HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրանք Մասիսի քաղաքապետին` Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի գործով

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ 2018թ. ապրիլի 22-ին՝ ժամը 16:00-17:00-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում տեղի ունեցած միջադեպին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասնակցության վերաբերյալ։

Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ 2018 թվականի ապրիլի 22-ին Մասիս բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել առ այն, որ աջ սրունքի փափուկ հյուսվածքներ թափանցող հրազենային վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչը՝ ծնված 21.03.1958թ.։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ 60-ամյա բնակիչը հրազենային վնասվածքն ստացել է Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ, որտեղ մի շարք բնակիչներ մասնակցել են բողոքի ակցիային։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ապրիլի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որով հետագա նախաքննությունը շարունակվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում։ Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողություններ՝ վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ, հարցաքննվել տարբեր անձինք։

Նախնական քննության տվյալներով՝ Արարատի մարզի մի շարք բնակիչներ ապրիլի 22-ին երթով շարժվել են դեպի Երևան՝ մասնակցելու ժամը 19-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին։ Երթն արգելելու համար ժամը 16:00-17:00-ի սահմաններում մի խումբ անձինք՝ առանց հաշվառման համարանիշերի ավտոմեքենաներով, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում փակել են դեպի Երևան տանող ճանապարհը, բռնություն գործադրել երթի մասնակիցների նկատմամբ, կիրառել հրազեն։ 4 անձ ճանաչվել է տուժող։

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ տեղի ունեցած միջադեպին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասնակցության վերաբերյալ, և հունիսի 23-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։

Քրեական գործով պարզվել էր նաև միջադեպի ժամանակ հրազեն կիրառած անձի ինքնությունը, ով Մասիս քաղաքի բնակիչ է, և դեռևս մայիսի 17-ին որոշում էր կայացվել՝ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել հետախուզում:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter