HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրակացարանի սեփականատերը բարձրացրել է կոմունալ վճարումների չափը, փախստականները հրաժարվում են վճարելուց

64 փախստական ընտանիք (120 մարդ) ապրում է Նորք-Մարաշ համայնքում գործող «Նաիրի» հյուրանոցին անմիջապես կից հանրակացարանի շենքում, 12-15 քմ տարածք զբաղեցնող սենյակներում: Այդ ընտանիքներն Արմենակյան 121/7 հասցեում տեղավորվել են սումգայիթյան ջարդերի և Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանվելուց և Հայաստան տեղափոխվելուց ի վեր:

1-4 հոգանոց ընտանիքներն այդ սենյակներում ապրում են արդեն 30 տարի: 80 փախստական էլ մահացել է այս տարիներին: Կանայք երազում են խոհանոց ունենալու մասին:

Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին բնակարաններով ապահովելու համար պետությունը վերջին 10 տարում գումար չի հատկացրել: Եվ այսպիսի 900 ընտանիք դեռ սպասում է իր բնակարանին: 

Վերջերս էլ նոր անակնկալ է մատուցվել փախստականներին: Վերելակի պատին փակցվել է լուսանկարի հայտարարությունը (ստորև), որով բնակիչների կատարած նախկին 2000 դրամ վճարումներն ավելացել են և դարձել 3000 դրամ:

Բնակիչներն իրենց բողոքներով եկել էին «Հետք»-ի խմբագրություն, իսկ փախստականների միջազգային օրը՝ նաև ՄԱԿ-ի գրասենյակի և կառավարության շենքի դիմաց ակցիաներ արեցին:

Փախստականների բողոքների մասին պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք Միգրացիայի պետական ծառայություն: Նորանշանակ պետ Արմեն Ղազարյանն առաջարկեց միասին այցելել նրանց և ծանոթանալ խնդիրներին, քանի որ ինքն էլ նշանակումից հետո դեռ չէր հասցրել այցելել փախստականներով բնակեցված այդ հանրակացարան: 

Մուտքի պահակն ու ադմինիստրատոր ներկայացող Դոնարան միանգամից մեզ ուղղորդեցին տնօրենի սենյակ: Տնօրեն Հովհաննես Սիմոնյանը ներկայացրեց իրավիճակը՝ միաժամանակ շեշտելով, որ կոմունալ սպասարկման գումարները հազիվ են բավարարում վերելակի, ընդհանուր լուսավորության, ջրամատակարարման և աղբահանության համար, ինչի հետևանքով էլ իրենք հունիսից բարձրացրել են դրա դիմաց գանձվող գումարի չափը:

Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը, պարզվում է, ամեն տարի գումար է հատկացնում «Հայաստանում զարգացման հիմնադրամ»-ին «Նաիրի» հյուրանոցում ապաստանած փախստական ընտանիքների բնակության և պահպանության ծախսերի համար:

Այդ ծախսերը պետք է վերաբաշխվեն կառավարության 2002 թվականի N 691-Ն որոշման համաձայն:

Այդ որոշմամբ հաստատվել է ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին սպասարկող անձնակազմի թվի ու աշխատավարձի չափերի որոշման նորմաները և նորմատիվները: Բացի դրանից՝ հաստատվել են ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին սպասարկող անձնակազմին անհրաժեշտ գույքի, գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերի, փախստականների կողմից ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ու ջրմուղ-կոյուղու վճարի նորմաները և նորմատիվները:

Ուսումնասիրելով հիմնադրամի 2011-2017 թվականի հաշվետվությունները՝ պարզ է դառնում, որ պետական բյուջեից այս տարիներին հիմնադրամին փոխանցվել է 42, 4 մլն դրամ: Բաշխումը ըստ տարեթվերի՝ ստորև աղյուսակում:

ՏԿԶՆ-ի Միգրացիոն պետական ծառայության հաշվապահության աշխատակիցները տեղեկացրին, որ, հիմնադրամի հայտերի համաձայն, փոխանցված 5,05 մլն դրամից 4,8 մլն դրամը հիմնադրամն ուղղել է 5 աշխատակիցների աշխատավարձերին, մնացածը՝ կոմունալ վճարումներին:

Հանրակացարանի հաշվապահ Անահիտ Խաչատրյանը նշեց, որ սուբսիդիայի պայմանագրով տրամադրված գումարը բավարարում է միայն 5 հոգանոց սպասարկող անձնակազմի աշխատավարձերին՝ 3 պահակին, մաքրուհուն և էլեկտրիկին: Եթե անձնակազմի աշխատավարձերից բացի` գումարի ավելացում է լինում, հատկացնում են նաև կոմունալ վճարներին:

Տնօրեն Հովհաննես Սիմոնյանը պատմեց, որ 50 տարի առաջ կառուցված շենքում արդեն 30 տարի փախստականներ են ապրում: Շենքը դժվար է պահել, 50 տարվա վերելակների պահպանման համար մեծ ծախսեր են պահանջվում:

Սակայն, իրենք ունեն այլ սենյակներ, որոնք 20-30 հազար դրամ վարձակալությամբ տրամադրված են այլ ընտանիքների, ուսանողների և անհատների: Վարձակալությունից ստացած եկամտից էլ են ներդնում այդ ծախսերը հոգալու համար:

«Հիմա զրուցեք բնակիչների հետ, ասեն՝ եղե՞լ է, որ 5 րոպե լիֆտ չեն ունեցել: Վարպետ ենք պահում, մասերն ենք առնում, հին լիֆտեր են, մեծահասակ կանայք են, երեխաներ են, անընդհատ աշխատեցնում են»,- արդարացավ Հովհաննես Սիմոնյանը:

3000 դրամ գանձելու տրամաբանությունը տնօրեն Սիմոնյանը բացատրեց վերելակի, ջրի արժեքի (որը բնակիչներին մատակարարվում է էլեկտրաէներգիայով աշխատող պոմպերով), աղբահանության և շենքի լուսավորության համադրությամբ: 

«Որ հին շենք է, մեզ ծախս շատ է բան անում՝ էդ խողովակներն են, էլ կաբելներն են, հազար ու մի պրոբլեմ կա: Եթե էդ հարցերը չլինեն, մենք հազիվ հազ յոլա ենք գնում: Դրա համար առաջ 2000 էինք վերցնում, հիմա 3000 ենք դարձրել, որ մի քիչ տեղավորվենք»,- հավելեց հաշվապահ Խաչատրյանը:

Տնօրենի հետ զրույցից անմիջապես հետո այցելեցինք փախստականների սենյակներ: Առաջին պատահած բնակարանը, որի դուռը ծեծեցինք ու մտանք, 8-րդ հարկի բնակիչներից տիկին Էռնայի սենյակն էր:  

Վերջինս պատմեց, որ նախկինում յուրաքանչյուր անձի համար գանձվում էր 2000 դրամ, որից 1200-ը` ջրի, իսկ 800-ը՝ վերելակի և աղբահանության համար: Ընդ որում՝ օրական 2 ժամ է ջուրը տրամադրվում, իսկ վերին հարկերում այդ ընթացքում հաճախ կաթիլներ են բարձրանում: Այժմ նրանց ասում են, որ պետք է 3000 դրամ վճարել, որից 2200-ը` ջրի, 800-ը՝ վերելակի և աղբահանության համար: Փախստականները վճարում են էլեկտրաէներգիայի դիմաց համաձայն հաշվիչների ցուցմունքների, սակայն ջրաչափեր տեղադրված չեն: 

Հանրակացարանի բնակիչները զրույցների ընթացքում նշեցին, որ այս ամենը կատարվել է Միգրացիոն պետական ծառայության նախկին պետ Գագիկ Եգանյանի թողտվությամբ, քանի որ նա Հովհաննես Սիմոնյանի խնամին է: Այսինքն՝ Հովհաննես Սիմոնյանի դուստրը Եգանյանների հարսն է:

Քիչ անց արդեն բնակիչները տեղյակ էին Միգրացիոն պետական ծառայության նոր պետի այցելության մասին և հերթով նրան հրավիրում էին իրենց սենյակ՝ ցույց տալու այն պայմանները, որոնցում ապրում են արդեն 30 տարի: Նրանք ակնկալում էին, որ նոր պետն, ի վերջո, կկարողանա լուծել իրենց բնակարանային խնդիրը:

Բնակիչներից Ռիտա Ստեփանյանը դստեր հետ է ապրում: Ասում է՝ 6000 դրամը չափազանց բարձր գումար է կոմունալ այդ հատվածի վարձավճարների, հատկապես օրական 2 ժամ հոսող, երբեմն էլ` չհոսող ջրի համար: Փախստական ընտանիքները համարում են, որ այդ պարագայում, օրինակ, 4 հոգանոց ընտանիքը պետք է վճարի 12 000 դրամ, որից միայն ջրի համար՝ 8800 դրամ: Բնակիչը համոզված է, որ նույնիսկ բազմանդամ ընտանիքներն այդքան չեն վճարում շուրջօրյա ջրամատակարարման դեպքում:

Տիկին Լաուրան կարուձևով է իր հացը հայթայթում: Բնակարանի մեջտեղի հատվածն իր աշխատանքի պարագաներին տրամադրելու պատճառով խոհանոցային պարագաները հայտնվել են զուգարանում: Այդ պայմաններում էլ ճաշ է եփում և ամանները լվանում:

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասում է, որ «Նաիրի» հանրակացարանը միակն է իր տեսակով, որ սեփականաշնորհված տարածքում ապաստան է տվել փախստականներին և պետությունից վնասի փոխհատուցում է ստանում: Ծառայության հաշվապահության աշխատակիցներն էլ հաստատեցին, որ հանրակացարանի ծախսերը վերահսկելու և դրանց հիմնավորվածությունը ստուգելու լիազորություններ իրենք չունեն: 

Արմենակյան 121/7 հասցեն, որտեղ «Նաիրի» հյուրանոցն է և փախստականների հանրակացարանը, երկու սեփականատեր ունի: Համաձայն ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից մեր ձեռք բերած փաստաթղթի՝ սեփականատերերն են «Նաիրի» բիզնես տուր ՍՊԸ-ն և «Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամ» ՀՄԴ-ն: Փախստականների մասնաշենքի սեփականատերը «Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամ»-ն է, որն էլ «Նաիրի»-ի մասնաշենքը վաճառել է «Նաիրի» բիզնես տուր ՍՊԸ-ին և առ այսօր չի կարողանում ստանալ իր գումարների մի մասը, ինչի վերաբերյալ էլ դատական գործ է ընթանում:

«Նաիրի» բիզնես տուր» ՍՊԸ-ն պատկանում է Հակոբ Հովհաննեսի Սիմոնյանին, այսինքն՝ հանրակացարանի տնօրեն Հովհաննես Սիմոնյանի որդուն: Վերջինս Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնականն էր, որի նկատմամբ 2008-ին քրեական գործ է հարուցվել կաշառք ստանալու հոդվածով: Դատախազության մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ քրեական գործը կարճվել է, իսկ Հակոբ Սիմոնյանն աշխատանքից ազատվել է, վաղուց համակարգում չէ՝ ո´չ որպես դատախազ, ո´չ էլ որպես դատախազության աշխատակից:

«Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամ»-ը, որին պատկանում է հանրակացարանի մասնաշենքը, հիմնադրել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան:

Հիմնադրամի տնօրեն Խաչիկ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ջրի և կոմունալ այլ վճարների համար պետությունը գումար չի տրամադրում: Նա ցույց տվեց Միգրացիոն պետական ծառայության հետ կնքած Սուբսիդիայի պայմանագիրը, որով սահմանվում են իրենց պարտավորությունները, դրանք են՝

  • կացարանում բնակվող փախստական ընտանիքների և թվաքանակի հաշվառում, 
  • բնակիչներին անհրաժեշտ տեղեկանքի հատկացում,
  • կացարանի ջրամատակարարման և ջրահեռացման, կոյուղու համակարգի անխափան գործունեության կազմակերպման,
  • հանրակացարանային մասնաշենքի միջանցքների, ընդհանուր օգտագործման, սանհանգույցների, աստիճանավանդակների և միջանցքների պահպանման,
  • հետևելու մասնաշենքի կոմունալ սպասարկման ծառայությունների ժամանակին կատարմանը,
  • հետևելու մասնաշենքում սանիտարահիգիենիկ կաննոների պահպանմանը,
  • կացարանում ներքին կարգուկանոնի ապահովման,
  • օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացմանը:

Երկրորդ կետում հստակ նշված է, որ կացարանի ջրամատակարարումը կազմակերպելն էլ է իրենց պարտավորությունը:

«Ջրամատակարարման հիմնական հարցերը, որ լուծվում է, մենք ենք անում: Անցյալ տարի 600 հազար դրամ տրամադրել ենք, որ խողովակների մի մասը փոխվի: Ջրամատակարարման, ոչ թե ջրի օգտագործման համար»,- այս կերպ հիմնավորեց Խաչիկ Հովհաննիսյանը:

Սոֆյա Կարակովան, որդին և 14-ամյա թոռնիկը քնում են սենյակի բացվող բազմոցին, որովհետև առանձին մահճակալների համար սենյակում տեղ չկա: 

Խաչիկ Հովհաննիսյանը նաև ներկայացրեց Գագիկ Եգանյանին ուղղված իր` մեկամյա վաղեմություն ունեցող գրությունը, որով խնդրել է հնարավորություն և միջոցներ տրամադրել հանրակացարանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի, հոսանքագծերի, վերելակների, տանիքների հիմնանորոգման ծախսերի համար: Ի պատասխան՝ Եգանյանը հայտնել է, թե այդ ծախսերի համար պետական բյուջեով գումարներ նախատեսված չեն, այլ կառավարության որոշումներով փոխհատուցվում է այդ անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասը:

Խաչիկ Հովհաննիսյանի հետ հանդիպմանը եկել էր նաև հանրակացարանի տնօրեն Հովհաննես Սիմոնյանը: 3000 դրամ գանձումները նա բարեխիղճ է համարում: «Դեռ ավելի շատ պետք է գանձեինք, որովհետև ծախսերն ավելի շատ են»,- ասում է նա:

2 ժամում բնակիչներն անխնա են ջուրն օգտագործում և հաճախ անհարկի բաց թողնում ծորակները: Իսկ հիմնարկն այդքան գումար չունի ջրաչափեր տեղադրելու: Մինչ այժմ մեկ անձ է ինքնակամ տեղադրել: Հոսանքի և ջրի կորստի համար էլ հիմնարկն է վճարում: Այս տարիներին (30 տարվա մեջ) 25 մլն դրամի վնաս են կրել փախստականներին կացարան տրամադրելու հետևանքով, մինչդեռ կարող էին տարածքը հատկացնել տուրիստներին կամ վարձակալներին ու եկամուտ ստանալ: Դրա հետ մեկտեղ, հաճախ փախստականների հետ բնակվելու հանգամանքը «խրտնեցնում» է վարձակալներին, ինչի պատճառով բազմաթիվ սենյակներ դատարկ են մնում: Մինչդեռ հիմնադրամը տարեկան 1.2 մլն դրամ գույքահարկ է վճարում այդ շենքի համար: Խնդրել են գոնե գույքահարկից իրենց ազատել, սակայն կառավարությունը դա էլ է մերժել:

Տուրիզմի ոլորտում գործունեությունից որոշակի եկամուտ ստացող հիմնադրամը 12 անհատներից որևէ գանձում չի կատարում: Կոմունալ վճարումներ չեն գանձում նաև հոգեկան շեղումներ ունեցող անձանցից, որոնք ապրում են հանրակացարանում: Տնօրինությունը վստահ է, որ բողոքող բնակիչները 7-8 հոգի են, որոնք «դժգոհող խմբավորման» անդամներից են, իսկ մյուսները գոհ ու շնորհակալ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter