Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Աշոտ Օսիպյան. «Վերջին քաղաքական իրադարձությունները չեն ազդել բանկային համակարգի վրա»



Արարատբանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի  խոսքով՝ վերջին ամիսներին ու վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները չեն ազդել բանկային համակարգի վրա: Ապրիլ ամսին միայն ավանդների որոշակի նվազում է գրանցվել, ինչը մայիսից սկսեց վերականգնվել: «Հետքը» Ա. Օսիպյանի հետ զրուցել է բանկային համակարգի վրա քաղաքական նոր իրավիճակի ազդեցության ու ներկա մարտահրավերների մասին։

- Պարոն Օսիպյան, Հայաստանի քաղաքական նոր իրողությունը, վերջին օրերի ԱԱԾ աղմկահարույց բացահայտումները որևէ կերպ ազդե՞լ են բանկային համակարգի վրա։

- Ոչ, այս իրադարձությունները չեն ազդել բանկային համակարգի վրա, քանի որ այն մեր տնտեսության ամենականոնակարգված ու թափանցիկ ոլորտներից է: Իսկ ինչ վերաբերում է վերջին օրերի բացահայտումներին, ապա պետք է ասեմ, որ դրանք վերաբերում են այն մարդկանց, ովքեր այսպես ասած bankable չեն, այսինքն՝ բանկային համակարգի հետ չեն աշխատում, ուստի ազդեցություն էլ չէր կարող ունենալ:

- Քաղաքացիների մի մասը հեղափոխությունից հետո սպասում է, որ բանկերում վարկերի տոկոսադրույքները կտրուկ կնվազեն, իրենց տույժ, տուգանքները կհամաներվեն։ Մի մասն էլ նույնիսկ ակնկալում է, որ վարկերը կզրոյացվեն։ Արդյոք մեր բանկային համակարգն ունա՞կ է նման «ռոմանտիկ» փոփոխությունների։

- Կցանկանայի սկսել հարցի երկրորդ մասից: Վարկերը չեն կարող զրոյացվել, որովհետև բանկը, լինելով միջնորդ կազմակերպություն, ֆիզիկական, իրավաբանական  անձանցից ներգրավում է նրանց ժամանակավոր ազատ խնայողությունները և վարկի տեսքով ուղղում այն սուբյեկտներին, ովքեր ֆինանսական ռեսուրսների կարիք ունեն: Այսպիսով, ստացվում է, որ եթե վարկը չվերադարձվի, բանկը չի կարող կատարել իր պարտավորությունները ավանդատուների նկատմամբ: Արդյունքում կտուժեն մեր խնայողություն ունեցող քաղաքացիները և տնտեսվարողները:

Իսկ ինչ վերաբերում է տոկոսների նվազեցմանը, ապա բանկերն ամեն ինչ անում են բանկային գործունեության արդյունավետության բարձրացման հաշվին տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ: Անդրադառնալով տույժ-տուգանքներին՝ ասեմ, որ դրանց զիջումը նորություն չէ: Բանկային համակարգը միշտ էլ գնացել է զիջումների, թեև տույժերն ու տուգանքները ինքնանպատակ չեն և կիրառվում են վարկային կարգապահության պահպանման նպատակով:

Ուզում եմ ընգդծել, որ տույժ-տուգանքների զիջումը շատ նուրբ, անհատական գործընթաց է, և այս դեպքում պետք է պահպանվեն հստակ սկզբունքներ: Կարծում եմ, որ պետք է ամրագրել զիջման չափորոշիչները, այսինքն՝ հստակեցնել, թե որ վարկերի գծով են տուգանքները զիջվում, այնուհետև ապահովել առավելագույն թափանցիկություն և հավասարություն նույն տեսակի բոլոր վարկառուների համար: Իմ գնահատականով, կարևորն այն է, թե ինչի՞ արդյունքում են գոյացել այդ տույժ-տուգանքները, ինչու՞ վարկառուն չի կարողացել սպասարկել վարկը։ Մենք տեսնում ենք միայն հիվանդությունը` այն, որ վարկառուն չի կարողանում սպասարկել վարկը, մինչդեռ պետք է ախտորոշել և գտնել պատճառները: Խնդիրն ավելի գլոբալ է և կապված չէ միայն բանկային համակարգի հետ: Անհրաժեշտ է տնտեսությունում ստեղծել այնպիսի պայմաններ, որ վարկառուն կարողանա սպասարկել իր վարկը և ապահովի բիզնեսի զարգացումն ու իր բարեկեցությունը:

Կենտրոնական բանկի վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին մեկ տարվա կտրվածքով (2018թ. մայիսը 2017թ. նույն ամսվա համեմատ) բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված սպառողական վարկերի ծավալը 26%-ով աճել է։ Ըստ Ձեզ՝ ինչի՞ մասին է  վկայում այս ցուցանիշը։

- Իմ գնահատականով, դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է մարդկանց սպասումներով և վարկերի ավելի մատչելի լինելով։ Եթե նայենք վարկերի տոկոսադրույքները, ապա վերջին տարիներին զգալի նվազում է գրանցվել։ Եթե մարդը սպասումներ ունի, որ կարող է հետագայում մարել այդ վարկը, վերցնում է այն։

- Չե՞ք  կարծում, որ քաղաքացիների մի մասը ստիպված է վարկ վերցնել նախկինում վերցրած վարկերը մարելու համար։

- Այդպես կարող է լինել երկու պարագայում։ Առաջինը, երբ վարկառուին հասանելի է դառնում ավելի էժան վարկային ռեսուրս և, ըստ էության, իրականացվում է վարկի սպասարկման էժանացում: Երկրորդ դեպքում, երբ վարկառուն, չկարողանալով սահմանված ժամկետում մարել վարկը, վերցնում է նորը՝ այն փակելու համար: Այս դեպքում էլ տեղի է ունենում վարկի սպասարկման ժամկետի երկարաձգում:

- Կենտրոնական բանկի մեկ այլ վիճակագրություն ցույց է տալիս, որ այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, Հայաստանի բանկերում ավանդների ընդհանուր ծավալը կրճատվել է։ Մասնավորապես, մարտի վերջում ավանդների ծավալը կազմել է 2.643 տրլն դրամ, ապրիլին այն իջել է մինչև 2.539 տրլն դրամ։ Ապրիլին՝ «թավշյա հեղափոխության» իրադարձությունների ֆոնին, ավանդատուների վարքագիծը փոխվե՞լ է։

- Այո, այս պրոցեսների սկզբում մարդկանց մոտ որոշակի սպասումներ են ձևավորվել։ Դա նորմալ երևույթ է: Երբ փոփոխություններ են լինում քաղաքական կամ տնտեսական կյանքում, մարդիկ, ելնելով այդ զարգացումներից, որոշումներ են կայացնում։ Ապրիլին ավանդների արտահոսք, այո տեղի է ունեցել, որը հենց մարդկանց սպասումների արդյունքն է եղել: Այնուհետև մայիսին ավանդները նորից վերադարձրել են բանկեր։ Եվ, եթե նայում ենք մայիսի ցուցանիշները, ապա ավանդների ծավալը վերադարձել է մարտի մակարդակին։ Պետք է ասեմ, որ արտահոսքը կարող էր ավելի շատ լինել, եթե երկրի քաղաքական իշխանությունը ժամանակին ճիշտ որոշում չկայացներ:

- Վերջին երկու ամսում համառորեն շրջանառվում են լուրեր, որ քաղաքական իրադարձությունների ֆոնին հայաստանյան բանկային համակարգից մեծ ծավալի արտահոսք է տեղի ունեցել դեպի արտասահման։ Որքանո՞վ են այս լուրերը իրականությանը համապատասխանում։

- Բանկային համակարգից գումարների նման մեծ արտահոսք չի եղել և վստահեցնում եմ, որ դրանք մտացածին լուրեր էին։

- Նոր կառավարության հետ քննարկումներ ունեցե՞լ եք բանկային համակարգի դերի ու անելիքների վերաբերյալ։

- Քննարկումներ կառավարության հետ չենք ունեցել, բայց սպասում ենք։ Հուսով ենք՝ կառավարությունը բանկային համակարգի ներկայացուցիչների հետ կքննարկի երկրի տնտեսության հետագա զարգացման ռազմավարությունը և բանկերի դերն ու անելիքները այդ զարգացումներում:

- Որո՞նք են Հայաստանի բանկային համակարգի գլխավոր մարտահրավերներն այսօր։

- Մարտահրավերները շատ են, բայց ես կառանձնացնեմ երկուսը: Առաջինը կարգավորման մարտահրավերն է՝ Բազել III-ը, որը ենթադրում է նոր խստացված կանոններ բանկերի համար՝ գլխավորապես կապված կապիտալի և կապիտալի նոր անվտանգության բարձիկների ստեղծման, ինչպես նաև իրացվելիության կառավարման նոր համակարգերի ներդրման հետ:

Մյուս մարտահրավերը բանկային համակարգի ձևափոխումն է՝ հաշվի առնելով նոր թվային տեխնոլոգիաները: Բանկերը արդեն սկսել են կիրառել թվային համակարգեր, այսինքն՝ ճիշտ են ընդունում ֆինտեխի մարտահրավերները, սկսում են միաձուլվել ֆինտեխի հետ` օգտագործելով այդ գործիքները։ Նոր բանկինգը նոր բանկային փիլիսոփայություն է և բանկային նոր փոփոխություններ՝ հաշվի առնելով ֆինտեխի և սոցիալական ցանցերի դերի ավելացումը:

- Վերջին տարիներին Հայաստանի բանկերի շրջանում դիտվում է ռեբրենդինգի միտում։ Ամենաթարմ օրինակը Anelik Bank-ի պատմությունն է, որը վերանվանվեց IDBank-ի։ Սա ձեր նշած ավանդական բանկի և ֆինտեխի միաձուլման արդյու՞նքն է։

- Կարծում եմ, որ ռեբրենդինգը ֆինտեխի կիրառման պարտադիր պահանջ չէ: Ռեբրենդինգը կապված է այլ հանգամանքների հետ և այլ նպատակներ է հետապնդում: Դրանցից մեկը կազմակերպության նորովի ներկայանալն է իր հին և նոր հաճախորդներին:

- Իսկ կրիպտոարժույթների շուկան որևէ կատեգորիայում կարո՞ղ է մարտահրավեր լինել բանկային համակարգի համար։

- Ոչ, նման մարտահրավեր չկա։ Եվ ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում, քանի որ կրիպտոարժույթների հետ կապված երեք կարևորագույն խնդիր կա։ Առաջինը՝ մենք չգիտենք, թե ով է դրա թողարկողը, երկրորդը՝ չգիտենք թողարկման իրական ծավալը և երրորդը՝  ինչով  է այն ապահովված: Այդ իսկ պատճառով կրիպտոարժույթը արժույթ համարելը սխալ է, դա ուղղակի որոշակի ակտիվ է, ընդ որում` սպեկուլյատիվ: Բայց մեզ հետաքրքրում է կրիպտոարժույթների հիմքում դրված բլոկչեյնը և դրա կիրառումը բանկային գործառույթներում: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ