Շաբաթ, 22 սեպտեմբերի

Գյուղապետ Գառնիկ Հովսեփյանի ասելով` դսեղցիները չեն ուզում զբաղվել հողագործությամբ. ծաղկաբույծ Մովսես Մուրադյանը պնդում է հակառակը



Դսեղցի 24-ամյա Մովսես Մուրադյանը երեք տարի է` զբաղվում է ծաղկաբուծությամբ: Մովսեսը Դսեղի «Երգեն հողեր» հանդամասի սեփական 5000քմ վարելահողի վրա ուզում է ընդլայնել իր գործը: Մովսեսի հոր՝ Բաբկեն Մուրադյանի  խոսքով` դսեղցիները գյուղի 667 հա վարելահողերը չեն մշակվում՝ ոռոգման ջուր և գյուղտեխնիկա չունենալու պատճառով: Դսեղ մտնող գլխավոր ճանապարհի «Վերին ղռեր» և ճանապարհից ներքև գտնվող «Երգեն հողեր» հանդամասերի որակյալ վարելահողերը դսեղցիներն օգտագործում են որպես խոտհարքի և անասունների արոտատեղի: Բաբկենն ասում է, որ  ժամանակին կառավարությունը մոտ 1 մլն դոլար է ծախսել Դսեղի ոռոգման ջրագծերի կառուցման համար, սակայն գյուղն այսօր ոռոգման ջուր և ներքին ցանց չունի:

Երգեն հողեր հանդամասը

«Մեր գեղապետ Գառնիկ Հովսեփյանը գյուղացիների հետ ոչինչ չի խոսում հողը մշակելու մասին: Դսեղում հողը մշակելը այլևս ոչ մեկին չի հետաքրքրում»,- ասում է Բաբկենը: Նրա որդին՝ Մովսես Մուրադյանը, գյուղապետից պահանջում է լուծել ոռոգման ջրի խնդիրը, արգելել որակյալ, անցանկապատ վարելահողերում անասունների արածելը, որպեսզի ինքը և մյուս գյուղացիները կարողանան մշակել իրենց հողերը:

Հայր եւ որդիներ Մուրադյաններ

Զինծառայությունն ավարտելուց հետո Մովսեսն իրենց տնամերձի 500քմ-ի վրա վարդ աճեցնելու համար երկու ջերմոց է կառուցել: «Ապրելու ուրիշ տարբերակ չունեինք: Մենք պետք է մի միջոց գտնեինք, որ աշխատեինք ու ապրեինք: Այդ պատճառով ռիսկի դիմեցի, ուրիշի մոտ աշխատելու փոխարեն որոշեցի իմ գործը սկսել»,-ասաց նա: Մովսեսը ծաղկաբուծությամբ սկսել է զբաղվել Տաշիրի Միխայլովկա գյուղում բնակվող մորեղբոր խորհրդով: Մորեղբորից տեղեկացել է, որ ծաղկաբուծությունը եկամտաբեր գործ է և մեծ ներդրումներ չի պահանջում: Գործը սկսելու համար երիտասարդ հողագործը 2016թ. աշնանը «Ինեկոբանկ» -ից 3մլն դրամ վարկ է վերցրել և ջերմոց կառուցել, որտեղ վարդի 4000 թուփ է տնկել: Առաջին եկամուտը ստացել է 2017թ. ապրիլին: Ասում է` վարկը դեռ ամբողջությամբ չի մարել, վերջնաժամկետը 2018թ. դեկտեմբերն է:  

«Ճիշտ է, շատ ենք չարչարվում, բայց դե եկամուտ ստանում ենք: Եկամտի մի մասով մեր ընտանիքն է ապրում, մնացածով էլ փակում եմ վարկը: Վարկից 1,3 մլն դրամն արդեն մարել եմ»,- պատմեց նա:

Գործն ընդլայնելու համար Մովսեսը 2017թ. աշնանը Դսեղի գյուղամիջում վարձակալությամբ, փորձնական ծաղկի խանութ է բացել: Հետո Երևանի ծաղիկների մեծածախ բազաներից տարբեր տեսակի ծաղիկներ է բերել և խանութում իր վարդերի հետ վաճառել: Մինչև այս տարվա ապրիլի կեսը ծաղկի խանութն աշխատել է: Մովսեսի ասելով` սկզբում նպատակ ուներ ծաղիկների վաճառքը որպես բիզնես գրանցել, բայց երկու ամիս աշխատելուց հետո խանութի եկամուտը նվազել է: «Շոգ եղանակ էր, ծաղիկը շուտ էր փչանում»,- բացատրեց նա:

Մովսեսն իր մշակած վարդի պահանջարկից չդժգոհեց, թեև, իր ասելով, երբ դրսի վարդը դուրս է գալիս, իր վարդերի գինը նվազում է: Պատմեց, որ մեր այցելության օրը Օձունի ծաղկի խանութներին վարդ է վաճառել՝ մեկ վարդի միջին գինը 120 դրամով: Այս տարի Մովսեսը կրկին վարկով երկրորդ ջերմոցն է կառուցել: Ասում է՝ 3000 վարդի թուփ էլ նոր կառուցած ջերմոցում է տնկել: Հիմա նա արդեն 500քմ-ի վրա վարդի 7000 թուփ ունի, 5 մլն դրամ էլ` վարկ: «Առաջին ջերմոցով կփորձեմ վարկերը փակել, մի կերպ կապրենք,  մինչև 2-րդ ջերմոցը կկայանա, մի եկամուտ էլ ինձ կմնա։ Նախորդ տարի չկարողացա իմ ջերմոցի ծաղիկների հիվանդության դեմն առնել, երևի մի կես մլն դրամի ծաղիկ եմ թափել: Ուրիշից պարտք եմ վերցրել, մի կերպ վարկերը փակել: Իմ դժվարությունները ես եմ լուծում: Բայց ես լավատես մարդ եմ, եթե լավատես չլինեի, այս գործը չէի սկսի»,- ասաց նա:

Մովսեսն ասում է, որ բանկերը պետք է տրամադրեն ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկեր, որ ձեռնտու լինի գյուղատնտեսությամբ զբաղվելը: «Բանկերը չափազանց բարձր տոկոսադրույքներով  են մեզ վարկ տրամադրում, մենք էլ էդ տոկոսադրույքով վարկը վերցնում ենք, կարողանում ենք մի կերպ գոյատևել»,- բացատրեց նա: Իր վարդերը Մովսեսն առաքում է նաև Ալավերդու և Վանաձորի ծաղկի շուկաներ: Ասում է` իր գործը բիզնես կհամարվի, եթե կարողանա 1000 քմ տարածքով ջերմոց ստեղծել: Սակայն, երիտասարդ հողագործը գործն ընդլայնելու համար սեփական հողատարածք չունի:

Գառնիկ Հովսեփյան

Գյուղի պահուստային հողերից որդուն հող տրամադրելու` Բաբկենի բանավոր խնդրանքին գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը պատասխանել է, թե ուշացել եք, պահուստային հողերն արդեն ուրիշներին է տրամադրված: «Էդ պահուստային հողերը էնենց մարդկանց ձեռքին է, ովքեր գյուղում չեն էլ ապրում»,- պատմեց Բաբկենը:

Մովսեսն ուզում է ամեն կերպ ընդլայնել իր գործը եւ մշակել «Երգեն հողեր» հանդամասի իրենց 5000քմ վարելահողը, որն այս պահին, ինչպես գյուղի մնացած վարելահողերը, անջրդի է:  

 

Գյուղի 667 հա վարելահողերում ոռոգման ջրի բացակայության մասին մեր հարցին համայնքապետ Գառնիկ Հովսեփյանը հարցով պատասխանեց. «Ուզում եմ իմանալ` մեր գեղըմը էդ ո՞վ է Ձեզ էդ լուրերը հաղորդում, էլի»:  

Գ. Հովսեփյանին բացատրեցի, որ զրուցել եմ Մովսես Մուրադյանի հետ, որն էլ պատմել է Դսեղում հողագործությամբ զբաղվելու դժվարությունների մասին: Մովսեսին հրավիրեցին գյուղապետարան:

Մինչ նրա գալը գյուղապետը հիշեց, որ տարիներ առաջ 1մլն դոլար է ծախսվել խմելու և ոռոգման  ջրագծերի կառուցման համար: Ասաց` անկախության տարիներին փոխվել է Դսեղի տնտեսության ուղղվածությունը, դսեղցիները չեն ուզում զբաղվել հողագործությամբ: Գյուղացիներին ձեռնտու է անասնապահությունը: «Մեր խմելու ջրի նախկին ջրագիծը էս պահին կարող ենք օգտագործել ոռոգման նպատակով, որով մի 80 տոկոսով կջրվեն բնակչության տնամերձերը: 667 հա մեր վարելահողերից 200 հա-ի ոռոգման համար կարող ենք անձրևացումով ջուր տալ, բայց նախ` գյուղում 200 հա վարելահող չի մշակվում, բացի այդ` անձրևացումով ոռոգումն արդյունավետ չէ»,- ասաց նա:

Գյուղացիները նաեւ բողոքում են, որ այդ վարելահողերը դարձել են արտավայրեր կովերի եւ ձիերի համար։ «Մենք ավագանու որոշմամբ ամեն տարի մայիսի 1-ից արգելում ենք անասունների մուտքը այդ տարածք»,-ասաց գյուղապետը: Նշեց, որ Դսեղում ձիերը շատացել են` 300 գլուխ ձի կա գյուղում:  

Շուտով գյուղապետարան եկավ Մովսեսը:

«Քու պահանջն ի՞նչն ա, որ մեզ բրախել ես, գնացել ես լրագրողին դիմել, որ քեզ համար ջուր բերի: Ջուր ես ուզու՞մ»,- Մովսեսին դիմեց Գ. Հովսեփյանը:

«Ես լրագրողին չեմ դիմել, նա իմ գործից հարցրել է, ես էլ ներկայացրել եմ իմ դժվարությունները: Հայտնել եմ նաև, որ մեր ընտանիքի վարելահողերի տարածքում ուրիշի անասուններն են արածում, գնամ ու՞մ անասունի հետևից ման գամ, որ իմ ցանքսը չփչացնի»,- բացատրեց Մովսեսը:

«Բա քու սեփականությունն է, ե՞ս տեմ քո հող մտնող անասունի եդնա վազի»,- Մովսեսին ընդհատեց գյուղապետի տեղակալ Արա Արզումանյանը:

«Հլա մի հատ ինձ նայի, ջու՞ր ես ուզում»,- կրկնեց գյուղապետը:

«Հա»,- պատասխանեց Մովսեսը:

«Որ օրը հողը մշակես, ջուրը կբերեմ կողքիդ կդնեմ: Կասեմ` ակոսային եղանակով ջուրը տար»,- ասաց Գառնիկ Հովսեփյանը:

Մովսեսը թերահավատորեն նայեց գյուղապետին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ