HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքապետարանը պայմանագրեր է կնքել Տարոն Մարգարյանի օգնականի ընկերության հետ

Երևանի քաղաքապետարանը տարիներ շարունակ ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնական Վահե Չիլինգարյանին պատկանող «Սուֆետ» ընկերության հետ։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Սուֆետ»-ը Վահե Չիլինգարյանը հիմնադրել է 2009 թվականի օգոստոսին։ Ընկերությունը գրանցված է Տավուշի մարզի Ջուջեվան գյուղում, որտեղ և հաշվառված է քաղաքապետի օգնականը։

Գնումների հաշվետվողականության armeps.am համակարգի տվյալներով՝ «Սուֆետ» ընկերությունը պետական մարմիններից ծառայություն է մատուցում միայն Երևանի քաղաքապետարանին՝ 2016 թվականից սկսած: Քաղաքապետի օգնականի ընկերությունը քաղաքապետարանին մատուցել է որակի և հեղինակային հսկողության ծառայություններ։

Ընկերությունը քաղաքապետարանի հետ վերջին պայմանագիրը կնքել է մայիսի 24-ին՝ պարտավորվելով կատարել «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Արգավանդի կամուրջ ճանապարհահատվածի բարեկարգման և դիզայներական ձևավորման հեղինակային հսկողություն։ Այս պայմանագրի համար քաղաքապետի օգնականի ընկերությանը փոխանցվել է 1․8 միլիոն դրամ։

2016 թվականին «Սուֆետ» ընկերությունը քաղաքային բյուջեից ստացել է մոտ 2 միլիոն 600 հազար դրամ՝ կնքելով 3 պայմանագիր։ Ընկերությանը մոտ 1,6 միլիոն դրամ փոխանցվել է Երևանի կենդանաբանական այգու տարածքում կենդանիների նոր կարանտինի կառուցման աշխատանքների հեղինակային հսկողության համար: Մեկ այլ՝ 311 հազար դրամ արժողությամբ պայմանագրով ընկերությունը Երևանի եզրաքարերի վերանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն է իրականացրել, իսկ 676 հազար դրամ պայմանագրով հսկել է Երևանի փողոցների մայթերի վերանորոգման աշխատանքների որակը։

Բացի այդ, «Սուֆետ» ընկերության հետ Երևանի քաղաքապետարանը 2017 թվականին երկու պայմանագիր է կնքել. մեկը եղել է հեղինակային հսկողության, մյուսը՝ որակի հսկողության ծառայության մատուցման համար։ Ընդհանուր առմամբ այդ պայմանագրերի արժեքը կազմել է 98 000 դրամ։

Լուսանկարում՝ Վահե Չիլինգարյանը / Facebook

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter