվականին դարձել է շինության գերակշիռ հատվածի սեփականատերը:

Ռուզաննա Բեգլարյանը, հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի կինն է, ով օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացնի գույքի և եկամուտների հայտարարագիր:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից մեր ձեռք բերած` Ծարավ Աղբյուր 55/15 հասցեի սեփականության մասին վկայող փաստաթղթերի համաձայն` նույն հասցեում 5 առանձին տարածքներ կան, որից 4-ի սեփականատերը Ռուզաննա Բեգլարյանն է, իսկ մեկինը` «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը: Առաջին տարածքը վարձակալությամբ հանձնված է «Նոր զովք»-ին: Երկրորդ և երրորդ տարածքները տնօրինում է Ռուզաննա Բեգլարյանը, իսկ շենքի հետնամասում` 4-րդ շինությունը, վարձակալության է հանձնված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ին: Եվ միայն 5-րդ տարածքն է, որ տնօրինում է կառուցապատող «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն:

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանին գրավոր հարցում ուղարկեցինք` պարզելու, թե ինչ հիմունքներով է շինությունը հատկացվել Ռուզաննա Բեգլարյանին: Վերջինս տեղեկացրել է, որ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող բնակարանային ապահովության սոցիալական ծրագրերի շրջանակում կառուցված բոլոր բազմաբնակարան համալիրներում, շահառուների կենցաղ-սպասարկման պահանջմունքները բավարարելու նպատակով կառուցվել են հասարակական նշանակության օբյեկտներ (հաշվի առնելով կառուցված շենքերի հարակից տարածքներում այդպիսի ենթակառուցվածքների իսպառ բացակայությունը): Դրանք օրենքով սահմանված կարգով վաճառվել են այլ քաղաքացիների և ներկայումս ծառայում են որպես խանութներ, սպասարկման կենտրոններ, հանրային սննդի կազմակերպման օբյեկտներ, մարզասրահներ և գրասենյակներ:

2016թ. հոկտեմբերի 13-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Ծարավ Աղբյուրի 55/15 հասցեում գտնվող 783.2 քմ մակերեսով տարածքը վաճառվել է քաղաքացի Ռուզաննա Բեգլարյանին: Արսեն Քարամյանը չի նշել գումարի չափը: Սակայն հայտնի է, որ այդ տարածքում երիտասարդ ընտանիքները բնակարաններ են ձեռք բերել 185-290 հազար դրամի սահմաններում` կախված, թե որ նախագծի մասնակից են եղել նրանք: Եթե պարզ թվաբանական հաշվարկը կատարենք ամենաէժան գնով, ապա 783 քմ-ի համար Ռուզաննա Բեգլարյանը պետք է վճարեր 145 մլն դրամի չափ (300 հազար դոլարի սահմաններում): Իսկ եթե հաշվի առնենք, որ այն սոցիալական ծրագրի շահառուի չի վաճառվել, այլ առևտրային նպատակներով, ապա գինը հնարավոր է կրկնապատկվի:

Այդ շինության շուկայական արժեքն այսօր գնահատվում է մոտ 1 մլն դոլար։

Այդուհանդերձ, Ռուզաննա Բեգլարյանն այս թանկարժեք անշարժ գույքը 2016 թվականի իր հայտարարագրում չի նշել եւ թաքցրել է: Հայտարարագրելու դեպքում արժեքն էլ պարզ կդառնար:  

Այդ գույքի մասին որևէ նշում չկա նաև նրա 2017թ. հայտարարագրում: Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը բարձրաստիճան պաշտոնատար անձ է եղել, հետևաբար, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, պարտավոր էր օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագրեր: Ռուզաննա Բեգլարյանը` որպես բարձրաստիճան պաշտոնատար անձի կին, նույն պարտավորությունն ուներ:

Հիշեցնենք, որ արդեն իսկ քրեական գործ է հարուցվել հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ, որի շրջանակներում խուզարկություններ են կատարվել Վաչագան Ղազարյանի կնոջը պատկանող տարածքներում:

Նշենք նաև, որ երիտասարդ մասնագետներին բնակարաններով ապահովելու ծրագիրն իրականացվում էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Այդ ծրագրերից վերջինի` «Վերածնունդ»-ի վիճակահանությունը հետաձգվեց մինչև հոկտեմբեր, չնայած այն նախատեսված էր այս ամիս: Ըստ ամենայնի, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն նոր վարչապետից երաշխավորություն դեռ չի ստացել և չի շտապում նոր ծրագրին ընթացք տալ:

Ի՞նչ միջոցներով է ձեռք բերել Ռուզանա Բեգլարյանը Ծարավ Աղբյուրի այս գույքը, հայտնի չէ։ Թե´ նրա, թե´ ամուսնու հայտարարագրերից երեւում է, որ նրանք այդքան միջոց չունեին այն ձեռք բերելու համար։ Իսկ գուցե «Սերժի Վաչոն» (հանրության մեջ այդպես է հայտնի Վաչագան Ղազարյանը) այն նվե՞ր է ստացել. իրավապահները սա էլ պետք է պարզեն։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter