Երկուշաբթի, 23 հուլիսի

Օֆշորային գործակալները Հայաստանին պարտք են 166 միլիոն դրամ. ի՞նչ կապեր ունեն նրանք այստեղ


Երևանի Հրաչյա Քոչար 4 հասցեում` մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարևանությամբ, 9-հարկանի, ընդարձակ բիզնես կենտրոն կա: Նորակառույց «Բարեկամություն» բիզնես կենտրոնն այժմ վարձակալությամբ գրասենյակային և առևտրային տարածքներ է առաջարկում: Վարձակալության ենթակա ընդհանուր մակերեսը մոտ 6000 քառակուսի մետր է: Կառուցապատողը ֆեյսբուքյան գովազդներում ասում է, որ իրենց մոտ տարածք վարձակալելը բիզնեսի հաջողության գրավականներից է:

Բիզնես կենտրոնի հիմնական հատվածը այլ գործարարների բիզնես անհաջողության վրա է կառուցվել: Գործարարներից մեկը՝ Փայլակ Հայրապետյանը, ում ունեզրկման պատմությունը մեր ընթերցողներին արդեն հայտնի է, բազմիցս բարձրաձայնել էր, որ խաբեության զոհ է դարձել, սակայն բանկը վաճառեց վարկի դիմաց գրավադրված գույքը, որն այժմ բիզնես կենտրոնի մաս է:

Բանկը գույքն օտարեց արտերկրում գրանցված մի ընկերության, որի հիմնադիրները երկու օֆշորային ընկերություններ էին, հետևաբար իրական սեփականատերը մեզ համար այն ժամանակ մնաց անհայտ:

«Հետք»-ի ձեռք բերած տվյալներով՝ գործարարներին պատկանող գույքը, որը դարձել է բիզնես կենտրոնի մաս, բանկից վաճառվել է գնահատված արժեքից մոտ 1 միլիոն դոլար էժան գնով: Մեր ուսումնասիրություններից ենթադրվում է, որ օֆշորային հիմնադիրներով այդ ընկերությունն առնչություն ունի ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ: 

Ինչպե՞ս Հայաստանում գցել մեծ բիզնեսի հիմքերը. բանկում գրավ դրած գույքը օտարվել է գնահատված արժեքից մոտ 1 միլիոն դոլար էժան գնով

2017թ. պետական եկամուտների կոմիտեն քրեական գործեր հարուցեց մի շարք ընկերությունների դեմ: Դրանցից մեկը «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերությունն է:  

«Հետք»-ը «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերությանն անդրադարձել է օֆշորային սկանդալային պատմությունում, երբ այն անսպասելիորեն հայտնվեց և բանկից գնեց գործարարներ Փայլակ Հայրապետյանի և Գագիկ Ղարիբյանի՝ «Ամերիաբանկ»-ում գրավադրած գույքը: Այն Հրաչյա Քոչարի 4 շենքի 4/9 հասցեի` շուրջ 3400 քառակուսի մետր մակերեսով հատվածն էր և հարակից հողամասերը: Հիշեցնենք, որ այս գործարարները իրենց գույքը գրավադրել էին բիզնես գործընկերոջ՝ Աշոտ Սուքիասյանի վարկի համար, վերջինս չէր կատարել վարկային պարտավորությունը, ինչի դիմաց էլ բանկը վաճառքի հանեց գրավադրված շինությունները:

«Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ն Հայաստանում գրանցված ընկերություն չէ, այստեղ գրասենյակ չունի, իսկ հիմնադիրները գրանցված են Հայաստանի համար օֆշորային գոտի համարվող Սեյշելյան Կղզիների Հանրապետությունում: Այդ հիմնադիրները` «Sapporo Invest S.A.» և «Darwin Invest S.A.» ընկերությունները, օֆշորային գործակալներ են, նրանք նույն հասցեում` Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքի մի շենքում, հարյուրավոր ընկերություններ են հիմնել:

«Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ի գրանցման փաստաթուղթը բրիտանական ռեգիստրից

«Հետք»-ը սկսեց ուսումնասիրել «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերության դեմ հարուցված քրեական գործը: Մեզ համար հատկապես հետաքրքիր էր, թե ումից են հետ բերելու ընկերության չկատարած հարկային պարտավորությունը, որը կազմում էր 166 միլիոն դրամ: Եվ մյուս հարցն այն էր՝ հատկապես ինչ հարկային խախտում էր արել «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ն: Նշենք, որ այն Հայաստանի նախկին կառավարության համար վստահելի ընկերություն էր և բանկից Քոչար փողոցի 4/9 շենքը գնելուց հետո պարբերաբար հայտնվում էր մեկ անձից գնումներում և պետությանը վարձով տարածքներ տալիս իր գնած շենքից:

ՊԵԿ-ից մեզ տեղեկացրին, որ «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ն Հայաստանում վաճառել է իրեն պատկանող անշարժ գույք՝ 1 միլիարդ դրամով, և այս գործարքից չի վճարել ավելացված արժեքի հարկ` շուրջ 166 միլիոն դրամի չափով: Ի՞նչ գույք էր դա, ՊԵԿ-ը չէր մանրամասնել: Հարկային մարմինը, նախաքննական գաղտնիքի հիմքով, մերժել էր տրամադրել ընկերության հայաստանյան ներկայացուցչի կոնտակտային տվյալ:

Կադաստրի պետական կոմիտեից մեր ձեռք բերած փաստաթղթերից պարզվում է, որ 2016թ. «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերությունը վաճառել է հենց Հրաչյա Քոչար 4 շենքի 4/9 հասցեի այն շենքը, որը գնել էր «Ամերիաբանկ»-ից: Ընկերությունը նշված գույքը վաճառել է Փառանձեմ Հանեսյանին, ով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Փառանձեմի հայրը՝ Պարգև Հանեսյանը, Ռուսաստանում գրանցված «Ստրոյսպեցմոնտաժ» ընկերության հիմնական բաժնետերն է: «Բարեկամություն» բիզնես կենտրոնը, պաշտոնական կայքում ներկայացվում է որպես ռուսական «Ստրոյսպեցմոնտաժ» ընկերության հայաստանյան նախաձեռնություն։ Պարզ էր, որ Փառանձեմ Հանեսյանը «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերությունից Քոչարի շենքը ձեռք է բերել բիզնես կենտրոն դարձնելու նպատակով, սակայն ավելի ուշագրավ էր կադաստրից ձեռք բերած ևս մեկ փաստաթուղթ, որում երևում էր, թե ով է եղել «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ներկայացուցիչը վաճառքի ժամանակ։

«Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերության անունից, Սեյշելյան Հանրապետության նոտարի ստորագրած լիազորագրով հանդես է եկել Արթուր Գուրգենի Ենգիբարյանը: Ինչպես ցույց տվեցին հետագա ուսումնասիրությունները, օֆշորային գործակալների ներկայացուցիչ Արթուր Ենգիբարյանը գնորդի՝ Փառանձեմ Հանեսյանի բարեկամն է (ներքևի գրաֆիկում տես նրանց բարեկամական կապը), ինչը նշանակում էր, որ «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերության հետևում ի սկզբանե գործել է այս ընտանիքը: 

Նրանք իսկապես «հարմար» գնով են ձեռք բերել Քոչարի 4 շենքի՝ բանկում գրավադրած հատվածը: Այդ գույքի գնահատված արժեքը բանկում եղել է մոտ 1 մլրդ 442 մլն դրամ, և «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերությանը վաճառվել է 1 մլրդ դրամով: «Լիմասսոլ»-ի ներկայացուցիչ Արթուր Ենգիբարյանը բարեկամուհուն՝ Փառանձեմ Հանեսյանին, գույքը վերավաճառել է դարձյալ 1 մլրդ դրամով, և ստացվում է, որ գույքն ի վերջո այս ընտանիքին է հասել բանկում գնահատված արժեքից 442 միլիոն դրամ (մոտ 1 միլիոն դոլար (հաշվարկված է ԱՄՆ դոլարի 2012թ․ փոխարժեքի միջին գնով, երբ իրականացվել է գործարքը)) էժան գնով: 

Ովքեր են նրանք

Արդեն նշեցինք, որ «Բարեկամություն» բիզնես կենտրոնը ներկայացվում է որպես Ռուսաստանում խոշոր կառուցապատող «Ստրոյսպեցմոնտաժ» ընկերության նախաձեռնություն, որը 2015թ. սկսել է ներդրումներ կատարել Հայաստանի անշարժ գույքի շուկայում: Այն տարում, երբ ռուսական ընկերությունը սկսել է ներդրումներ կատարել, Հայաստանի պետռեգիստրում գրանցվել է մեկ այլ ընկերություն՝ «Կապիտալ կոմպլեսք գրուպ» անունով, որն էլ իր պաշտոնական կայքում ներկայանում է որպես «Ստրոյսպեցմոնտաժ» ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում:

Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի համաձայն՝ «Կապիտալ կոմպլեսք գրուպ»-ի միակ բաժնետերը Յուրի Վաղինակի Աբելյանն է: 

Աբելյանի հոր՝ Վաղինակ Աբելյանի անունը մամուլում սկսեց շրջանառվել, երբ Լենինգրադյան փողոցի և Նոյ թաղամասի միջև ընկած տարածքում ոչնչացվեցին Դալմայի այգիները՝ հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: 2011թ. այգետերերը բողոքում էին և փոխհատուցում պահանջում, և այդ ժամանակ, որպես համալիրի սեփականատեր, ներկայացել է Վաղինակ Աբելյանը:

Հայաստանյան «Պառեքս-գազ», «Էյչ Բի Քնսթրաքշն», «Հով-Գրիգ» ՍՊԸ-ները, որոնցում կա Վաղինակ Աբելյանի անունը, պարբերաբար մասնակցել են պետական գնումներին, ընդ որում՝ յուրօրինակ սխեմայով. դրանք հայտ են ներկայացրել միևնույն մրցույթում՝ տարբեր գնային առաջարկներով՝ առավելագույնի հասցնելով հաղթելու հավանականությունը: Այդպես, ընկերություններից «Էյչ Բի Քնսթրաքշն»-ը շուրջ 250 միլիոն դրամով շահել է Ճամբարակի առողջության կենտրոնի ուժեղացման և հիմնանորոգման աշխատանքները: Ընկերություններից առաջինի գործունությունը, ըստ ՊԵԿ-ի, ժամանակավոր դադարեցված է, իսկ մյուս երկուսը ճանաչվել են սնանկ: 

Վաղինակ Աբելյանի փեսաներից մեկը (աղջկա ամուսինը) Արթուր Ենգիբարյանն է, ով ներկայացրել է «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերությունը վաճառքի պահին: Մյուս փեսան էլ Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում հայտնի գործարար, եկեղեցական խորհրդի նախագահ Ռազմիկ Բլիկյանն է, ում նախաձեռնությամբ Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում նաև հայկական եկեղեցի է կառուցվել:

Սխեմայի առաջին հատվածում՝  բանկից գույքի օտարումը և վերավաճառքը Փառանձեմ Հանեսյանին, երկրորդ հավտածում՝ Փառանձեմ Հանեսյանի և «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերության ներկայացուցիչ Արթուր Ենգիբարյանի բարեկամական կապը

Բլիկյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշում է, որ «Բարեկամություն» բիզնես կենտրոնը իրենց միակ ծրագիրը չէ Հայաստանում, և այստեղ բիզնես անելու խոչընդոտներ չի տեսնում: «Կարծում եմ, որ Երեւանում շատ հարմար է աշխատել, իսկ քաղաքային իշխանությունները նույնպես նպաստում են բիզնեսին նաև նրանց համար, ովքեր սփյուռքից են»,- ասել է Ռ․ Բլիկյանը: Ռազմիկ Բլիկյանը Փառանձեմ Հանեսյանի մորեղբայրն է։

«Բարեկամություն» բիզնես կենտրոնի նկարագիրը, աղբյուրը՝ ccgroup.am

Բիզնես կենտրոնի նախագիծը, աղբյուրը՝ ccgroup.am

Կենտրոնի ներկայիս տեսքը․ թեև արդեն վարձով են տրվում գրասենյակային տարածքներ, սակայն տարածքում դեռևս շինարարություն է ընթանում

Յուրի Աբելյանը և նրա կապը ԴԱՀԿ-ի հետ

Դժվար է ասել, թե հատկապես ում նկատի ուներ Ռազմիկ Բլիկյանը` քաղաքային իշխանություններ ասելով, և ով է աջակցել նրանց քաղաքի բանուկ հատվածներից մեկում բարձրահարկ բիզնես կենտրոն հիմնել, սակայն այն ժամանակ, երբ «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերությունը ձեռք է բերել «Ամերիաբանկ»-ում գրավադրած Քոչարի 4/9 մասնաշենքը, նրա աներձագը՝ Յուրի Աբելյանը, ըստ իր ֆեյսբուքյան էջի, աշխատելիս է եղել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում։

Յուրի Աբելյանը, ֆեյսբուքյան հանրային տվյալ է դարձրել իր նախկին աշխատավայրը և այն, որ այնտեղ աշխատել է 2012-2014թթ.:

Նա իր ֆեյսբուքյան էջում ակտիվ տարածում է «Քեթրին բարեգործական կազմակերպության» գրառումները, որ պատկանում է ԴԱՀԿ-ի նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին: Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը հանրապետության գլխավոր հարկադիր կատարողն է եղել 2008-2016թթ.: Յուրի Աբելյանից մեր ունեցած միակ կոնտակտային տվյալը նրա ֆեյսբուքյան էջն է, որտեղ էլ նամակի միջոցով փորձեցինք ճշտել, թե հատկապես ինչ պաշտոն է զբաղեցրել ԴԱՀԿ-ում. նամակն առայժմ անպատասխան է: Հարցրել էինք նաև, թե ովքեր են «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ի իրական հիմնադիրները կամ ինչպես ընկերությունը իմացավ, որ բանկը գույք է հանում վաճառքի:

Դեռևս 2015թ․ «Ամերիաբանկ»-ի մեր աղբյուրը հայտնել է, որ Փայլակ Հայրապետյանի՝ Քոչարի 4 շենքում գտնվող տարածքը ձեռք է բերել ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը։ Այն ժամանակ, սակայն, դա հաստատող որեւէ փաստ չկարողացանք ձեռք բերել եւ տեղեկությունը չհրապարակեցինք։ 

Յուրի Աբելյանի ֆեյսբուքյան գրառումներից երևում է, որ նա մտերիմ է Միհրան Պողոսյանի հետ և կարող է լինել նրա հովանավորյալը:

«Կապիտալ կոմպլեքս գրուպ»-ը, որի միակ բաժնետերն է Յուրի Աբելյանը, պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ընկերության նախագծերից է ոչ միայն «Բարեկամություն» բիզնես կենտրոնը, այլ նաև Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գ1 թաղամասում՝ Աշտարակի մայրուղու մերձակայքում գտնվող «Իմ քաղաքը» համալիրը և 14 հարկից բաղկացած «Նոյ» բազմաֆունկցիոնալ բնակելի շինությունը՝ տեղակայված Լենինգրադյան և Նոյ թաղամասի միջանկյալ հատվածում:

«Իմ քաղաքը» համալիրի նախագիծը և շինությունները, լուսանկարները՝ «Կապիտալ կոմպլեքս գրուպ» ընկերության կայքի և ֆբ էջի

«Նոյ» բազմաֆունկցիոնալ բնակելի շինությունների նախագիծը, լուսանկարը՝ pages.am

Պետությունը Յուրի Աբելյանից տարեկան 15 միլիոնով վարձակալում է տարածքներ

«Ամերիաբանկում» գրավադրած գույքը, որը ձեռնտու աճուրդի միջոցով վաճառվել է փաստորեն այս ընտանիքին, բավարար չէր «Բարեկամություն» բիզնես կենտրոնի կառուցման համար: Շենքում, որտեղ այսօր կենտրոնն է, կար պետությանը պատկանող տարածք՝ շուրջ 500 քառակուսի մետր մակերեսով: Աբելյանը 2015թ. սեփականաշնորհել է նշված տարածքը: 

Այդ տարի կառավարություն գույքի փոխանակման նախագիծ է ներկայացվում, որի հեղինակը քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն էր: Նա ասում է, որ քննչական կոմիտեի Մամիկոնյանց փողոցի 46/5 հասցեի տարածքի կողքին կա քաղաքացու պատկանող մասնավոր հատված, որը պետք է սեփականաշնորհել կոմիտեի բնականոն աշխատանքը ապահովելու համար: Նախագծում ասվում էր, որ նշված տարածքների սեփականատերը Յուրի Աբելյանն է: Աղվան Հովսեփյանն առաջարկում է փոխանակել Յուրի Աբելյանի տարածքը Քոչարի 4 շենքի չմասնավորեցված հատվածների հետ:

Կառավարությունը քննչական կոմիտեի նախագիծն ընդունում է և Յուրի Աբելյանին առաջարկում Հրաչյա Քոչարի 4 շենքի պետության պատկանող հետևյալ հատվածները՝ 4/5 հասցեի 245.9 քառ. մետր մակերեսով տարածքը, 4/6 հասցեում գտնվող՝ 12 քառ. մետր մակերեսով տարածքը, 4 շենքի 3 շինության 36.2 քառ. մետր մակերեսով տարածքը և 4 շենքի 2 շինության 250.8 քառ. մետր մակերեսով տարածքը, ինչպես նաև դրանց զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը:

Քոչարի 4 շենքի նշված տարածքներն այդ ժամանակ զբաղեցնում էր Միգրացիոն պետական ծառայությունը, որը գործարքի արդյունքում փաստորեն «դրսում մնաց»: Ծառայության աշխատանքը ապահովելու նպատակով կառավարությունն ամեն տարի վարձակալում է Յուրի Աբելյանի հետ փոխանակած տարածքները: 2017թ. նույնպես՝ մարտ ամսին, շուրջ 15 միլիոն դրամով, միգրացիոն ծառայության համար վարձակալվեցին Յուրի Աբելյանին պատկանող տարածքները: Ստացվում է՝ պետությունն այժմ ստիպված է վարձակալել այն տարածքները, որն իրեն էր պատկանում: 

Ով է վերադարձնելու 166 միլիոն դրամը

Հայտնի չէ, թե ինչով կավարտվի ՊԵԿ-ի՝ «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերության դեմ հարուցած քրեական գործը, որը առիթ դարձավ ուսումնասիրելու օֆշորային գործակալների հիմնած ընկերության կապերը Հայաստանում: 

«Հետք»-ը օրեր առաջ երկրորդ հարցումն ուղարկեց պետական եկամուտների կոմիտեին՝ պարզելու համար, թե ինչ փուլում է քրեական գործը և ովքեր են հարցաքննվել գործի շրջանակներում: Նշենք, որ նախաքննությունից արդեն ամսիներ են անցել: ՊԵԿ-ն այսօր տեղեկացրեց, որ գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում և հայցվող տեղեկությունները ենթակա չեն հրապարակման։

առաջին լուսանկարում (ձախից)՝ Վաղինակ Աբելյանը և Միհրան Պողոսյանը 


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։