HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գուլյանը` Փաշինյանի կառավարությունում, առաջնորդվում է Սերժ Սարգսյանի իշխանության «սև ցուցակով»

«Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհուրդը նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այն ներկայացնում ենք նույնությամբ․ 

Մեծարգո պարոն վարչապետ .

Օրերս ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող Նաիրա Գուլյանը, հանդիպման է հրավիրել ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններին: Հետաքրքիր է, որ տիկին Գուլյանը համաժողովրդական շարժման արդյունքում ձևավորված իշխանության կառավարությունում աշխատում է այնպես, ինչպես ժամանակին աշխատել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմում, երբ Արմեն Աբելյանի գլխավորությամբ համակարգում էր ազգային փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող նախագահին կից խորհրդի աշխատանքները:

Նշված հանդիպմանը նա հրավիրել է գրեթե բոլոր ակտիվ հասարակական կազմակերպություններին, բացի եզդիական համայնքը ներկայացնող ամենաակտիվ կազմակերպությանը՝ «Սինջար» եզդիների ազգային միավորում հկ-ին: Մեր ակտիվության մասին մենք չէ, որ պետք է խոսենք, սակայն կարծում ենք, որ կա անհրաժեշտություն խոսելու մեր կողմից կատարված աշխատանքների մի մասի վերաբերյալ, որպեսզի հասկանալի լինի, որ փոքրամասնությունների հարցով զբաղվող ադեկվատ պաշտոնյան չէր կարող չիմանալ «Սինջար» եզդիների ազգային միավորման մասին:

Մեր գործունեության յոթ տարիների ընթացքում, մենք հասցրել ենք հրատարակել ութ գիրք՝ եզդիների պատմության, ավանդույթների, ցեղասպանության և մշակույթի մասին, հիմնել ենք կրթամշակութային կենտրոն Արմավիրի մարզի Արաքս համայնքում, Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնքում, կիրակնօրյա դպրոց Երևան քաղաքում, ուսումնասիրել և զեկույցի տեսքով հրատարակել ենք եզդի կանանց կրթական իրավուքնների խախտման մասին զեկույց, հիմնել ենք եզդիների կյանքը լուսաբանող Dengeezdia.com լրատվական կայքը, նկարահանել ենք երկու տասնյակի հասնող փաստագրական ֆիլմեր եզդիների մասին, զբաղվել ենք տասնյակ եզդիների խախտված իրավունքների վերականգնմամբ, հրատարակել ենք Եզդիների Ձայն ամսաթերթը: Եվ սա միայն մեր գործունեության մի փոքր մասն է:

Հարգելի պարոն Փաշինյան, ցավով ենք արձանագրում, որ Ձեր կառավարության անունից հանդես եկող այս անձը շարունակում է իներցիայի ուժով մեզ պահել սև ցուցակում, որը կազմվել է դեռևս Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Այն ժամանակ իշխանությունը անում էր ամեն բան, որպեսզի իրենց ընդիմացող ազգային փոքրամասնություններ ներկայացնող հասարակական կազմակերպությունները, որևէ ձևով մասնակից չլինեն պետության կողմից կազմակերպվող քննարկումներին: Հիմա տիկին Գուլյանը Ձեր կառավարությունում առաջնորդվում է Սերժ Սարգսյանի իշխանության կողմից կազմված ցուցակներով:

Պարոն վարչապետ վստահ ենք, որ Դուք հավատարիմ կլինեք ԱԺ-ում հնչեցրած Ձեր մտքին, և այսուհետ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն կուեննան օրենքի սահմաններում ազատ գործել։

Նաիրա Գուլյանի ու իր նախկին ղեկավար Արմեն Աբելյանի վերաբերյալ բազմաթիվ կոռուպցիոն պատմությունների խոսակցություններն են շրջանառվում ու լավ կլինի, որ ԱԱԾ-ն զբաղվի այդ խոսակցություններով ու, եթե հաստատվի նրա մասնակցությունը ինչ- ինչ կոռուպցիոն պատմությունների, խնդրում ենք հեռու պահել նրան Ձեր կառավարության կազմից:

Պարոն Վարչապետ, Նաիրա Գուլյանի խտրական վերաբերմունքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սխալ է տարիներ շարունակ արմատացած այն մոտեցումը, ըստ որի ազգային փոքրամանսույթունների խնդիրներով չպետք է զբաղվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Ուստի մենք առաջարկում ենք Ձեզ, որպեսզի կառավարությունան կազմում գործող բոլոր այն կառույցները, որոնք կոչված են զբաղվել ազգային փոքրամասնույթունների խնդրով, ղեկավարեն Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Վստահաբար նրանք առավել լավ կհասկանան բոլոր այն խնդիրները, որոնք հուզում են մեզ ու չեն փորձի ուղղակի տպավորություն ստեղծել, որ ազգային փոքրամասնությունները խնդիրները չունեն:

«Սինջար»  եզդիների ազգային միավորում ՀԿ խորհուրդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter