HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպիտակի երկրաշարժը, Ջավախքը, մարդը…

Վահե Սարգսյան

1988 թ. Սպիտակի ողբերգական երկրաշարժը ալեկոծեց բոլորին, և աղետից տուժած մեր հայրենակիցներին ժամ առաջ օգնության հասնելու գաղափարը դարձավ համազգային գերխնդիր: Խորհրդային բանակից նոր զորացրված քսաներկուամյա Սամվել Սերոբյանը և իր երկվորյակ եղբայր Արարատը ևս 1988 թ. դեկտեմբերյան մղձավանջային օրերին Ջավախքի ծայր հյուսիսում գտնվող իրենց հայրենի Ազավրեթ գյուղից շատերի նման մեկնեցին Լենինական և որոշ ժամանակ անց շատերի նման ցնցված` վերադարձան տուն: Ինչպես Սամվելն է վկայում, տուն վերադառնալիս անգամ հացի փող չեն ունեցել և ճանապարհին կերել են այդ ժամանակ Ախալքալաքում հայտնի «չփլաղ (մերկ) իրիսը»: Իրենց հետ Գյումրիից «ուտելու մի բան վերցնելու» մասին շատերի հարցին Սամվելը կեսկատակ-կեսլուրջ պատասխանել է, որ ինքը շուտով շատ ավելի մեծ բան կստանա աղետի գոտուց, բայց դա մարդիկ հետո կտեսնեն:

Երկրաշարժի դաժան օրերից անցել էր չորս տարի: Սամվելի «ստանալիքի» մասին շատերն էին մոռացել, երբ մի օր գյուղ է ժամանում անծանոթ մի «Երազ»: Հինգ-վեց հոգու հետ գյուղ էր ժամանել նաև գեղեցկադեմ մի կին: Ազավրեթցիների հիշողության մեջ մինչ օրս մնացել է անծանոթուհու նախշազարդ ցանցավոր ձեռնոցները, ինչն առանց հուզմունքի չեն կարողանում նկարագրել: Անծանոթ հյուրերը գյուղի աշակերտներից մեկին նկարագրում են երկվորյակ եղբայրներին, հարցնում նրանց տան տեղը և խնդրում կանչել նրանց: Մութ ու ցուրտ, խառնակ այդ օրերին մի քանի րոպեում գյուղով մեկ տարածվում է անծանոթ մեքենայի և «ձեռնոցներով» կնոջ հայտնվելը և, մինչ Սամվելը իր մեքենայով կհասցներ մոտենալ նրանց, որոշներն արդեն շրջապատել էին հյուրերին: Տեսնելով մոտեցող Սամվելին` անծանոթ կինը ճչալով մատնացույց է անում նրան` ահա´ նա: Զարմացած և քարացած համագյուղացիները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրենց աչքի առաջ: Սամվելը ևս, իր հերթին ընդառաջ վազելով և գրկելով խորհրդավոր անծանոթուհուն` երկար ժամանակ չէր կարողանում զսպել հուզմունքը.

- Մեջքդ ո՞նց է, Ծովինա՛ր:

- Լավ…

- Ձե՞ռքդ:

- Ձեռքս  էլ, ահա՛…

Ողջագուրվելուց և միմյանց մասին կարճ հարցուփորձից հետո Սամվելն ի վերջո հետաքրքրասիրությունից վառվող համագյուղացիների սեփականությունն է դարձնում այն ամենը, ինչը տեղի էր ունեցել շուրջ չորս տարի առաջ, մինչ այդ անմիջապես գառ է մորթում և բոլորին հրավիրում խնջույքի.

- Ծովինա՛ր ջան, բայց ախր ձեռքդ բետոնի տակ էր մնացել, անգամ մի պահ որոշեցինք կտրել այն, ո՞նց բուժեցիք:

- Էէէ, Սամվել ջան, ի՞նչ բուժել, պրոտեզ է դրված…

… Երկրաշարժի ծանր օրերին, ինչպես նշեցինք, Սամվելը եղբոր հետ մեկնում է Լենինական և ընկղմվում փլատակների մեջ իրականացվող որոնողա–փրկարարական աշ­խա­տանքների մեջ: Որքան ծանր ու սահմռկեցուցիչ էր այդ աշխատանքը, նույնքան էլ պա­ր­տա­վորեց­նող. ամեն րոպեն թանկ էր, ամեն րոպեն` կյանք արժեցող, ամեն պահը` ճակատագրական, քանի որ փրկարարներն ամեն պահի նոր մարդկանց կամ ձայներ էին հայտնաբերում երկաթբետոնե սալերի տակից, կիսամեռ, կյանքի վերջին վայրկյաններին կյանք աղերսող:

Մոտենալով փլված շենքերից մեկին՝ Սամվելը լսում է օգնություն հայցող կնոջ, իսկ ավելի խորքից` տղամարդու ձայներ: Սկսվում է ծանր ու լարված աշխատանքը. Սամվելենց խմբի խնդիրն էր փլատակները փորելով` ժամ առաջ հասնել կնոջ հետզհետե նվաղող ձայնին: Այնպես է ստացվում, որ աշխատանքների բերումով տեղաշարժված շուրջ վեց մետր երկարությամբ սալերը փակում են Սամվելի դուրս գալու ճանապարհը, այդուհանդերձ, պատվիրելով ընկերներին աշխատանքներ տանել դրսից և բացել արտաքին աշխարհ ելքի ճամփան` Սամվելն իր ձեռքի մուրճով և երկաթե սուր կտորով շարունակում է փորել և  համառորեն առաջ շարժվել: Արդեն երեկո էր, երբ Սամվելը, մեկ շիշ ջուր ձեռքին, իր եղբոր հետ հասել է կնոջ «մահվան խուցը» և տեսել երկաթբետոնե սալերի և դռան միջև կիսահորիզոնական դիրքով անշարժացած երիտասարդ կնոջ գլխի հատվածը և սալի արանքում մնացած ձեռքը: Կնոջ մարմնի մյուս հատվածը մնացել էր սալերի մյուս կողմում և փրկարարների համար անտեսանելի, որն առավել դժվարացնում էր նրանց գործը և պահանջում ծայրահեղ զգուշավորություն: Կնոջ շուրթերը ջրով ցողելուց հետո (ջուր տալն այդ դեպքերում արգելվում է) Սամվելն իր եղբոր հետ սկսում է փրկարարական աշխատանքների երկրորդ, առավել պատասխանատու փուլը. հարկավոր էր մասնատել սալերը: Գործը և՛ դժվարին էր, և՛ պահանջում էր ոսկերչական ճշգրտություն. անգամ ամենաչնչին սխալը կարող էր ճակատագրական դառնալ և՛ կնոջ, և՛ իրենց համար:

Երկար ու համառ աշխատանքներից հետո Սամվելին և իր եղբորն ի վերջո երեկոյան կողմ հաջողվում է ազատել կնոջը սալերի ճնշող ծանրությունից, դնել նրան սավանի մեջ, զգուշորեն իջեցնել ներքև և հանձնել սպասող ավտոմեքենային:

Սամվելը հետագայում է միայն հասկացել, որ մի քանի ժամ տևած աշխատանքի ընթացքում կինն անընդհատ նայել է քրտինքի մեջ կորած իր դեմքին և մտապատկերում պահել այն: Իսկ ավտոմեքենայի մոտ Սամվելին է մոտեցել մի մարդ (հետագայում պարզվում է` նշյալ կնոջ հայրը), ում Սամվելն առանց անուն տալու միայն ասել է, որ իրենք Ախալքալաքի Ազավրեթ գյուղից են, զույգ եղբայրներ:

Կնոջը փրկելուց հետո, ցավոք, Սամվելը և իր ընկերներն այդ օրն այլևս չեն կարողանում շարունակել աշխատանքները և մոտենալ Զարզանդ անունով տղամարդու ձայնի ուղղությամբ, ով եղել է փրկված կնոջ ամուսինը: Սամվել Սերոբյանը պատմում է, որ դեկտեմբերյան կարճ օրը վաղուց ավարտվել էր, իսկ գիշերվա սառնամանիքին ու մթին որոնողական աշխատանքները դարձել են անհնարին, ավելին` խիստ վտանգավոր:

Կրակի շուրջ գիշերելով` առավոտյան վաղ աշխատանքները վերսկսելու համար գնացել են նույն ձայնի ուղղությամբ, որն ինչպես նշեցինք, նախորդ օրը լսվել է շատ խորքից ու խիստ աղոտ: Սամվելի ենթադրությամբ` ամուսինը գտնվել է առավել դժվարամատչելի վայրում: Ցավոք, Զարզանդի ձայնը գիշերվա ընթացքում լռել էր, և Սամվելենց փոքրիկ խումբը իր համեստ գործիքներով այդպես էլ չի գտնում նրա հետքը…

Ախալքալաք, Ազավրեթ, երկվորյակ եղբայրներ… Չորս տարի այս խոսքերը հանգիստ չեն տալիս երկրորդ կյանք ստացած Ծովինարին, և նա ապաքինվելուց անմիջապես հետո որոշում է ամեն գնով գտնել և իր երախտիքի խոսքերն ասել այն անծանոթ երիտասարդին, ով, վտանգելով իր ու եղբոր կյանքը, տևական ժամանակ պայքարեց իր կյանքի համար, ջրով ցողելով իր դեմքը` անընդհատ «հիշեցրեց» ապրելու մասին:

Եվ ահա մի օր երախտապարտ կինը հոր և հարազատների հետ դուրս է գալիս իր փրկարարի հետքերով և հարցուփորձ անելով հասնում հեռավոր Ազավրեթ: Ազավրեթցիների հիշողության մեջ դաջված նրա ցանցավոր ձեռնոցները, ինչպես նշեցինք, ոչ թե նորաձևության արգասիք էին, այլ պրոտեզավորված ձեռքը ծածկելու միջոց:

Ծովինարի և նրա հարազատների ժամանելուց հետո Ազավրեթցիները նոր միայն հասկացան, որ երախտագիտության այս այցը հենց այն «շատ մեծ բանն» էր, որի մասին չորս տարի առաջ ակնարկել էր Սամվելը, ով այն դաժան օրերին «շատ ավելի ուրիշ բաներ» կարող էր ստանալ ավերված քաղաքից, կարող էր, բայց … «Իմ ամենամեծ նվերը Ծովինարի այցն էր մեր գյուղ և նրան կենդանի տեսնելը: Լենինականցիների այդ քայլը այն բանի ապացույցն էր, որ ես գնացել էի ոչ թե թալանի հետևից, այլ` կյանքեր փրկելու, ահա դա՛ է իմ ամենամեծ նվերը, պատիվս, անունս…», - այս ամենը վերապրելիս շուրջ երեսուն տարի անց էլ Սամվել Սերոբյանի հուզմունքը խեղդում է կոկորդը, և նա երկար րոպեներ չի կարողանում խոսել:   

Որոշ ժամանակ անց Սամվել Սերոբյանը այցելում է Ախուրյանի շրջանի Կամո գյուղ, ուր հայրիկի հետ ապրում էր Ծովինարը: Երբ գյուղ մտնելով հարցնում է Ծովինարի (ամուսնական ազգանվամբ` Հարությունյան) տան տեղը` կամոցիները բարձրաձայնում են. «Ժողովու´րդ, մեր հերո´սն է եկել…»:

Ցավոք, դրան հաջորդած դժվարին տարիներին Սամվելն այլևս չի կարողանում այցելել նրանց, և այժմ կապը կտրված է: Վերհիշելով այս ամենը` Սամվելը շատ կուզենար կրկին վերականգնել ջերմ հարաբերություններն իր բարեկամների հետ, տեսնել Ծովինարին, նրա հորը, ով միգուցե այլևս կենդանի էլ չէ…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter